Ձանձրույթ և այլն
Մարտի 14-ից ապրիլի 1-ը Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ), տեղի ունեցավ Էդ Թադևոսյանի «Ձանձրույթ և այլն» ցուցահանդեսը։
Ներկայացված էր արտադրական թափոնների և հեղինակային լուսանկարների համադրությամբ ստեղծավ գործեր:
«Մետաղը գալիս է կոնկրետ արդյունաբերական պատվերները տպելու համար: Որ թիթեղի կողքից տեղ էր մնում, այդ հատվածներում տպել եմ պատահական՝ սրանք, հետո սրանք»,-պատմում է Էդ Թադևոսյանը:
Լուսանկարները արվեստագետն ալյումինե թափոնների վրա տպել է հատուկ եղանակով. «Տպելուց 40 րոպե հետո քիմիական հատուկ լուծույթի մեջ է պահվում, որպեսզի կայուն լինի, չմաքրվի: Մետաղը ժամկետ ունի, ինչ-որ ժամանակ հետո սկսում է դեղնել: Օրինակ՝ կան գործեր, որ նայում ես, կետեր են երևում, որ չպիտի լինեն: Արդեն կորչելու էին, դրա համար էս ամբողջ շարքը դրանց վրա է տպվել»:
Համադրող Թերեզա Դավթյանին աշխատանքները մինագամից են հետաքրքրել, ավեստագետին հանդիպել է ընկերներից մեկի տանը, ծանոթացել ու առաջարկել համագործակցել:
Լուսանկարները
Էդ Թադևոսյանի լուսանկարներում հատուկ տեղ ունի աշխատանքի թեման, որ ներառված էր նաև ցուցահանդեսում ներկայացված գործերի մի շարքում: Դրանց միջոցով հեղինակին հաջողվում է փոխանցել սեփական փորձը: Լուսանկարներում ոչ միայն կրկնվող գործողությունների նկարագրություններ են, այլև փոխկապակցված դետալների, ընդհանուր «ցանցի» պատկերումներ: Շատ հաճախ դրանցում բացակայում է մարդը՝ ստեղծողը, փոխարենը շեշտվում են աշխատանքային գործիքները: Բոլոր դետալները ներկայացվում են մեկ ամբողջականությամբ՝ կարևորություն տալով հենց ընդհանուր պրոցեսին:

Լուսանկարների մյուս մեծ թեման դիմանկարներն են, մասնավորապես՝ 65-ից բարձր տարիքի մարդկանց: Արագության շնորհիվ լուսանկարչին հաջողվել է «որսալ» շարժման մեջ գտնվող կերպարները՝ ֆոտոխցիկը ենթարկելով իր մտադրություններին, ինչը կենդանություն է հաղորդել դիմանկարներին: Վերջիններս փոխանցում են դրանցում պատկերված մարդկանց կյանքի պատմությունն ու տրամադրությունը:
Թափանցման շնորհիվ Էդ Թադևոսյանը կարողացել է գտնել մարդու կերպարային հատկանիշը, ապա տեխնիկապես փոխանցել՝ այդ հատկանիշները կոդավորելով պատկերներում:
Ձանձրույթ և այլն
Իր ստեղծագործությունների մասին Էդ Թադևոսյանը պատմում է. «դրանք արտադրության մնացորդների վրա տպված մի բան են, արվել են ուղղակի պահի տակ, ցույց տալու համար»: Բայց «պահի տակ» արված գործերն, իրականում, արվեստագետի երկար մտորումների ու միօրինակ աշխատանքից ձանձրանալու արդյունքն են:

Արդյունաբերության դարաշրջանում, երբ մարդը ստիպված է իր ժամանակը տրամադրել աշխատանքին, որի արդյունքում հաճախ ստացվում է միանման արտադրանք (ինչպես օրինակ գործարանայինի դեպքում), արվեստագետը սկսում է ձանձրանալ: Սակայն ձանձրույթը նրան նաև օգնում է փնտրել հետաքրքիր ինչ-որ բան, այլ անկյունից նայել ամենօրյա գործընթացին, և հենց այդտեղ է, որ սկսում է երևակայել և ստեղծագործել: Երկար տարիներ աշխատելով արտադրամասում, որ արվեստի հետ կապ չուներ, արվեստագետն, այնուամենայնիվ, ժամանակ է գտել ստեղծագործելու, այսինքն՝ տեղ է բացել «հետաքրքիր»-ի համար:
Այդպիսով ձանձրալի և անընդհատ կրկնվող պրոցեսը որոշակի իմաստ, հետաքրքրություն է ստացել: Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների հետաքրքիր կողմերի մասին Էդ Թադևոսյանն ասում է. «Հարցն այն է, որ մոնիտորի լույսը նաև ետևից է, իսկ ձեռքում նկարը ետևից չի լուսավորվում, ալյումինի ֆոնն էլ իր էֆեկտն է տալիս»:
Դասավորությունը
Ցուցահանդեսի մի հատվածում նկարները դասավորված են այնպես, կարծես հենց միօրինակ աշխատանքի կրկնություններ լինեն: Այդ կրկնությունները կազմված են կուտակումներից, որ կարծես չփոփոխվող գործընթացից առաջացած ձանձրույթի կուտակումներն են, և ուղիղ շարքերից:

Առաջին «կուտակման» մեջ ձանձրացող մարդիկ են, որ դարձել են ստեղծագործություն՝ իրենց սկզբնական վիճակից վերափոխվելով: Ապա աշխատանքի գործընթացի ստատիկ շարքն է: Այս ստատիկ «գծում» լուսանկարներն էլ նույն այդ թեմայով են: Ապա հաջորդաբար կրկնվում են գծերն ու կուտակումները, որ կազմված են լուսանկարների տարբեր շարքերից՝ դիմանկարներ, ձեռքեր և այլն:

Այս հատվածում իրար կողք կողքի կարելի է կրկնվող նկարներ տեսնել, որ հենց նույնատիպ ընթացքի, կրկնությունների իմաստն են փոխանցում: Հեղինակը նշում է, որ ինքն էլ չի նկատել, որ նույն լուսանկարը երկու անգամ է տպել:
Մյուս հատվածում լուսանկարները որևէ ժամանակային ու թեմատիկ հստակ դասավորվածություն չունեն: Համադրող Թերեզա Դավթյանը նշում է, որ փորձել են փոքրիկ շարքեր առանձնացնել՝ քաղաք շարքը, դիմանկարների շարքը՝ փորձելով նաև առանձնացնել ԷԴ Թադևոսյանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող լուսանկարները. «Օրինակ այս երկուսը միասին դրեցի, պարզվեց բարեկամական կապ ունեն»,-նշեց Թերեզան:
«Ձանձրույթ և այլն» ցուցահանդեսը առաջինն է Էդ Թադևոսյանի համար, որ ընթացքի մեջ էր մինչև ապրիլի 1-ը:
Մարգարիտա Ղազարյան
Լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել