Վերաքննիչը մերժեց փաստաթղթերի հափշտակության վերաբերյալ բողոքը
Ամալյա Մարգարյան
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, մերժեց 10 տարի ժառանգական իրավունքի ճանաչման համար պայքարող քաղաքացուն: Աննա Մարգարյանը դիմել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ խնդրելով բեկանել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը և բողոքն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Բողոք ներկայացնող քաղաքացի Աննա Մարգարյանը 2014թ.-ին դիմել էր «Հետքին»՝ նշելով որ արդեն 10 տարի պայքարում է իր ժառանգության իրավունքի ճանաչման համար: Այդ հարցի լուծման համար նա անցել է դատական եռաստիճան համակարգով, դիմել պետական համապատասխան բոլոր մարմիններին:
Աննան պատմել է, որ մեկ տարեկան է եղել, երբ մայրը մահացել է, իրեն մեծացրել է մորաքրոջ դուստրը՝ Նելլի Հաբեթյանը, սակայն առանց Աննային պաշտոնապես որդեգրելու: Նելլի Հաբեթյանի մահվանից հետո մեկ օրում Աննա Մարգարյանի առջև փակվել են իր բնակեցրած տան դռները:
Աննա Մարգարյանը պատմում է, որ 2004թ.-ին երկու քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան, առաջինը՝ բնակարանի օգտագործաման իրավունքի ճանաչման վերաբերյալ, երկրորդը` ԴԱՀԿ-ի գործողությունը անվավեր ճանաչելու վերաբերյալ: Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանը մերժել է Աննայի հայցն ընդդեմ ԴԱՀԿ ծառայության, իսկ Շենգավիթի դատարանը անվավեր է ճանաչվել Աննա Մարգարյանի ժառանգության իրավունքի վկայագիրը:
Նելլի Հաբեթյանի եղբոր տղան՝ Կարապետ Գևորգյանը, նոտարով ձեռք է բերել 2-րդ հերթի ժառանգի վկայագիր: Կարապետը հոր տված լիազորագրով հանդես է եկել նրա ու եղբոր անունից դատարանում: Աննային իր զբաղեցրած բնակարանից վտարելու պահանջով դիմել է Շենգավիթի դատարան, որտեղ բավարարվել է նրա պահանջը: Հետագայում Կարապետը դառնալով միակ ժառանգ՝ վաճառել է բնակարանը:
«Ես տարբեր ատյաններում այդ խնդրի շուրջ պայքարել եմ, 2014-ին նորից ծանոթացա գործերին, քանի որ լսեցի Արդարադատության նախարարի հայտարարությունը, որ հնարավոր էր նորից վեր հանել և նորից ուսումնասիրել արխիվում գտնվող գործերը: Երկար ժամանակ փնտրում էի այդ գործերը, մեկը գտա Աջափնյակի դատարանում, մյուսը դատարանների արխիվում»,- պատմում է Աննա:
Աննա Մարգարյանը գործերի արխիվային ուսումնասիրությունից հետո պարզել է, որ գործի նյութերից բացակայում են որոշ փաստաթղթեր. «Բնակարանի օգտագործման գործից բացակայում էր բնակարանին արգելանք դնելու մասին փաստաթուղթը՝ հարկադիրի որոշումը, մյուս գործից՝ հարկադիր կատարողին անօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ իմ ներկայացրած վերաքննիչ բողոքը»:
Փաստաթղթերի բացակայությունը նկատելով՝ Աննան դիմել է Արաբկիր համայնքի դատախազություն: Երկար ժամանակ անց, երբ այդպես էլ գործ չի հարուցվել, Աննան դիմել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որից հետո փաստաթղթերի հափշտակության վերաբերյալ քրգործը է հարուցվել, քննություն կատարվել, սակայն, ինչպես ներկայացնում է Աննան, Շենգավիթի քննչական բաժնում գործը կարճվել է՝ «փաստաթղթերը կարևոր չեն» պատճառաբանությամբ:
«Եթե գործում վերաքննիչ բողոքը բացակայում է, բնակարանի դրված արգելանքի փաստաթուղթը բացակայում է, դրանից ավելի կարևոր փաստաթղթերը որո՞նք են»,- ասում է Աննա Մարգարյանը:
Աննան պնդում է, որ եթե գործի մեջ լիներ բնակարանի արգելանքի վերաբերյալ փաստաթուղթը, Երևանի Գ.Նժդեհի փողոցի 17 հասցեում գտնվող բնակարանը չէին համարձակվի վաճառել. «Փաստաթուղթը գործից բացակայելը իրենց հնարավորություն է տվել, որպեսզի գույքը օտարվի, ուստի ինչ-որ մեկն այդ գործից հափշտակել է փաստաթղթերը»:
Աննան դիմել է Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ գործերից փաստաթղթերի հափշտակության վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է բողոքը՝ նշելով, որ եթե փաստաթղթերը գործում չկան, ուրեմն կարիք չկա գործերի առգրավում կատարել, Աննա Մարգարյանը դիմել է Վերաքննիչ դատարան: Նախորդ նիստի ընթացքում դատախազ Սեդրակյանն իր ելույթում նշել է, որ փաստաթղթերի բացակայությունը էական դեր չի ունեցել և խնդրել է վերաքննիչ դատարանին մերժել ներկայացված բողոքը:
Դատավոր Արշակ Խաչատրյանը նիստը ավարտելուց հետո, դիմելով բողոքաբերին, ասաց. «Դուք գործող օրենսդրությունը յուրովի եք պատկերացնում», որից հետո լքեց նիստերի դահլիճը` առանց պարզաբանելու՝ ինչ նկատի ունի:
«Հետքի» հետ զրույցում Աննա Մարգարյանը նշեց, որ իր համար պարզ չէ դատավորի հնչեցրած մեկնաբանությունը, հետո ավելացրեց, որ իր պաշտպան Մարինե Ֆարմանյանի հետ դիմելու են Վճռաբեկ դատարան, հետագայում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել