
ՀՀԿ ավագանու թեկնածուներն ավելի շատ են, քան «Ելք»-ինն ու «Երկիր Ծիրանի»-ինը միասին
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 841 973 ընտրող։Քաղաքացիները ընտրելու են Երևանի քաղաքապետ և ավագանու անդամներ։
Ավագանու ընտրություններում մասնակցելու է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինքը և «Երկիր Ծիրանի», Հայաստանի հանրապետական կուսակցությունները։
«Ելք» դաշինք
Այս դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ցուցակը ընդգրկում է 63 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններից, առաջադրվել են նաև անկուսակցական թեկնածուներ։ Այս անգամ կրկին կպայքարեն ապրիլի 2-ի ընտրություններում քիչ ձայներ հավաքած թեկնածուները։
«Երկիր ծիրանի»
Կուսակցությունը արդարադատության նախարարությունում գրանցվել է ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Դրա ղեկավարը պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է, ով էլ ավագանու ընտրություններում գլխավորելու է ցուցակը։ Կուսակցությունը ավագանու ընտրություններում առաջադրել է 51 թեկնածուի, որից 29-ը կանայք են։ Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ «Երկիր Ծիրանի»-իի բոլոր թեկնածուները աշխատում են, և հիմնականում գերակշռում են հումանիտար գիտությունների ներկայացուցիչները։
«Հայաստանի հանրապետական կուսակցություն»
ՀՀԿ-ն ամենաշատ թեկնածուներով է մասնակցելու ընտրությանը։ Այս կուսակցության թեկնածուների թիվը 195-ն է, որն ավելին է, քան մասնակցող մնացած երկու կուսակցությունների թեկնածուների թիվը միասին։ Այս քաղաքական ուժի ցուցակը կրկին գլխավորելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուների ցուցակում են նաև քաղաքապետի տեղակալները, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները, բացի Արաբակիրի ղեկավար Հովհաննես Վարդանյանից։ Կան նաև քաղաքապետարանի վարչությունների պետեր, դպրոցի տնօրեններ, արվեստագետներ և ավագանու անդամներ։
Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու միայն «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ն՝ իր 147 դիտորդներով։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել էր թվով 28 021 դիտորդ՝ 49 տեղական հասարակական կազմակերպություններից։
Մեկնաբանել