Լևոն Ալթունյանին ներկայացրել են ցողունային բջիջների փոխպատվաստման արդյունքները
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերին ՝ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումներին մասնակցելու և աջակցելու համար։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Գերմանացի պրոֆեսորը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նախարարին ներկայացրել են նախորդ օրն իրականացված աուտոփոխպատվաստման արդյունքները։ Նիկոլաուս Կրյոգերը նշել է, որ արդյունավետ համագործակցության արդյունքում Արյունաբանական կենտրոնի և Համբուրգի էպենդորֆ կենտրոնի ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:
Լևոն Ալթունյանը շեշտել է, որ մի շարք հիվանդությունների բուժման նպատակով բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ցողունային բջիջների փոխպատվաստման ներդրումը մեր երկրի արյունաբանության ոլորտում մեծ առաջընթաց է ապահովում։ Նիկոլաուս Կրյոգերը բարձր է գնահատել Արյունաբանական կենտրոնում ստեղծված հնարավորությունները, ինչպես նաև բժշկական թիմի մասնագիտական պատրաստվածությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նման կենտրոնների կառավարմանը, եղած հնարավորություններն արդյունավետ կիրառելուն, ինչպես նաև Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը վերաբերող և այլ հարցեր։
Պրոֆեսոր Կրյոգերը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու իր կողմից ղեկավարվող բաժանմունքում երիտասարդ հայ մասնագետների ևս մեկ խմբի ցողունային բջիջների փոխպատվաստման ուղղությամբ վերապատրաստմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել