HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը 2017թ. ընթացքում մտադիր է ապահովել պորտֆելի շուրջ 50% աճ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարությունում այսօր՝  ապրիլի 11-ին տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված գործակալության կողմից իրականացված աշխատանքի ամփոփմանը։Այս մասին հայտնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (ՀԱԱԳ) հիմնադրվել է 2013թ.-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ:Այն առաջարկում է ծառայություններ՝ ուղղված արտահանման հետ կապված չվճարման վնասների նվազեցմանը և անգրավ ֆինանսավորման ռեսուրսների հասանելիության ապահովմանն ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում:     

Արտահանման խթանման գործիքակազմն ընդլայնելու նպատակով, գործակալությունը 2016 թ. մատուցում է նաև «նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն», որի խնդիրն է ապրանքի արտադրության փուլում արտահանողների համար շրջանառու կապիտալի ֆինանսավորման հնարավորությունների ստեղծումը: Տվյալ ծառայությունն արտահանողներին հնարավորություն է ընձեռում արտադրության փուլում բանկերից և ունիվերսալ վարկային կազմակերպություններից (ՈՒՎԿ) ստանալ ֆինանսավորում` գրավի փոխարեն վերջիններիս առաջարկելով ՀԱԱԳ վկայագիր: Ֆինանսավորումը կարող է ուղղվել արտահանման պայմանագրի կատարման համար հումքի եւ նյութերի ձեռքբերման, մաքսային, տրանսպորտային, փաթեթավորման եւ արտադրանքը շուկայական տեսքի բերելու համար իրականացվող ծախսերի ֆինանսավորման ուղղություններով:

2016 թվականի ընթացքում գործակալության կողմից հաստատվել են 4,037,939,657 ՀՀ դրամի ապահովագրական սահմանաչափեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 286%։ Կնքվել են թվով 116 ապահովագրության պայմանագրեր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարն արտահայտված ՀՀ դրամով կազմել է 2,185,616,559՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 463%։

2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում գործակալության կողմից հաստատվել են ապահովագրական սահմանաչափեր, որոնց ընդհանուր արժեքն արտահայտված ՀՀ դրամով կազմել է 957,646,290՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 75%։ Կնքվել են ապահովագրության պայմանագրեր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարն արտահայտված ՀՀ դրամով կազմել է 580,243,018՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 372%։

Նախորդ տարվա ընթացքում գործակալություն ներդրվեց ապահովագրական ռիսկերի գնահատման և ստանձնման նոր մեթոդ, որը 2017 թվականի հունվարի 1-ից թույլ է տալիս դիտարկել նաև այն տնտեսվարող սուբյեկտների դիմումները, որոնց գնորդ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները բաց աղբյուրներից հասանելի չեն կամ որոնք արտահանում են անմիջապես իրենց հետ փոխկապակցված ընկերություններին:

Գործակալությունն իր գործունեության սկզբից անդամակցում է արտահանման ապահովագրությամբ զբաղվող միջազգային ապահովագրողների պրոֆեսիոնալ միությանը՝ Բեռնի միություն:

ՀԱԱԳ-ն իր գործունեության ընթացքում կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք այլ արտահանման ապահովագրական գործակալությունների հետ, մասնավորապես Ռուսաստանում, Բելառուսում, Չեխիայում, Չինաստանում, Իրանում և այլն:

Համագործակցության հուշագրեր է կնքվել ԳԴՀ կառավարության կողմից արտահանման և ներդրումների խթանման նպատակով մանդատ ստացած Euler Hermes և PricewaterhouseCoopers գործակալությունների կոնսորցիումի հետ, ինպես նաև իտալական SACE Spa ընկերության հետ: Այս համաձայնագրերը կարող են էական խթան հանդիսանալ նշված կառույցների ապահովագրությամբ դեպի Հայաստան տեխնոլոգիաների ներմուծման ֆինանսավորման գործընթացում։

2017 թվականին պլանավորվում է ապահովել պորտֆելի շուրջ 50 տոկոսանոց աճ, ինչպես նաև ապահովել հանրային իրազեկվածության շարունակական բարձրացում։ Որպես հավելյալ աջակցություն նոր գործարար հարաբերությունների ստեղծմանը՝ գործակալությունն իր կայքում հրապարակել է ավելի քան 1000 գնորդ կազմակերպությունների մանրամասն տվյալներ ըստ ոլորտային բաշխման, որն օգտագործելով, տնտեսվարողները հնարավորություն են ստանում կնքել արտահանման նոր պայմանագրեր։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter