Դրախտիկ գյուղում արվեստի միջոցով պատմում են սելեկտիվ աբորտների մասին
Ազատուհի Խաչատրյան
- Էս էլ Դրախտիկը։
Սևանի ափից մոտ երեք կիլոմետր հեռու գտնվող գյուղ ենք հասնում, որ Արեգունի լեռների մեջ է: Փորձում եմ անունն «արդարացնող» բաներ փնտրել։ Առաջինը, որ տեսնում եմ, ձորի աղբանոցն է, հետո՝ մի քանդված շենք։ Գյուղի տները կիսաքանդ են, հեռու-հեռու դասավորված։
Հարցնում եմ՝ բա ինչի՞ Դրախտիկ։ Տեր Պսակն ասում է, որ անունը Ստեփանոս Օրբելյանի աշխատությունում է հանդիպել (12-րդ դար), բայց անվան որևէ բացատրություն չկա։
Տեր Պսակ քհն․ Մկրտչյանն արդեն տասը տարի Ճամբարակի տարածքի հոգևոր հովիվն է։ Գրեթե միշտ մասնակցում է գյուղերում անցկացվող միջոցառումներին։ Այս մեկը տարբեր է նախորդներից․ Դրախտիկ գյուղի վեց ընտանիք ժամանակակից արվեստի լեզվով պատմելու են գենդերային հավասարության և սելեկտիվ աբորտների մասին։
«Գեղարքունիքի մարզը Չինաստանից հետո երկրորդն է սելեկտիվ աբորտների թվով։ Մեզ մոտ 100 աղջկա դիմաց 118 տղա է ծնվում։ Իսկ Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում։ Մոտ ապագայում մենք մայրերի խնդրի առաջ ենք լինելու։ Սա հնարավորինս կանխելու նպատակով էլ ծրագիրն իրականացվեց, որ կոչվում է «Հոգատարություն հանուն հավասարության»։ Աշխատանքները դեկտեմբեր ամսից ենք սկսել»,- ասում է Սաթենիկ Խաչատրյանը, որ Վորլ Վիժն Հայաստանի Գեղարքունիքի մարզի երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի համակարգողն է։
Սաթենիկ Խաչատրյանը
«Երեխայի սեռը կապ չունի, ես անգամ սեփական օրինակով եմ դա խրախուսում։ Չորս երեխա ունեմ։ Փոքրիս աղջիկ էինք սպասում, նույնիսկ անունն էինք որոշել, բայց տղա ծնվեց»,- ասում է Տեր Պսակը։
Հասնում ենք դպրոց, որտեղ լինելու է միջոցառումը։ Շենքը մեծ է, սառը, վթարային։ Ձախ կողմի միջանցքի վերջում միակ տաք սենյակը մեզ է սպասում․ վառարանի հոտը մատնեց։
Ներսում համարյա ամեն ինչ պատրաստ է ցուցահանդեսի համար։ Մնում է կրակը մի քիչ թեժանա։ Վառարանի շուրջ խմբված զրուցում ենք։
Վերգինեն պատմում է, որ սրանք՝ իբրև արվեստ, իր ու ամուսնու առաջին գործերն են, չնայած դպրոցում որպես դասվար իր աշակերտների հետ միշտ էլ ստեղծագործելու առիթ է ունեցել։
«Հիմնական մտքերը եկան, երբ գնացինք Ժամանակակից արվեստի թանգարան։ Թեյի բարձիկներից աշխատանքը տպավորեց։ Ես էլ մի քանի օրում հարևաններից հավաքեցի դրանք ու սարքեցի։ Իսկ մյուսի դեպքում՝ տանը աչքովս ձեռնոց ընկավ, միանգամից բժշկի ձեռքը պատկերացրի․․․ մկրատն էլ ժանգոտ է, որովհետև շատ են գործի դրել։
Վերգինեի երեխաները երկուսն են՝ տղա և աղջիկ:
«Մենք հավասար ենք վերաբերվում նրանց: Աղջիկս նույնպես մեքենաներով է խաղում, բայց դե, տղան պետք չի, որ տիկնիկներով խաղա,- ասում է Վերգինեն,- տղա-աղջիկ կապ չունի, մեծերն էին, որ նշանակություն էին տալիս..»:
Սասունն ու Ալինան ծրագրում ամենաերիտասարդ զույգն են։ Միասին են ստեղծել իրենց առաջին արվեստի գործերը։
«Ես կյանքումս նկարած չկայի։ Սեմինարի ժամանակ միտք եկավ, գնացի տուն, սարքեցի, ճիշտ ա` երկար տևեց, բայց ստացվեց»,- ասում է Սասունը։
«Մեջտեղում աղջիկ երեխան է, որ եթե նրա կյանքի թելը չկտրվի, կտեսնի ու կվայելի աշխարհը»,- բացատրում է Սասունի կինը՝ Ալինան։
Նրանց ստեղծածն է նաև փշերի մեջ բանտարկված աղջիկը։ Հարցնում եմ Սասունին՝ ոնց է արել, որ ձեռքերը չծակեն փշերը։ Ասում է՝ սովոր է, ու ծիծաղում է։ Նրանք իրենց առաջնեկին են սպասում, որ տղա է։
«Ինչ սեռի էլ լիներ, ուրախ կլինեինք»,- պնդում է Սասունը։
Հյուրերը կամաց-կամաց գալիս են. կանայք, երեխաները նստում են, տղամարդիկ վերջում շարվում։ Սենյակը լցվում է: Միջոցառումը սկսվում է, անձրևն ու քամին էլ։ Մի պահ լույսերն անջատվում են, բայց դրախտիկցիների համար դա արտառոց չէր։ Մինչև ցուցահանդեսի մեկնարկը խոսում եմ հավաքված փոքրիկների հետ։
- Ռիտա, դու եղբայր ունե՞ս։
- Հա, ունեմ, հենա,- ձեռքով ցույց է տալիս դիմացի շարքում նստած փոքրիկ տղային։
- Բարև, ի՞նչ է անունդ։
- Արթուր։
- Արթուր, կա՞ մի բան, որ տանը քեզ կարելի է, բայց քույրիկին՝ ոչ։
- Հա, ես պապայի հետ Երևան եմ գնում, ու իմ համար բաներ ենք առնում։
- Բա քույրիկիդ համար։
- Չէ, իրա համար չենք առնում։
- Խոստանու՞մ ես, որ հաջորդ անգամ քրոջդ համար էլ մի բան կառնեք։
- Հա։
- Իսկ դուք նկարները նայել եք, գիտե՞ք ինչի մասին են,- հարցնում եմ մեր զրույցին հետևող մնացած երեխաներին։
Չեն պատասխանում, առաջարկում եմ՝ միասին գնանք նայելու։
- Ես որ լինեի, բաց կթողեի էս աղջկան,- ասում է Իլոնան՝ նայելով «Փշալարերով աղջիկը» աշխատանքին։
- Իսկ էս ի՞նչ ա,- հարցնում է Անգելինան՝ նայելով ձվի կճեպներով հավաքված աշխատանքին: Հետո սկսում է կարդալ: Նա իր ծնողներին օգնել է «բռնության ենթարկված» քարերի վրա նկարելու հարցում:
Թե ինչպես են պատրաստվել աշխատանքներն ու ինչ իմաստ ունեն դրանք, ներկայացնում են կանայք, իսկ տղամարդիկ շարունակում են վերջին շարքում կանգնած մնալ:
Շուտով Դրախտիկ է հասնում «Տիեզերք» երաժշտական խումբը։
Բոլորը ուշադիր նայում են երաժշտական գործիքներին, որ աղջիկները հանում են պայուսակներից։ Մինչև գործքիները «կլարվեն», Լուսինեն պատմում է, թե ինչու են իրենք Տիեզերք կոչվում, ինչը խմբի անդամների հետ ծանոթացում է ստացվում․
- Լուսինե, Աստղիկ և Էլիզա։ Էլիզային մենք միշտ արև ենք ասում։ Էդպես դառնում ենք Տիեզերք։
Վերջապես լսվում են սպասված հնչյունները, որոնց թողած էմոցիաները դժվար է կաշկանդել, բայց ներկաները սևեռված լսում են, սպասում, որ ծափերի ժամանակը գա ու արտահայտեն զսպված հրճվանքը։
«Եվ մեր վերջին կատարումը՝ «Նինըմ-նինըմ»: Կարող եք պարել»,- ավելացնում է Լուսինեն:
Իլոնան տեղից ելնում է, հետո քաշում ընկներներուհիների ձեռքից, որ գան իր հետ պարելու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել