HY RU EN

Արաքս Մամուլյան

Վոլոդյա Ավետիսյան. «Ամբողջ երկիրը թալանել են, կարելի է, ընկերոջս բարևել չի կարելի»

Դատարանի դահլիճից դուրս՝  ապակյա դռներից այն կողմ, երեխային գրկին կանգնած էր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի որդին: Երեխային բերել էր, որ պապը տեսնի, բայց երեխաների մուտքը դատական նիստերի դահլիճ չի թույլատրվում:

Հետո նիստերի դահլիճ բերված Վոլոդյա Ավետիսյանն ուզում էր ձեռքով բարևել ընկերներից մեկին. ոստիկաններն ասացին, թե չի կարելի:

«Ամբողջ երկիրը թալանել են. դա կարելի է, ընկերոջս բարևել չի կարելի»,- դժգոհեց Ավետիսյանը:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Ավետիսյանի վաղաժամ ազատման վերաբերյալ դիմումի գործով դատական նիստ, որից հետո դատավոր Արտուշ Գաբրելյանը հրապարակեց մերժման որոշումը. Ավետիսյանը կշարունակի մնալ կալանքի տակ, մինչև մայիսի վերջ:

Հիշեցնենք, որ Ավետիսյանը մեղադրվել և դատապարտվել է խարդախության և խարդախությանփորձի մեջ․ ըստ քրեական գործի՝ քաղաքացուց 2 հազար դոլար է վերցրել վերջինս թոռանը բանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում՝ 500 դոլար է փորձել վերցնել՝ կրկին բանակում «հարցեր լուծելու» համար, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, անազատության մեջ է 2013-ի սեպտեմբերից: Նույն տարում հայտարարված համաներումով պատժաչափը կրճատվել է, և  արդյունքում ազատ կարձակվի այս տարվա մայիսին, սակայն փաստաբանը ցանկանում է օր առաջ ազատել նրան:

Կալանավայրում պատժի կրման ընթացքում քրեակատարողական վարչությունն արդեն 6 անգամ դրական բնութագիր է տվել Ավետիսյանին, հայտնել, որ վերջինս պատիժը կրելու կարիք այլևս չունի ու ազատ արձակման ներկայացրել, սակայն անկախ հանձնաժողովը մերժել է նրա վաղաժամ ազատման դիմումներն`առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:

Ավետիսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանն էլ դիմել է դատարան, բայց ոչ վիճարկելու համար անկախ հանձնաժողվի որոշումը:

Փաստաբանը,  հղում կատարելով միջազգային իրավական նորմերին ու ՀՀ օրենսդրությանը, պնդում է, որ անձն ինքը կարող է իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով դիմել դատարան`անկախ հանգամանքից, թե հանձնաժողովն ինչ որոշում է կայացրել:

Մելքոնյանը, հղում կատարելով քրեակատարողական վարչության կողմից իր վստահորդի վերաբերյալ դրական բնութագրին,  նշում է, որ Ավետիսյանը պատիժը կրելու կարիք այլևս չունի. պատժի նպատակը կատարվել է, և իր պաշտպանյալն ուղղված է:

Դատարանի որոշման պատճառաբանական մասին փաստաբանը դեռևս ծանոթ չէ: Ասում է`գրեթե 100%-ով վստահ է, որ ծանոթանալուց հետո բողոքարկելու է դատական ակտը:

Մելքոնյանի խոսքով՝ ինքը կշարունակի պայքարեց, եթե անգամ դատական պրոցեսները ձգձգվեն ու այդ ընթացքում Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվի:

«Սա  իրավունքի պաշտպանության խնդիր է, և անկախ ամեն ինչից մենք դեռ միջոցներ ունենք սպառելու»,- ասաց Արաքս Մելքոնյանը: