
Տեղ գյուղի աղբավայրը մաքրված է․ քննարկվում է համայնքի ղեկավարին վարչական տույժ նշանակելու հարցը
Այսօր «Հետքն» ստացել է տարածքային կառաարման և զարգացման նախարարության պատասխանը՝ մարտի վերջին մեր հրապարակումներից մեկում ներկայացված Տեղ համայնքի աղբահանության խնդրի վերաբերյալ։ Նամակում մասնավորապես նշվում է, որ «Հետքի» կողմից բարձրացված խնդիրը «քննարկվել, ուսումնասիրվել է Սյունիքի մարզպետարանի և Տեղ համայնքի ղեկավարի հետ», իսկ Արցախ տանող ավտոճանապարհին` Տեղ գյուղով անցնող հատվածին հարակից տարածքներում կուտակված աղբը ներկայումս մաքրվել է։
![]() |
![]() |
![]() |
Տեղ գյուղի աղբը մինչև մաքրելը
Նախարարարությունը մեզ տեղեկացրել է, որ Սյունիքի մարզպետին հանձնարարական է տրվել՝ քննարկել Տեղ համայնքի ղեկավարին վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ հարցը։
Միաժամանակ այսօր ստացվել են գրություններ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարից և Տեղ համայնքի ղեկավար Ն․ Շադունցից։
Մարզպետարանից մեզ հայտնում են, որ Տեղ համայնքի ղեկավարի հետ միասին «ձեռնարկվում են հետևողական միջոցներ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքում աղբահանությունն իրականացնելու հարցին վերջնական լուծում տալու նպատակով»։
![]() |
Տարածքը մաքրում են
Տեղ համայնքի ղեկավարն իր հերթին արդարանում է, որ համայնքը նոր է կազմավորվել՝ «նախկին յոթ համայնքներից ժառանգելով բազմաթիվ չլուծված խնդիրներ, այդ թվում նաև աղբահանության խնդիրը» և թեև աղբահանության կազմակերպումը խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում ճանաչվել է որպես գերակա խնդիրներից մեկը, այն հնարավոր չի եղել ամբողջապես լուծել համայնքի կարճ գոյության ընթացքում։ Ըստ նրա՝ ներկայումս հաշվարկվում են համայնքի միջոցներով աղբահանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։
Մեկնաբանել