ԱՆ պարզաբանում է․ Օլանզապինը գրանցված է Կանադայում և ԱՄՆ-ում
«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն այսօր հայտարարություն է տարածել, որի վերաբերյալ ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը պարզաբանում է տարածել (այս դեղի մասին մի քանի անգամ գրել է նաև «Հետք»-ը)։
«Մեր մասնագետները բազմիցս հավաստիացրել են, որ զիպրեքսային փոխարինող տարբեր դեղերով բուժվող շատ ավելի մեծաթիվ հիվանդներ դժգոհություններ չեն ունենում։ Ի դեպ, նրանց տրամադրվող այլ անվանումներով դեղերի ազդող նյութն օլանզապինն է։
Տեղեկացնում ենք, որ Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից օլանզապին դեղի առաջարկը ստացվել է 2016թ. դեկտեմբերի 2-ին, պատվերը տեղադրվել է 2016թ. դեկտեմբերի 5-ին, իսկ դեղը ՀՀ է բերվել 2016թ. դեկտեմբերի 27-ին:
2017թ. հունվարի 13-ի N9883-16 հայտով ԱՄՆ-ից որպես մարդասիրական օգնություն ՀՀ տարածք ներմուծված կանադական Ապոտեքս դեղագործական ընկերության արտադրության Օլանզապին 10մգ N30 դեղը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության: Դեղը համապատասխանում է ՀՀ-ում ընդունված նորմատիվային փաստաթղթային և լաբորատոր պահանջներին»:-նշված է հաղորդագրության մեջ։
ԱՆ մամուլի քարտուղարը կից ներկայացրել է նաև ԱՄՆ-ի սննդի և դեղերի գործակալության գրանցված դեղերի ցանկից հատված, որտեղ երևում է, որ Ապոտեքս կանադական ընկերության օլանզապին 10 մգ դեղը գրանցված է ԱՄՆ-ում, ինպես նաև՝ Կանադայում:

Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել