HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

300-ից ավելի աղբավայր՝ 107 համայնք ունեցող Լոռիում

Գայանե Սարգսյան

Մարտի 23-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում Lոռու մարզի տարածքում ուսումնասիրություն կատարելով, մարզպետարանի ու Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարարության աշխատակիցներն արձանագրել են 300-ից ավելի աղբավայր: Սա այն դեպքում, երբ Լոռու մարզն ունի ընդամենը 107 համայնք, այսինքն՝ յուրաքանչյուր համայնքին միջին հաշվով բաժին է հասնում 2.8 աղբավայր:

«Սա անթույլատրելի ցուցանիշ է մի մարզի համար, որտեղ ընդամենը 107 համայնք կա»,- ապրիլի 10-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Լոռու մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանի խոսքով` աղբաշատ են մարզի բոլոր տարածաշրջանները: Բնակիչները աղբավայրեր են ստեղծել ամենուր, որտեղ հնարավոր է եղել՝ գետերի ափերին, ձորերում: Առավել ակնառու են միջպետական ճանապարհներին հարող աղբավայրերը: Դեպի Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Դիլիջան տանող ճանապարհին առկա աղբավայրերը հատկապես աչքի են ընկնում:

«Խումբը գույքագրել է բոլոր այն վայրերը, որտեղ աղբ է կուտակված»,- ասում է Ա. Օհանյանը` հավելելով, որ ցանկում կան ինչպես կենցաղային, այնպես էլ արտադրական ու շինարարական աղբի կուտակման վայրեր:

Արտակ Օհանյանը

Աղբավայրերի մեծ մասը 20 և ավելի տարվա վաղեմություն ունեն: Որոշ համայնքների ղեկավարներ ցանկապատել են աղբավայրերը՝ փորձելով կանխել դրա տարածումը: Սա, սակայն, խնդիրը չի լուծում. բաց երկնքի տակ գտնվող աղբը տարիներ շարունակ ոչ միայն հակասանիտարական վիճակ է առաջացնում, այլև բազմաթիվ ռիսկեր է պարունակում իր մեջ:

«Ռիսկերը մեծ են, դրանցում առկա օրգանական նյութերը չեն վերամշակվում, մնում են բարձիթողի վիճակում, գիշերը վայրի կենդանիներն են այնտեղ վխտում, ցերեկը՝ ընտանի կենդանիներն արածում, որից ստացած գյուղմթերքը հետագայում մենք գնում ենք: Աղբում առկա վտանգավոր նյութերը կարող են խառնվել ստորգետնյա ջերին»,- հնարավոր վտանգներն է թվում Լոռու մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը:

Հողաշինության ոլորտում երկարամյա  փորձ ունեցող Ա.Օհանյանը հիշում է՝ սովետական տարիներին Լոռու աղբավայրերը կարելի էր մատների վրա հաշվել.

«Խորհրդային ժամանակաշրջանում աղբավայրերը կենտրոնացված են եղել, ամեն շրջանի համար մեկ կենտրոնացված աղբավայր ենք ունեցել»,- հիշում է նա:

Զրուցակցիս խոսքով՝ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա աղբավայրերից և ոչ մեկը չի համապատասխանել անհրաժեշտ նորմատիվներին (բացառությամբ Ալավերդու աղբավայրը): Նա չարյաց փոքրագույնն է համարում անօրինական աղբավայրերի թվի նվազեցումը:

«Ավելի լավ է ունենալ կենտրոնացված մեկ անօրինական աղբավայր, քան տասնյակները»,- նշում է Ա. Օհանյանը` աղբավայրերի հաշվառման կարևորագույն նպատակներից մեկը համարելով նորերի առաջացման բացառումը:

Աշխատանքի բերումով  գրեթե բոլոր աղբավայրերում եղած պաշտոնյան սեփական փորձով կիսվելով` ասում է. «Ես եղել եմ այդ աղբավայրերի մեծ մասում և պատկերացրեցի, թե ինչքան տհաճ է ցանկացած քաղաքացու համար դա տեսնելը: Հետևանքները շատ վատ կարող են լինել, եթե մենք միջոցներ չձեռնարկենք այդ աղբավայրերի վերացման համար»:

Տարիներ շարունակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը բարձրաձայնում է  Լոռին զբոսաշրջային, տուրիզմի կենտրոն դարձնելու հեռանկարի մասին: Այն համարվում է մարզի զարգացման գերակա ուղղություններից մեկը: Որքանո՞վ է գրավիչ աղբաշատ Լոռին զբոսաշրջիկի համար: Այս հարցին ի պատասխան` Ա. Օհանյանը վստահորեն նշում է. «զբոսաշրջիկը հաստատ Հայաստան չի գա, եթե տեսնի էդ աղբավայրերը»:

Բաժնի պետը աղբի` տարիներ շարունակ կուտակման հարցում մատնանշում է նաև կից համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի աշխատանքի թերացման գործոնը:

Մարզի համայնքների գերակշիռ մասում տարիներ շարունակ աղբահանություն չի իրականացվել, ինչի հետևանով շատ դեպքերում գյուղացիներն իրենք են ընտրել ու սահմանել աղբաթափման վայրեր:

2008թ.-ի տվյալներով` մարզի 113 համայնքներից աղբահանություն էր իրականացվում ընդամենը 23-ում: Հետզհետե այս թիվն աճել է. 2009-ին աղբահանություն է իրականացվել 32, 2010-ին՝ 40, 2014-ին՝ 48 համայնքում: Ներկայումս միավորված համայնքների արդյունքում ձևավորված մարզի թվով 107 համայնքից աղբահանություն է իրականացվում 43-ում կամ 40.2%-ում:

Հետաքրքիր է, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն` նախկինում աղբահանություն իրականացրած որոշ համայնքներ, այդ թվում` Հովնանաձորը, Հարթագյուղը, 2016թ.-ին դադարեցրել են կենցաղային աղբահանության իրականացումը: Մարզի 6 տասնյակից ավելի համայնքներ երբևէ աղբահանություն չեն իրականացրել: 

Աղբավայրերի հաշվառման ծրագիրը մարզում իրականացվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարած «Մաքուր Հայաստան» նախագծի շրջանակներում: Առաջիկայում հավաքագրված տվյալներն ամփոփելուց հետո համատեղ առաջարկությունների ու քննարկումների արդյունքում ոլորտի պատասխանատուները կնախանշեն մարզում առկա աղբավայրերի մաքրման, ֆինանսավորման ուղիներն ու կենտրոնացված աղբավայրերի տեղերը:

Աղբավայրերի հաշվառման առաջին ծրագիրն իրականացվել է 2012թ.-ին. արձանագրվել էր 61 աղբավայր

2001թ.-ից մինչ օրս Լոռու մարզպետարանի մասնակցությամբ սա աղբավայրերի հաշվառման երկրորդ ծրագիրն է: Առաջին անգամ աղբավայրերի  հաշվառում իրականացվել է 2002թ.-ին:

«Դա ԵԱՀԿ-ի ծրագրով էր, տևել է մոտ մեկ տարի, շատ մանրակրկիտ ուսումնասիրություն էինք կատարել»,- ասում է  աշխատանքներում ներգրավված Լոռու մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը:

Ուսումնասիրության արդյունքում Լոռու մարզի տարածքում արձանագրվել էր թվով 61 աղբավայր: Արձանագրվել են ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական ու արտադրական թափոնների աղբավայրերը: Ընդ որում, որոշ համայնքներում աղբավայրերի թիվը եղել էին մեկից ավելի: Պարզվել էր, որ աղբավայրերի մի մասն ստեղծվել է դեռևս 1950-ական թվականներին: Քիչ չէին նաև հետսովետական տարիներին ստեղծված աղբավայրերը:

Արդյունքներն ամփոփելիս աշխատանքային խումբը կիրառել է աղբավայրերի մի քանի բնութագրիչներ. դրանցում թունաքիմիկատների առկայությունը, աղբավայրի մակերեսը, աղբի ծավալը, գործող լինել-չլինելը, դրանց ռիկսերը մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա, աղբավայրից 1 կմ շառավղով գտնվող կառույցների տեսակը, ստորգետնյա ջրերի առկայությունը, վերականգնողական միջոցառումների իրականացման հրատապության աստիճանը և այլն:

Ոոսումնասիրության արդյունքում աշխատանքային խումբը որպես առավել աղտոտված վայր` առանձնացրել էր Թումանյանի տարածաշրջանը:

«Հիմնականում Թումանյանի տարածաշրջանն ավելի շատ էր աղտոտված, որովհետև այնտեղ կենցաղայինից զատ նաև արդյունաբերական թափոններ կան: Ամենառիսկային աղբավայրը դա Ալավերդու մկնդեղի գերեզմանոցն է, որը դեռ այն ժամանակ քայքայված վիճակում է, ու անհապաղ միջացառումների իրականացման անհրաժեշտություն կար»,- նշում է  բաժնի պետը` հավելելով, որ այս հատվածում մարդկանց ու շրջակա միջավայրի վրա ազեդցության աստիճանը գնահատվել էր բարձր:

Արտակ Դեմիրչյանը

Թե այս արդյունքների արձանագրումից 5 տարի անց ինչ քայլեր են արվել վերը նշված աղբավայրի ուղղությամբ, բաժնի պետը ասում է. «Այդ հարցով նախորդ տարի Ալավերդու քաղաքապետարանը դիմել է նախագածա-նախահաշվային կազմակերպությանը, մշակվել է, թե ինչ միջոցառումներ ու որքան գումար է անհրաժեշտ: Պարզվել է, որ մոտ 120 մլն դրամ է պահանջվում, որպեսզի այդ քայքայված կառույցը բերեն այն վիճակի, որ վտանգ չհանդիսանա»:

Ի դեպ, վերջին տարիներին Լոռիում ՀՀ տարածքային կառավարման նախարարության,  Լոռու մարզպետարանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների եւ ֆինանսավորող կազմակերպության մասնակցությամբ պարբերաբար քննարկվում  է KFW բանկի (Գերմանական Զարգացման բանկի) վարկային միջոցներով իրականացվող «Կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարում» ծրագիրը, որն առաջարկում է մարզի տարածքում կառուցել նոր աղբավայր: Աղբավայրի կառուցման համար նախանշվում էր Քարաձոր համայնքին կից շուրջ 17 հա տարածքը:

Կդառնա այն մարզի կենտրոնացված աղբավայրը, թե՝ ոչ, դեռևս պարզ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter