HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանը մեղմացրեց անչափահաս տարիքում հանցանք կատարած աղջկա պատիժը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր ամբաստանյալ Մարիամ Խաչատրյանի (անունը և ազգանունը փոխված է) վերաքննիչ բողոքն ընդդեմ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Ամբաստանյալը բողոքարկում էր Երևանի հագուստի սրահներից մեկից 8000 դրամ արժողությամբ մանկական բաճկոնի գողության համար իր նկատմամբ կալանք կիրառելու դատարանի վճիռը: 

Մեղադրական եզրակացությամբ Մարիամին վերագրվող արարքը կատարելիս վերջինս անչափահաս է եղել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի՝ մոր հսկողությանը հանձնելը, սակայն մայրն ամիսներ առաջ երեք երեխաների հետ լքել է Հայաստանը: Հայրը նույնպես արտերկրում է, իսկ Մարիամը իր վերաբերյալ քրեական գործի պատճառով իրավունք չի ունեցել դուրս գալ Հայաստանից ու այժմ մենակ է ապրում: 

Առաջին ատյանի դատարանը 2016-ի նոյեմբերի 6-ի իր դատավճռով Խաչատրյանին դատապարտել է 2 ամիս կալանքի՝ նրա նկատմամբ մինչ այդ ընտրված խափանման միջոցը՝ ծնողի հսկողությանը հանձնելը թողնելով անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ 

Օրեր առաջ Մարիամը չափահաս է դարձել, այդուհանդերձ, այսօր որպես նրա օրինական ներկայացուցիչ դատարան էր ներկայացել Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձուների մարմնի անդամ Լիդա Շահինյանը: Վերջինս խնդրեց մեղմ պատիժ սահմանել աղջկա նկատմամբ:

Հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը ևս դատարանից խնդրեց մեղմացնել Մարիամի նկատմամբ առաջին ատյանի սահմանած պատիժն ու այն պայմանականորեն չկիրառել կամ փոխարինել տուգանքով:

Մարիամն առաջին անգամը չէ, որ կանգնում է դատարանի առաջ: Նա արդեն մեկ անգամ տուգանքի է դատապարտվել 13000 դրամ արժողությամբ հեռախոսի գողության համար, ևս մեկ անգամ՝ մեկ այլ դրվագով գողության համար դարձյալ հայտնվել է դատարանում, և դատարանը նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց՝ խնամակալության մարմնի հսկողությանը հանձնելը:

Պաշտպան Սիրանուշ Հարությունյանն իր խոսքում նշեց, թե իր պաշտպանյալի վերաբերյալ նման տվյալների առկայությունը կարծես առիթ է տալիս մտածելու, որ իր պահանջը՝ կապված պատիժը մեղմացնելու հետ, այնքան էլ հիմնավոր չէ:

«Բայց մենք գործ ունենք անչափահաս տարիքում հանցանք կատարած անձնավորության հետ, որը ծանր պայմաններում է մեծացել»,- ասաց պաշտպանը:

Վերջինիս միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը այս գործի քննության ժամանակ ամբաստանյալի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն է նշանակել: Հարությունյանն ասում է՝ կասկածներ է ունեցել, որ Մարիամը որոշակի խնդիրներ ունի, տառապում է կլեպտոմանիա հիվանդությամբ: Մարիամի մոտ մասնագետներն արձանագրել են հակասոցիալական անձնային խանգարում, բայց նրան մեղսունակ ճանաչել: 

Պաշտպանը դատարանին խնդրեց իր պաշտպանյալին ևս մեկ հնարավորություն տալ:

«Մենք ունենք կիսատ ընտանիք, գուցե երբ տեղափոխվի մոր մոտ, ամեն ինչ փոխվի: Կցանկանայի վերջին անգամ նրան հնարավորություն ընձեռել՝ ցույց տալու, որ վերջնականապես չի դադարել հասարակության համար պիտանի լինել: Հույս ունեմ, որ նա բավականաչափ հետևություններ է արել»,- դատարանի կազմին դիմելով՝ ասաց Սիրանուշ Հարությունյանը: 

Մարիամը դատարանին հայտեց, որ զղջում է արարքի համար ու խնդրեց իր նկատմամբ տուգանք սահմանել: Դատարանի հարցին՝ ինչպե՞ս ես վճարելու տուգանքը, նա պատասխանեց, որ մորեղբայրն է ամեն ինչ անելու: Վերջինս, ըստ Մարիամի, հոգում է նաև իր բնակարանի և կեցության հարցերը: 

«Հավատա՞նք, որ էլ չես անի»,- Մարիամին հարց ուղղեց նիստը նախագահող դատավոր Տիգրան Սահակյանն ու դրական պատասխան ստացավ: 

Դատախազ Սաթենիկ Բարսենցյանը, սակայն, չի կարծում, թե Մարիամին ավելի մեղմ պատիժը կուղղի: 

«Նրա վերաբերյալ դատական նիստերից առաջ և հետո մենք փորձում էինք շփվել հետը, խորհուրդ տալ, բայց այդ ընթացքում նա վարսավիրանոցից հեռախոս գողացավ, պարզապես քրեական գործ չհարուցվեց, քանի որ տուժողը բողոք չներկայացրեց»,- ասաց դատախազը՝ հավելելով, որ որքան էլ իր համար դժվար է ասել, բայց սա այն դեպքն է, երբ անձի նկատմամբ պիտի ավելի խիստ պատիժ սահմանել, քանի որ նրան ներողամիտ քաղաքականություն վարելու միջոցով ուղղելը բացառված է: 

Հետո դատախազն «անդաստիարակ» գնահատեց Մարիամի վարքը, ինչից վերջինիս դեմքի արտահայտությունը փոխվեց: Դատախազն «ապացուցված համարեց», որ աղջիկը չի զղջում իր արարքների համար:

«Նայեք, որ դեմքին մի նշույլ անգամ չկա, որ զղջում է»,-ասաց Բարսենցյանը: Մարիամը պատասխանեց, որ ինքը ոչինչ չի արել: Հետո նրան սկսեց նկատողություն անել նախագահող դատավորը: 

«Կարգի՛ն նստիր, գոնե այնպես արա, որ դատարանի մոտ տպավորությունը դրական լինի»,- ասաց նախագահող դատավորը:

«Ես ոչինչ չարեցի»,- դարձյալ կրկնեց Մարիամը: 

«Ոչինչ չարեցիր, բայց նենց ես նայում»,- եղավ նախագահողի պատասխանը: 

«Գոնե գլուխը կախեր, և այդ հայացքիցդ ես չեմ վախենում»,- դիմելով Մարիամին՝ շարունակեց դատախազը: 

Հետո Մարիամը նշեց, թե ինքը դատախազի նկատմամբ իրեն անհարգալից չի պահել, պարզապես իրենց մեջ լարվածություն է առաջացել այն բանից հետո, երբ վերջինիս հետ վիճաբանել ու ասել է, որ իր նախկին ընկերը, ում ևս ցանկացել են մեղադրել կատարվածի համար, կապ չունի իր արարքների հետ: 

«Քո ի՞նչ տարիքն է, որ ընկեր ունենաս, ա՛յ աղջիկ, դա նրանից է, որ քեզ թողել են մենակ` բախտի քմահաճույքին ու գնացել»,- ասաց նախագահող Տիգրան Սահակյանը: 

Այս ամենից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատարանից հեռացող դատախազը հարկ համարեց դատավորների ներկայությամբ ևս մեկ անգամ կշտամբել աղջկան: 

«Հայացքդ կփոխե՛ս ու կիմնանաս՝ ում հետ ոնց ես խոսում»,- ասաց Բարսենցյանը: 

Դատարանը, խորհրդակցական սենյակից դուրս գալով, հրապարակեց վճիռը, Մարիամ Խաչատրյանի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել և նրա նկատմամբ սահմանել մեկ տարի ժամկետով փորձաշրջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter