
«Մեքենաները փոսերից փախցնում են, վթարի ենթարկվում». Ինչպես են երթեւեկում Տավուշում
«Ճանապարհը սպասարկում է «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ն»,-գրված է Տավուշի մարզի Մ4 միջպետական ճանապարհին տեղադրված ցուցանակին։ Սակայն եթե սրա փոխարեն գրված լիներ «Ճանապարհը չի սպասարկում «Լեւոն Երկրորդ» ընկերությունը», ըստ էության ոչինչ չէր փոխվի, քանի որ Մ4 ճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածը չի սպասարկվում։
Տավուշի մարզի ճանապարհներն ասես 90-ականներին հրետակոծված լինեն։
Որոշ հատվածներ իսկապես դժվարանցանելի են եւ վնաս են պատճառում ավտոմեքենաներին։ Դիլիջանից մինչեւ Իջեւան 35 կիլոմետրանոց ճանապարհը ներկայումս հնարավոր է անցնել սովորականից մոտ երկու անգամ ավել ժամանակամիջոցում։
Երեւան-Իջեւան միջպետական ավտոճանապարհի 117 կմ-ին, Հովք գյուղի հատվածում, որտեղ ճանապարհը 2010 թվականին սողանքից փլուզվել էր եւ ամիսներ անց վերականգնվել մոտ 150 միլիոն դրամ ներդրումների շնորհիվ, խոր փոսեր են: Տուրիստական ավտոբուսների, այլ երկրներից Հայաստան ապրանքներ տեղափոխող բեռնատարների վարորդները տեսնելով ճանապարհը տեսանկարահանող լրագրողին, բթամատը վերեւ են բարձրացնում՝ ակնարկելով, որ ճիշտ է, ճանապարհների մասին խոսել է պետք: Նրանցից մեկը հրաժարվելով տեսանկարահանվելուց, ասաց, որ Չեխիայից է, Հայաստան ապրանք է ներկրում, անցել է Վրաստանով, եւ որ երկու երկրների ճանապարհների միջեւ ահռելի տարբերություն կա:
Հայ վարորդները դժգոհում են իրավիճակից, պատմում, որ նման ճանապարհներով երթեւեկելը մեծ ծախսեր է բացում:
Հայաստանի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված պարզաբանման համաձայն՝ Մ4 միջպետական ավտոճանապարհը ներառված է ընթացիկ ամառային պահպանման ճանապարհների ցանկում: Ներկայում սկսվել են փոսային նորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մայիսի 10-ին։
Երթեւեկության վիճակն առավել ծանր է Հաղարծին գյուղի հատվածում: Գյուղի կենտրոնով անցնող միջպետական ճանապարհի մոտ 1 կիլոմետր հատվածն անգամ 15-20 րոպեում անհնար է անցնել, եթե, իհարկե, պատրաստ չես վնասել ավտոմեքենադ:
Հիշեցնենք, որ միջպետական ճանապարհի այս հատվածում մարտի 17-ին «Հաղարծին» ՓԲԸ-ն փոսերը լցրել էր ավազով, քանի որ հաջորդ օրը պետք է Տավուշի մարզ ժամաներ վարչապետ Կարեն Կարապետյանը: Սա զայրացրել էր Հաղարծնի բնակիչներին:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը միջպետական ճանապարհի այս հատվածի վերաբերյալ «Հետք»-ին պարզաբանել է, որ այն ենթակա է հիմնանորոգման, եւ քննարկվում է ֆինանսական միջոցների հայթայթման հարցը:
«Ֆինանսական միջոցների առկայության դեպքում` նշված հատվածը կընդգրկվի հիմնանորոգման ենթակա ճանապարհների ցանկում, իսկ մինչ այդ՝ անցանելիությունը կապահովվի փոսային նորոգման միջոցով»,-ասվում է նախարարության՝ «Հետք»-ին ուղղված գրության մեջ:
Մեր տեղեկություններով, կառավարությունում մտադիր չեն պետական բյուջեից գումար հատկացնել այս ճանապարհի հիմնանորոգմանը: 2015 թվականի մայիսի 15-ին կայացած տեղական հանրաքվեից հետո, չնայած բացասական արդյունքներին, Հաղարծին գյուղը զրկվել է առանձին համայնք լինելու կարգավիճակից եւ դարձել Դիլիջան համայնքի մաս: Եվրամիությունը խոստացել է համայնքների խոշորացման դեպքում ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքներում:
Կառավարությունը ձեռքը գրպանը չի տանում հենց այդ պատճառով: Հայաստանում սպասում են Եվրամիության փողերին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել