Նախարարությունը հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից
Տրանսպորտի ոլորտի օրենսդրական բարեփոխումներից հետո տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այս տարվա հունվարին նախաձեռնեց դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպում: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության բաժինը:
Հայտարարվեց մրցույթ 12 երթուղիների համար: Մասնակցության հայտ ներկայացրեցին 20 ուևորափոխադրող կազմակերպություններ, 1 երթուղու համար հայտեր չեղան:
Ինչպես հայտնում է նախարարի առաջին տեղակալ Արամ Արսենյանը, մրցույթների արդյունքներն արդեն ամփոփվել են, ընտրվել են լավագույն 11 ընկերությունները, որոնք ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ:
Դեպի Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից:
«Կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից, քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են և, որ ամենակարևորն է, անվտանգ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հայավտոկայարան» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերից ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում»,- ասել է նախարարի տեղակալը:
Արսենյանի խոսքով` ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները պետք է փոխադրեն միայն զբոսաշրջային խմբեր։ Նրանք այլևս հնարավորություն չեն ունենա իրականացնել կանոնավոր փոխադրումներ ոչ կանոնավորի անվան տակ:
Տրանսպորտային տեսչության աշխատակիցներն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սահմանային անցակետերում վերահսկողական միջոցառումներ են իրականացնում և, Արամ Արսենյանի խոսքով, դա կրելու է պարբերական բնույթ:
«Այն ընկերություններին, որոնք մինչև այժմ գործել են օրենքի շրջանակներից դուրս, առաջարկում ենք իրենց գործունեությունը համապատասխանեցնել գործող կարգին, հակառակ դեպքում նրանց հանդեպ կկիրառվի վարչական պատասխանատվություն»,- նշել է նախարարի տեղակալը:
լուսանկարը` mtc.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել