Հայաստանի եւ Լիբանանի արտգործնախարարները հանդիպել են
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Երեւան ժամանած Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրին:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Լիբանանի նախագահի պաշտոնական այցելությունը Հայաստան առավել կամրապնդի բարեկամության դարավոր ավանդույթների վրա հիմնված հայ- լիբանանյան հարաբերությունները:
«Լիբանանի նկատմամբ հատուկ ջերմ զգացմունքներ եմ տածում, քանի որ դիվանագիտական գործունեությունս սկսել եմ շուրջ 35 տարի առաջ հենց Բեյրութում եւ ձեր երկրում ունեմ շատ բարեկամներ», - ասել է նախարար Նալբանդյանը:
Նախարար Մանսուրը իր հերթին նշել է, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության առավել ընդլայնմամբ:
Նախարարները երկու երկրների ղեկավարների հանձնարարությամբ քննարկել են փոխայցելությունների եւ շփումների պարբերական կազմակերպման, երկկողմ համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով երկուստեք ընդգծվել է, որ անհրաժեշտ է քաղաքական հարաբերությունների առկա բարձր մակարդակը լրացնել տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմամբ եւ նշվել է, որ այսօր ստորագրված երկկողմ փաստաթղթերը լուրջ խթան կհանդիսանան այդ ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման մասին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ, մասնավորապես` արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների, մերձավորարեւելյան կարգավորման եւ արցախյան հիմնահարցի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել