Կաշառք ստանալու համար մեղադրվող Լոռու մարզի դատավորի վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց
Կաշառք ստանալու մեղադրանքով 8 տարվա ազատազրկման դատապարտված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված դատական նիստն այսօր հետաձգվեց. դատավորի պաշտպանները դատարան չէին ներկայացել:
Պաշտպան Կարեն Թումանյանը դատարանին հայտնել էր, որ վատառողջ է և խնդրել հետաձգել նիստն, իսկ մյուս պաշտպանը`Ռուբեն Հակոբյանը հեռախոսազանգի միջոցով դատարանին տեղեկացրել էր, որ Սպիտակում է և մերկասառույցի պատճառով չի կարողանում հասնել դատարան:
Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 25-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը` ներկայացնելով նաև տեսանյութ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում դատավորին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է` պաշտոնատար անձի՝ դատավորի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձևով կաշառք ստանալը`առանձնապես խոշոր չափերով:
Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի՝ դատավոր Խաչատուր Խաչատրյանն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:
Առաջին ատյանի դատարանը Խաչատրյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել` նրան դատապարտելով 8 տարի ժամկետով ազատազրկման, ինչը բողոքարկվել է դատավորի պաշտպանների կողմից:
Վերջիններս պահանջում են ամբողջությամբ բեկանել Խաչատուր Խաչատրյանի վերաբերյալ 2016-ի օգոստոսի 4-ին կայացված դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Խաչատուր Խաչատրյանի անմեղությունն, իսկ արդարացնելու հիմքեր չգտնելու դեպքում՝ սահմանել ավելի մեղմ պատիժ:
Մեկնաբանել