«Իմ լոտոն բռակ դուրս եկավ` չշահեց»
42-ամյա Նոնան դառնությամբ է հիշում սկեսուրի տանն ապրած ամեն րոպեն ու հատկապես այն օրը, երբ կեսգիշերին սկեսուրը նրան և 4 երեխաներին դուրս հանեց տնից։
«Հիմա, երբ հիշում եմ այդ տանն անցկացրած ամեն օրս, զարմանում եմ, թե ինչպես էի դիմանում: Սկեսուրս ամեն հարմար առիթն օգտագործում էր ինձ վիրավորելու ու ծեծելու համար: Մի անգամ նույնիսկ ձեռքերս արդուկով վառել է: Դա էլ քիչ էր՝ ամուսնուս իմ դեմ էր տրամադրում, «ստիպում» էր ինձ ծեծել»,-ասում է Նոնան:
Նոնայի խոսքերով՝ ամուսինը սկեսուրի պատճառով էր շատ օղի խմում: «Մի անգամ հանգիստ նստած խոսում էինք, ամուսնուս հարցրեցի, թե ինչի համար է խմում ու անիմաստ վիճում հետս, պատասխանեց՝ «դու էլ ըսենց մայր ունենայիր, դու էլ կխմեիր»,- հիշում է Նոնան:
Նա պատմում է, թե ինչպես օրերով հաց չի կերել ու ցուրտ հացատանն է գիշերել: Մեր այն հարցին, թե, ի վերջո, ո՞րն էր սկեսուրի նման վերաբերմունքի պատճառը, Նոնան պատասխանում է. «Խնդիրը ոչ իմ մեջ էր, ոչ՝ ամուսնուս: Նա բոլորին էր այդպես վերաբերվում, երևի իրենից էր: Մեծ հարսին էնքան ծեծեց, որ խեղճ կինը բաժանվեց ամուսնուց, չնայած շատ էին իրար սիրում: Իսկ մեզ կեսգիշերով տնից դուրս հանեց: Չգիտեմ՝ երջանիկ պատահականություն էր, թե ինչ, բայց ես Աստծուց շնորհակալ եմ, որ ամուսինս այդ օրը խմած չէր ու վերջապես հասկացավ, թե ով է իր մայրը»:
Չնայած այն հանգամանքին, որ Նոնան արդեն 4 տարի է չի ապրում այդ տանը, հարևանները մինչև հիմա էլ հիշում են նրան ու զարմանքով խոսում նրա համբերատարության մասին:
«Ես միշտ զարմացել եմ՝ որտեղի՞ց այդ փոքրիկ մարմնի մեջ այդքան ուժ: Միշտ լսել ու նույնիսկ մի քանի անգամ մասնակից եմ եղել նրանց տան կռիվներին, նույնիսկ մի քանի անգամ խորհուրդ եմ տվել, որ բաժանվի, ժպտալով պատասխանում էր. «Ես ոնց իմ էրեխեքի վիզը ծուռ թողնեմ, ինչ արած՝ իմ լոտոն էլ բռակ դուրս եկավ`չշահեց»», պատմում է հարեւանուհի Հասմիկը:
Չնայած այս ամենին՝ հիմա, երբ սկեսուրը հիվանդ է, Նոնան երբեմն-երբեմն այցելում է նրան`խնամում ու օգնում տան գործերում:
«Վերևում Աստված կա ու ամեն մեկի բաժինը իր բուռն է դնելու: Ես քինախնդիր չեմ ու ամեն դեպքում հարգում եմ նրան`նա իմ ամուսնու մայրն է»,- ասում է Նոնան:
Մերրի Պողոսյան, ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել