Մանկատան երեխա չեն ծնվում, դառնում են
«Մանկատան երեխա չեն ծնվում, դառնում են»
Մհեր Արշակյան
(«Մանկատներ և երեխաներ» գրքից)
Աննա Մնացականյան
Որբությունը որպես սոցիալական երևույթ գոյություն է ունեցել և հավանաբար գոյություն կունենա միշտ: Սակայն կարելի է արձանագրել, որ սույն երևույթի դրսևորումները պայմանավորված են ինչպես տվյալ ժամանակաշրջանում ձևավորված տնտեսական և սոցիալ-մշակութային միջավայրով, այնպես էլ կառավարման համակարգի կողմից սահմանված գերակայություններով, արժեքներով: Անհերքելի է, որ մանկատանն արտացոլվում են «ընտանիք» սոցիալական ինստիտուտում տեղի ունեցող փոխակերպումները, ինչն իր հերթին պայմանավորված է քաղաքական, իրավական, տնտեսական ու մշակութային համալիր և փոխկապակցված գործոններով:
Երեխայի մոտ ադապտիվ ամենանշանակալի մեխանիզմները ձևավորվում են ընտանիքում: Ընտանիքում երեխան յուրացնում է սովորույթներ, արժեքներ, վարքագիծ և սոցիալական հարաբերությունների մշակույթ: Ընտանեկան նորմերն ու դաստիարակությունը կանխորոշում և ձևավորում են հասարակության մեջ երեխայի սոցիալականացման գործընթացները՝ հիմքում ունենալով հասարակության ընդհանրական պատկերը:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ա. Անտոնովը վերլուծության ենթարկելով աշխարհում «ընտանիքի» ինստիտուցիոնալ ճգնաժամը, ներկայացնում է երկսերունդ ընտանիքին անցման պատմական փուլերը, փաստելով, որ կենսական պայմանների բարելավմամբ պայմանավորված «ժամանակակից» ընտանիքի ամուր լինելու գաղափարն այլևս սպառել է իրեն: Այդ գաղափարն այսօր ի զօրու չէ բացատրություն տալ ամուսնալուծությունների, չգրանցված ամուսնությունների և միայնակ մայրերի թվի աճի վերաբերյալ: Գիտնականի համոզմամբ ընտանիքը կատարում է ամորտիզացիոն դեր հասարակության և անհատի փոխհարաբերություններում, որտեղ առկա է շահերի բախում: Այդ դերակատարության թուլացումը բերում է նրան, որ անհատը և հասարակությունը մնում են մենակ՝ դեմ հանդիման, իրենց իրարամերժ դրսևորումներով: Ընտանիքի ճգնաժամը խոչընդոտում է ընտանիքի՝ որպես անհատի և հասարակության միջև բնականոն կապի ձևավորման սոցիալ-մշակութային առաքելությանը:

Ըստ Ջ. Դեյվիսի, 20-րդ դարի կեսերից ավանդական ընտանիքի վերացումը արդեն ակնառու փաստ է: Ամուսնական զույգերի միջև լոյալությունը ողջ համատեղ կյանքի համար այլևս բարոյական նորմերի շարքում չէ: Ամեն տարի աշխարհում տասնյակ հազարավոր զույգեր ամուսնալուծվում են, իսկ ծնունդների 1/3-ն արտամուսնական կապերից են, հայրերից շատերն ունեն չնչին կամ ընդհանրապես չունեն որևէ դերակատարություն ընտանիքում՝ բացի երեխայի կենսաբանական հղացումը:
Մի շարք գիտնականներ պնդում են, որ ժամանակակից պետությունը (հատկապես մասնավոր ինդուստրիալ արտադրություն ունեցողները) առավելապես կենտրոնանում է ոչ թե հավասար իրավունքներ ունեցող զույգի, այլ մոր և երեխայի վրա: Ընդ որում մոր դուրս մղումը ընտանեկան, տնային տնտեսության արտադրությունից դեպի շուկայական համակարգ՝ աշխատանքի անհատական վարձատրությամբ, հիմք հանդիսացավ կանանց և տղամարդկանց միջև մրցակցության, ամուսնալուծությունների, ամուսնալուծությունների արդյունքում կամ միայնակ մայրերի պարագայում միածնող ընտանիքների թվի աճի համար: Որոշ չափով փոխհատուցելով կնոջ բեռը տանից դուրս և մասամբ թեթևացնելով մայրության ու աշխատանքի համատեղումը, մայրության այդպիսի «պաշտպանությունը» նպաստեց ընտանիքի ինստիտուտի արժեզրկմանը և փոքր` 1-2 երեխա ունեցող ընտանիքների թվի աճին: Այսպիսի «խնամքը» շղթայական օտարում էր հորն իր հայրական գործառույթներից: Փաստորեն, պետությունը վերցնելով իր վրա այդ գործառույթները, կազմալուծում էր ընտանիքում տղամարդու դերակատարությունը:

Սոցիալական աշխատանքը, որը ձևավորվել է ինդուստրիալ հասարակությունում՝ արտադրության մեջ միջանձնային հարաբերությունները կարգավորելու նպատակով, եկել էր փոխարինելու այն հարաբերություններին, որոնք առկա էին ընտանեկան արտադրության՝ տնային տնտեսության համատեքստում: Սոցիալական աշխատանքի, խնամքի և պաշտպանության ու այլ ծառայությունների համար առկա սոցիալական ինստիտուտները ձեռք էին բերում գործունեության լայն դաշտ: Միաժամանակ առաջանում էր շահերի բախում, քանի որ մի կողմից իրենք մատուցում են սոցիալական ծառայություն ի բարօրություն ընտանիքի, իսկ մյուս կողմից աշխատանքն առավել արդյունավետ է անհատի հետ: Այժմ սոցիալական աշխատանքը ենթադրում է ընտանեկան թերապիայի գործառույթը, որը սակայն հիմնականում ավարտվում է տարբեր սոցիալական կատեգորիաների մեջ ներգրավված անհատներին նյութական աջակցությամբ: Դասական առումով սոցիալական աշխատանքը ենթադրում է ընտանիքի ներուժի հզորացում: Սակայն ծրագրերի արդյունքում, կենտրոնում հայտնվում է որոշակի սոցիալական կատեգորիայի անդամը՝ անհատը: Անհատական թերապիան հայտնվում է ընտանիքի սոցիոլոգիական հետաքրքրությունների կենտրոնում, իսկ անհատի հետ կատարված աշխատանքը սահմանափակվում է սոցիալական հոգեբանությամբ:
Ըստ Յ. Շչեպանսկու և շատ սոցիալական հոգեբանների՝ եթե խումբ համարենք միայն այնպիսի միավորը, որը բնորոշում է առնվազն երեք հոգու միջև տեղի ունեցող հարաբերություններ, ապա մեկ շնչից բաղկացած տնային տնտեսությունը հնարավոր չի համարել ընտանիք: Նույն կերպ, անընդունելի է ընտանիք համարել երկու անհատներից բաղկացած միավորը, երբ մեկը մյուսից ունի և սոցիալական, և տնտեսական կախվածություն, օրինակ, միայնակ մայրերի պարագան: Երկու հոգու պարագայում, հարաբերությունը ենթադրում է ընդամենը մեկ փոխներգործություն (ինտերակցիա): Այդպիսի միավորը սովորաբար համարվում է ընտանիք սոցիալական ինստիտուտի նվազագույն շեմ:
![]() |
![]() |
Այս առիթով ճիշտ է նաև մեջբերել սոցիոմետրիայի հիմնադիր Ջ. Մորենոյին, որն իր «Ով կգոյատևի» աշխատության մեջ սահմանում է «սոցիալական ատոմ» եզրույթը, որը նա համարում է սոցիալական փոքրագույն տարրը: Սակայն ըստ Մորենոյի դա անհատը չէ, առանձնացված անհատը սոցիալական ֆիկցիա է՝ պատրանք, քանի որ մարդու սոցիալական ատոմը ներառում է շրջապատի հետ իր շփումների ողջ բազմազանությունը:
Այն պարագայում, երբ ընտանիքի շահերը ստորադասվում են սոցիալական ինստիտուտների շահերին, ընտանիքը ի զօրու չի լինում կատարել իր վերարտադրողական, դաստիարակչական և այլ գործառույթները, ինչի հետևանքով ընտանեկան հարաբերությունները խեղվում են, ընտանիքը և երեխաները դադարում են լինել անհատի անհրաժեշտ և բավարար պահանջմունք:
Ընտանիքի կենսագործունեության ներքին կազմակերպման հարցում շատ կարևոր է, թե ով է հանդիսանում ընտանիքի գլխավորը: Ավանդաբար, հայ ընտանիքի գլխավոր համարվել է տան մեծը՝ տղամարդ թե կին: Խորհրդային միության տարիներին այդ դերակատարությունը կրեց սկզբունքային փոփոխություններ:

1970-ականներին արդեն եռասերունդ ընտանիքներում, փաստացի գլխավոր սկսեցին համարվել ընտանիքի առավել կրթված անդամները: Քաղաքի համեմատությամբ դանդաղ և ոչ բացահայտ, բայց նման միտում սկսեց արտացոլվել նաև գյուղական համայնքներում: Կրթականից բացի, կարևոր հանգամանք էր նաև նյութականը, քանի որ զարգացող արդյունաբերության մեջ ավելի շատ ներգրավվում էին լավ կրթություն ստացած երիտասարդներ՝ և տղամարդիկ, և կանայք: Ներկայումս ընտանիքի առաջնորդության հարցում կարևոր գործոն է համարվում նաև ընտանիքի անդամների վաստակած եկամուտների չափը, որը որոշակի փոփոխություններ է առաջ բերում նաև ընտանիքում տղամարդկանց և կանանց կարգավիճաներում և դերերում: Անշուշտ, այս ամենն իր ազդեցությունն է թողնում Հայաստանի բնակչության տեղաբաշխվածության և ժողովրդագրական ցուցանիշների վրա: Այսօր մտահոգիչ է, թերևս, այն փաստը, որ 2012թ.-ից գյուղական համայնքներում արդեն ծնելիության ցուցանիշը սկսել է զիջել քաղաքայինին, ընդ որում միտումը կայուն շարունակվում է:
Խորհրդային Հայաստանում սոցիալական քաղաքականությունը համապատասխանում էր ԽՍՀՄ-ի կողմից ձևավորված միասնական գաղափարախոսության սկզբունքներին: Ըստ պատմաբան Է. Մինասյանի` միաժամանակ Հայաստանում գործում էին սոցիալական պաշտպանության սեփական մեխանիզմներ, որոնք հիմնված էին ազգային սովորույթների վրա: Ազգակացական-դրացիական սերտ հարաբերությունները համարվում էին երեխայի պաշտպանության և սոցիալական վերահսկողության կարևոր գործոն: Միասնական սոցիալական քաղաքականության կիրառումը և երեխաների շուրջ հայ իրականության մեջ և ընտանիքում ձևավորված ազգային արժեհամակարգի առկայությունը հանգեցրել էր նրան, որ այդ շրջանում մանկատաների և դրանում գտնվող երեխաների թիվը շատ փոքր էր: Այսպես, 1999թ.-ին մանկատներում խնամվում էր 513 երեխա, որոնցից 155-ը 16-18 տարեկան էին:

Անկախության հռչակումից հետո Հայաստանի իշխանությունների համար նոր իրավահարաբերությունների և փորձի բացակայության պայմաններում սոցիալական քաղաքականության նոր մոդել մշակելու խնդիր էր դրված, որը հաշվի պետք է առներ նաև հանրապետությունում ձևավորված քաղաքական և սոցիալ-տնտեսական նոր իրողությունները: Շուկայական հարաբերությունների ձևավորման սկզբնական փուլում, 1990-1995թթ., Հայաստանում սոցիալական քաղաքականությունը դիտվում էր որպես ընդհանուր տնտեսական ռազմավարության բաղկացուցիչ մաս։ Հաջորդող տարիներին, տնտեսական համատեքստում՝ սոցիալական աջակցության եւ սոցիալական ապահովագրության համակարգերը տարանջատվեցին։
Հայաստանում շուկայական տնտեսության զարգացման ուղու որդեգրման հետևանքով սոցիալական քաղաքականությանը նոր մոտեցում ցուցաբերվեց, որի արդյունքում նախկին «հայրիշխանական» մոդելին փոխարինելու եկավ լիբերալ մոդելը. եթե Խորհրդային միության քաղաքացու կյանքը խիստ կանխատեսելի էր՝ աշխատանքի ապահովում, առողջապահական համակարգ, բնակարանով ապահովում, կենսաթոշակ, իսկ նվազագույն աշխատավարձը բավարարում էր առաջանային պահանջներին, ապա հետխորհրդային ժամանակաշրջանում սկսեցին գործել այլ արժեհամակարգեր՝ մրցակցություն, անկախություն, գործարարություն, և այլն: Հանրապետությունում ստեղծված տնտեսական վիճակով պայմանավորված, սոցիալական պաշտպանության համակարգում պետական միջամտության լծակները գնալով թուլացան, ինչին հասարկությունը դեռևս հոգեբանորեն պատրաստ չէր:

Հետխորհրդային Հայաստանում քաղաքական–իրավական նոր մշակույթի ձևավորման պայմաններում երեխայի պաշտպանության դաշտում առաջ եկան իրավական հարաբերությունների անցումային, խառը ձևեր, ինչի հետևանքով խախտվեց իրավական փորձառութան փոխանցման մեխանիզմը: Խախտվեց նաև սոցիալական առանձին խմբի կապը հասարակության հետ: Նման իրավիճակը նպաստեց նրան, որ սոցիալական որոշ խոցելի խմբերի շրջանում սկսեց ձևավորվել որոշակի ենթամշակույթ` իր սոցիո-նորմատիվ կանոններով, որն առանձնանում էր հասարակության միասնական արժեհամակարգից: Ստեղծված իրավիճակը բերեց նրան, որ ձևավորված նոր սոցիալական ինստիտուտների միջոցով, պետությունը և հասարակությունը դադարեցին վերահսկել մարդու կենսագործունեության բոլոր ոլորտները: Փոխակերպման ենթարկվեց նաև ընտանիք սոցիալական ինստիտուտը. ամուսնալուծությունների, միայնակ մայրերի, իսկ արտագաղթով պայմանավորված ոչ լիարժեք ընտանիքների թվի աճի հետևանքով գերակշռող դարձան միասերունդ ընտանիքները: Ձևավորվեց ընտանեկան հարաբերությունների նոր տեսակ: Ընտանեկան հարաբերությունների և արժեքների փոփոխությունները բերեցին հայ ընտանիքում ավանդական` աշխատանքի բաժանման հարցում կանանց և տղամարդկանց կարգավիճակների, երեխայի դերի և տեղի փոփոխության:

Ըստ Լ. Խուրշուդյանի` «Ազգային գաղափարախոսությունը տեսություն է, ինքնապահպանման համակարգ...: Պետական գաղափարախոսությունը ելնում է ազգի գերագույն շահերից, որոնք ամբողջությամբ ամփոփված են ազգային գաղափարախոսության մեջ: Ազգային գաղափարախոսությունը ռազմավարություն է, պետականը՝ մարտավարություն: Ազգային գաղափարախոսության ռազմավարական և մարտավարական ծրագրերի համակարգը կոչվում է ազգային ծրագիր»:
Ազգային գաղափարախոսության հովանու ներքո միասնական ռազմավարություն մշակելու փոխարեն իշխանությունների կողմից ընտրվեց պահի անհրաժեշտությունից ծնված, կարճաժամկետ ծրագրերի տրամաբանության մեջ գործող մոտեցում՝ հասարակության կոտորակումը մասերի, սոցիալական դիֆերենցումը բազմաթիվ սոցիալական ինստիտուտների, հավաքականությունների, կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի, աշխատանքի, կենցաղային խնդիրների և հանգստի բաժանման:
Ընտանիքի՝ որպես հասարակության բազային միավոր, դիրքը սասանվեց:

Այժմ փորձենք դիտարկել որոշ վիճակագրական տվյալներ օրենսդրաիրավական դաշտի շրջանակներում:
1996թ. ընդունված ՀՀ «Երեխայի իրավունքների մասին» օրենքը սահմանեց երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության ծրագրային հիմունքները:
2000թ.-ին հաստատվեց «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին որոշումը»: 2002թ.-ին տարբերակվեցին նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շահերը՝ ՀՀ ԱԺ-ն հաստատեց վերջիններիս սոցիալական պաշտպանության օրենքը:
2003թ.-ին ՀՀ Կառավարությունը արձանագրեց այն փաստը, որ մանկական խնամակալական կազմակերպություններում խնամվող երեխաների թիվն աճում է, ընդ որում հաստատությունները համալրվում են սոցիալական որբերով: Սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլընտրանքային ծառայությունների բացակայությունը և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ նպաստում էին երևույթի խորացմանը: Արդյունքում, ՀՀ կառավարությունը հաստատեց «Երեխաների խնամքի հարցերով զբաղվող հաստատությունների բարեփոխման պետական ռազմավարական ծրագիրը» հաստատելու մասին որոշումը: Ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում տեղ գտավ «Մանկատների բեռնաթափում» ձևակերպումը:

2003 թ.-ին ՀՀ Կառավարությունը հաստատեց «Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը»: Թեև փաստաթուղթն իր մեջ ներառում էր տարբեր բնագավառներում երեխաների հանդեպ իրականացվող քաղաքականություն, սակայն ծրագիրն իրեն սպառեց սահմանված ժամկետներից շատ ավելի շուտ և անհրաժեշտություն առաջացավ մշակել նոր փաստաթուղթ:
2006 թ.-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատվեց «ՀՀ-ում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը»: 2008թ.-ին մշակվեց և հաստատվեց «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը... հաստատելու մասին որոշումը»:
2012թ.-ին կյանքի կոչվեց «ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը»:

Ծրագրի արդյունքում մանկատների և այնտեղ խնամվող երեխաների թիվը կտրուկ նվազեց: Այսպես, եթե 2010թ. Հայաստանում գործում էր 12 մանկատուն, որտեղ խնամվում էր 1240 երեխա, ապա 2015թ.-ին մանկատների թիվը նվազեց մինչև 8, իսկ երեխաներինը` 864: Սակայն, երեխաների գերակշիռ մասը շարունակաբար կազմում են միայնակ մայրերի և սովորաբար երկու ծնող ունեցող հաշմանդամ երեխաները: Այսպես, եթե կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակի մեջ 2002թ.-ին միայնակ մայրերի երեխաների թիվը կազմել է 22,9%, ապա 2015թ. երեխաների թիվն աճել է մինչև 37.1%, իսկ երկու ծնող ունեցող երեխաների թիվը համապատասխանաբար` 54,3%-ից նվազել է մինչև 47%: Երկկողմանի ծնողազուրկ երեխաների թիվը շարունակաբար չի գերազանցում 2%: Թեև երեխայի պաշտպանության դաշտում իրականացված կառուցվածքային բարեփոխումները՝ ոլորտը կանոնակարգող բազմաթիվ իրավական ակտերի առկայությունը, համագործակցությունը միջազգային կառույցների հետ, բազմաթիվ ծրագրերի իրականացումը, սոցիալական աշխատանքի դաշտում լուրջ ձեռքբերումներն ակնառու են, սակայն վերոնշյալ իրավական ակտերի թերությունների և սխալների զգալի մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնդիրներին առնչվող բոլոր գերատեսչությունները իրենց տրամադրության տակ չունեն ռազմավարական համապարփակ փաստաթուղթ:
![]() |
![]() |
2003թ.-ին «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և Եվրոպական հանձնաժողովի պարենային ապահովության ծրագրի համաձայն ՀՀ կառավարությունը հաստատեց «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը: Ծրագրի առջև դրված տարբեր խնդիրների շարքում կար նաև բնակելի տարածքով ապահովման բաղադրիչը: 2006-2009թթ. բնակարանով ապահովվեց մանկատան 166 շրջանավարտ: Մանկատանը հայտնվելիս շրջանավարտների 97%-ն ունեցել է առնվազն մեկ ծնող, ծնողների գերակշիռ մեծամասնությունը անօթևան, դեգրադացված մարդիկ են: Չնայած այն փաստին, որ մանկատանը խնամվելիս երեխան ստանում է բավարար խնամք, մանկատնից դուրս գալուց հետո նա սովորաբար ունենում է սոցիալականացման դժվարություններ` պայմանավորված այնպիսի պատճառներով, ինչպիսիք են «մանկատան երեխա» ենթամշակույթի սուբյեկտիվ առանձնահատկությունները, ժառանգական մարգինալությունը, երբ երեխան կրում է «ծնողներից ժառանգած» անբարենպաստի դրոշմը, ինքնուրույն կյանքի անցնելիս հոգեբանական պատնեշների հաղթահարման դժվարությունները:
Առկա սոցիալական ծառայությունների և մասնավորապես նպաստների համակարգի կողմից ձևավորված դաշտում մանկատան շրջանավարտները սովորաբար միաժամանակ պատկանում են 2 կամ ավելի սոցիալական կատեգորիաների` իրականում չպատկանելով նրանցից ոչ մեկին: Դա սովորաբար առաջացնում է կորուսյալ, հուսահատ զգացումներ և սոցիալական ամորֆության դրսևորումներ: Այսպես, օրինակ, 53.7% ամուսնացած շահառուների մեծ մասը գերադասում է չգրանցել ամուսնությունը` կանանց պարագայում համարվելով միայնակ մայր` այս կամ այն սոցիալական ծառայությունից օգտվելու հնարավորությունը չկորցնելու նպատակով: Նույնիսկ այն պարագայում, եթե դա կրում է ֆորմալ բնույթ, երևույթն ընդհանրացնում և ներառում է խնդրի մեջ ողջ ընտանիքը, և սոցիալական կատեգորիայի դրոշմը գամվում է ողջ ընտանիքի վրա: Ընտանիքը փորձում է ընդունել տվյալ սոցիալական կատեգորիայի կերպը, սկսում է վերարտադրել խնդիրը և այն փոխանցել ժառանգաբար, և երեխան այդ դրոշմն ընկալում է որպես նորմ: Քանի որ բնակարանը մանկատան շրջանավարտին տրված է 10 տարի անհատույց օգտագործման իրավունքով, նա դուրս չի գալիս նաև այդ կատեգորիայից:

Խնդիրների անլուծելիությունը հաճախ բերում է նրան, որ անհատը չի կարողանում դառնալ սոցիալական և ոչ մի աշխարհի լիարժեք մասնակից: Դա նպաստում է նրան, որ անհատը ստիպված է խաղալ տարբեր դերեր, որոնք հաճախ ներառում են իրար հակասող պահանջներ և պարտականություններ, որոնց (պահանջներին) նա միաժամանակ չի կարող բավարարել: Բազմաթիվ են դեպքերը, երբ շրջանավարտը փորձում է դուրս գալ մեկ սոցիալական կատեգորիայից և չի մտնում մեկ այլ` օրինակ, տնտեսական կատեգորիա՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Մտահոգիչ է, օրինակ, շահառուների աշխատանքային ընթացիկ կարգավիճակը, քանի որ նրանց 31.8%-ը գործազուրկ է:
Իսկ ինչ վերաբերում է զբաղվածներին, ապա նրանց 65%-ը ընդգրկված է ցածր որակավորում պահանջող, ժամանակավոր աշխատանքներում: Այնուամենայնիվ, ծրագրի շրջանակներում տրամադրված 166 բնակարաններում այսօր բնակվում է 459 անձ: Շրջանավարտների շուրջ 73%-ը կազմել է ընտանիք, որտեղ ծնվել է 211 երեխա, ընդ որում երեխաների 78%-ը ծնվել է շրջանավարտների բնակարանով ապահովվելուց հետո: Ընտանիքների 42%-ն ունի երկու երեխա, 17%-ը` 3 և ավելի երեխաներ: Բնակարանով չապահովված շրջանավարտների շրջանում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանցից ընդամենը 37%-ն է կազմել ընտանիք, 63%-ը չունի մշտական բնակության վայր, ապրում են որտեղ պատահի, նրանցից 12%-ը վարում է անօթևան կյանք: 23%-ը մեկնել է արտերկիր` հավանաբար անվերադարձ: Այսպիսով, բնակարանով ապահովման բաղադրիչը կարելի է որոշ չափով համարել մանկատան շրջանավարտի անձնական խնդիրների ինդիկատոր և միաժամանակ սոցիալականացման դժվարությունների հաղթահարման ներքին հենակետ:

2013 թ.-ին նոր միայն հաստատվեց ՀՀ կառավարության «Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:
Ընտանիքի կարևորագույն գործառույթներից է սերունդների միջև կապի և ընտանեկան՝ այդ թվում նյութական, մշակութային և այլ կապիտալի փոխանցումը հաջորդ սերունդներին: Արձանագրելով ժողովրդագրական անբարենպաստ զարգացումների համակարգային բնույթը, ՀՀ կառավարությունը ստանձնեց ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մշակման գործընթացը, որը և հաստատվեց 2009թ.-ին: Ընդ որում, առաջարկվել էր ծրագիրը հաստատել 2009-2035թթ. համար: Այսպիսով, ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը հայտարարվեց որպես պետական քաղաքականության գերակայություն, ազգային-պետական անվտանգության ապահովման կարևորագույն տարր, իսկ ընտանիքը` պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական սուբյեկտ:

Տարածքային զարգացման անհամաչափության հետ կապած խնդիրների, ինչպես նաև միգրացիայի գործընթացների հաղթահարման համար միջոցառումների ցանկում որոշվեց ներառել նաև բնակարանային քաղաքականությանն ուղղված ինստիտուցիոնալ և կազմակերպական ռեսուրսների կենտրոնացում:
Մանկատան շրջանավարտների ծրագրի շրջանակներում, օրինակ, 2005-2006թթ. ձեռք բերված 166 բնակարանների շուրջ 45%-ը գտնվում է Երևանում և 19%-ը` Աբովյանում, ինչը չի համապատասխանում տարածքային համաչափ զարգացման սկզբունքներին:
![]() |
![]() |
2012-2013թթ. ՀՀ կառավարությունը քննարկեց «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը տարբեր պատճառներով չհաստատվեց։ 2013թ. հաստատվեց «Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար ընտանիքներին պետական աջակցության տրամադրման 2014 թ.-ի ծրագիրը»: ՀՀ կառավարությունը հաստատեց երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, ըստ որի՝ երրորդ և չորրորդ երեխաների դեպքում, 2014 թ.-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները պետության կողմից կստանան 1 միլիոն դրամ նպաստ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 մլն 500 հազար դրամ։ Անշուշտ, այս իրավական ակտի արդյունքում 4 և 5 երեխա ունեցող ընտանիքների թիվն աճեց, սակայն այդ միտումը առավելապես նկատվում է լյումպեն կատեգորիայի շրջանում, որոնց համար երեխա ունենալու փաստը առանձնապես հագեցած չէ երեխայի խնամքի պատասխանատվությամբ, սակայն գումարը վերարտադրման լուրջ շարժառիթ է: Այսպես, եթե 1000 բնակչի հաշվով ծնելիության ցուցանիշները 2011, 2015թթ.-ին 14.3-ից նվազել են մինչև 13.9, ապա տոկոսային հարաբերությամբ` 3-րդ երեխայի ծնունդների թիվը 12.3 %-ից աճել է 15.5%, իսկ 4-րդի դեպքում` 2.1%-ից աճել է մինչև 2.5%: Մանկատան շրջանավարտների ծրագրի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երրորդ և չորրորդ երեխաների 17%-ը ծնվել է այս կարգի ընդունումից հետո:
2015թ.-ի դեկտեմբերին շրջանառության մեջ դրվեց «ՀՀ ընտանիքի պետական քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը ներառում է ընտանիքի պետական միասնական քաղաքականության ռազմավարական երկարաժամկետ նպատակներ, ինչպես նաև կարճաժամկետ խնդիրների համար մարտավարական մոտեցումներ: Սույն փաստաթղթի հիմնական ուղղությունները, այդ թվում՝ ընտանիքի ընդհանրական և առանձնահատուկ հիմնախնդիրների լուծման գերակայությունները, սահմանված են 2016-2090թթ. համար:

Հայաստանում գործող սոցիալական ինստիտուտների նորօրյա մոտեցումները և մտածողությունը բերում են նրան, որ ընտանիքը չի դիտարկվում որպես ամբողջություն: Առանձին դասակարգվում են երեխաները, ընդ որում` ոչ թե որպես ընտանիքի որդի կամ դուստր, այլ ընդհանրապես երեխա, ընդ որում` հիմնականում օգտագործվում է երեխա եզրույթը՝ դժվարին իրավիճակում հայտնված, հաշմանդամ, առանց ծնողական խնամքի մնացած դասակարգմամբ:
Այսօր ՀՀ-ում սոցիալական ոլորտի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն պայմանավորված են հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում տեղի ունեցող գործընթացներով, չեն բխում հստակ մշակված սոցիալական քաղաքականությունից և կրում են առավելապես մարտավարական, և ոչ ռազմավարական բնույթ։ Իրականացվող սոցիալական քաղաքականությունը դեռևս հետխորհրդային է, ինչը բնավ չի նշանակում, որ այն նորն է: Բովանդակային նոր մոտեցումներն ու մտածողությունը դեռևս գտնվում են սաղմնային փուլում, իսկ առկա բացթողումները պայմանավորված են ՀՀ-ում հայեցակարգային միասնական մոտեցումների և սկզբունքների, տնտեսական իրական հնարավորությունների վրա հիմնված սոցիալական քաղաքականության միասնական ռազմավարական ծրագրի բացակայությամբ: Եթե մարտավարական ծրագրերը չեն բխում ազգային գաղափարախոսության վրա հենված ռազմավարությունից, այդ մեխանիզմը չի գործում կամ ունենում է ցածր օգտակար գործողության գործակից:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ





Մեկնաբանել