Կարեն Խաչատուրով. Լուսանկարչություն-էսկապիզմ
Սյուզան Սոնթագի «Լուսանկարչության մասին» գիրքը ձեռքիս նստած եմ ՆՓԱԿ-ի աստիճաններին: Ցուցապաստառներից հասկանում եմ, որ Էդ Թադևոսյանի «Ձանձրույթ և այլն» ցուցադրությանը դեռևս կարելի է հասցնել: Կարծում եմ, որ լուսանկարները, որոնց հեղինակը (հարցա)զրույցի համար շուտով այստեղ կլինի, ևս զերծ չեն ձանձրույթի ձևային և բովանդակային դրսևորումներից: Որովհետև լուսանկարները «գեղեցիկ»-ից բացի որևէ այլ բառով որակավորել, բնութագրել չեմ կարողանում, մտաբերում եմ Սոնթագի տեսությունը լուսանկարչության և գեղեցկության մասին: Մինչ թերթում եմ «Տեսողության սխրանքը» էսսեն, Կարենը մոտենում է աստիճաններին:
|Դալարիք
Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, բժշկական քոլեջում եմ սովորել, նաև երաժշտությամբ, գեղանկարչությամբ եմ զբաղվում: Լուսանկարչությունը նախ ինձ համար էր բացահայտում, ապա` շրջապատիս: Ես չէի պատկերացնում, որ մի օր կսկսեմ լուսանկարել: Գուցե դա է պատճառը, որ անմիջապես սկսեցի ցույց տալ, կիսել լուսանկարներս ընկերներիս, հարազատներիս հետ , որոշ ժամանակ անց ցանկացա ցուցադրվել: Անցյալ տարի երկու ցուցադրություն ունեցա` «Սյուռեալ տիեզերք» և «Հավանա» խորագրերով, հիմա մտածում եմ Եվրոպայում ցուցադրվելու մասին, մի ծրագրի եմ դիմել, տեսնենք ինչ կլինի:
Երբ նոր էի սկսել լուսանկարչությամբ զբաղվել, ամեն ինչ նկարում էի, 2016-ից, երբ սկսեցի շատ կարդալ, ուսումնասիրել, ինձ գտա կոնցեպտուալ ուղղության մեջ, երբեմն նաև վավերագրական լուսանկարչությամբ եմ զբաղվում: Հիմա ուզում եմ նաև կոնցեպտուալ ոճի վիդեոներ նկարել:
Կարեն Միրզոյանը մի անգամ ասաց, որ իմ լուսանկարներում լավ բառեր կան, բայց ոչ նախադասություններ: Խորհուրդ տվեց շատ կարդալ, ուսումնասիրել մյուսների փորձը, ինչն օգնեց ընդարձակել մտահորիզոնս: Նկարը, որի լավ կամ վատ լինելը ճաշակի հարց է, պիտի տպած նայես, որ կարողանաս մտնել մեջը: Սկզբում ավելի շատ լուսանկարչության տեխնիկական կողմի մասին էի կարդում, հետո` բովանդակային, ճաշակ էի զարգացնում: Շատ բան եմ սովորում Դեյվիդ Լաշապելից, ով թեև հիմնականում լուսանկարում է գովազդ, հայտնիներին, բայց շատ գույներ է օգտագործում, Գայ Բուրդինից, վավերագրական լուսանկարիչներից ոգեշնչում են Ալեքս Ուեբը, Կուդելկան, Բրեսսոնը.. շատ-շատ կան: Իրենց ուսումնասիրելը ի՞նչ է տալիս: Ցանկություն, մոտիվացիա ինչ-որ բան անելու: Ամեն անգամ «Միրզոյան» գրադարանից դուրս գալիս ուզում եմ լուսանկարել, ինչ-որ նոր բան ստեղծել:
| Մեղուշ-դեղձան
Մի անգամ ինքս ինձ նկարեցի: Բաճկոնից դուրս եկող ձեռքի կադր էր: Հետո սկսեցի մշակել, գույներ ընտրել, գնալ կոնցեպտուալ լուսանկարչության ճանապարհով: Պաստելային գույներ եմ ընտրում. կանչող են, էսթետիկ: Հաճախ հարցնում են` ներկե՞լ ես: Ոչ, գտնում եմ, ատրիբուտներ ավելացնում: Եթե իմ ուզած գույները չկան` ներկում եմ, դեկորներ ստեղծում, փորձում դետալների համադրման միջոցով գույներ ստանալ: Իմ լուսանկարների մասին խոսելիս` շեշտը գույների վրա են դնում: Առաջ փորձում էի ավելի շատ պարադոքսալություն ստանալ կադրի մեջ, սյուռեալություն, հիմա ամեն ինչ խառնել եմ իրար: Ինձ համար կարևոր է զրոյից ստանալ իմ պատկերացրած կադրը: Պատահում է, որ սկզբից եմ ամեն ինչ պատկերացնում, լինում է, որ տեղում եմ որոշում: Ավելի հավես է, երբ էքսպերիմենտներ եմ անում, դուրս գալիս իմ գծած շրջանակից: Կոնցեպտի և միջավայրի միջև ընտրության, առաջնահերթության հարց է: Երբեմն ընկերներս են ինչ-որ վայր գտնում, ասում` քո գույներն են, գնա, նկարի: Կոնցեպտի մեջ սև գույնը գրեթե չեմ կիրառում, բայց գուցե գա ժամանակ, որ սկսեմ սև ու սպիտակ կոնցեպտուալ լուսանկարներ էլ անել:
| Ծավի
Լուսանկարներս ուրիշ աշխարհ են ստեղծում, որ հաճախ այս աշխարհի մեջ է: Գուցե իմ լուսանկարներում էսկապիզմ կա: Իմ աշխարհը անվանում չունի, ուղղակի վիզուալ տարածք է: Չեմ լուսանկարում ինչ-որ բան ցույց տալու համար. այդ ամենն իմ գլխում է: Իմ լուսանկարները անհատական են, գլոբալ չեն: Ընդհանուր ուղերձ չեմ դնում լուսանկարի մեջ, ամեն մեկն իր ձևով է տեսնում:
Մի շարք կա, որ կոչվում է Positive vibes (Դրական թրթիռներ): Մարդիկ երբեմն չեն տեսնում իրենց շրջապատող գեղեցկությունը: Շարքի սիմվոլը ծուխն է, որ սփռում է դրական լիցքերը: Իմ նկարներն էլ կարող են նման բան տարածել: Տարբեր կերպարների, գույների միջոցով փորձում եմ մեզ շրջապատող (ան)տեսանելի գեղեցիկը, դրականը ցույց տալ:
Մի շարք ունեմ, որտեղ մարդկանց փորձել եմ ինտերիերի մաս սարքել: Ագրեսիա չկա դրա մեջ, այլ` ծաղր:
Սկզբնական շրջանում չէին հասկանում ինձ: Հիմնական հարցն էր. «իմաստը՞, էս ի՞նչ ես անում»: Ես կարծում եմ, որ արվեստը բացատրություն չի ենթադրում: Կոնցեպտը պետք է ունենա գաղափար, բայց պարտադիր չէ, որ արվեստի մեջ նման բան փնտրես, գուցե դա պարզապես զգացմունք է: Զգացմունքն է գաղափար ծնում:
Երբ ավելի շատ դոկումենտալ էի լուսանկարում, տեսախցիկը միշտ հետս էր, հիմա, երբ խորացել եմ կոնցեպտի մեջ, ավելի քիչ եմ հետս վերցնում: Եթե չեմ կարողանում լուսանկարել գեղեցիկը, ափսոսանքի, մեղավորության զգացողություն եմ ունենում: Կուբայում ամբողջ օրը տեսախցիկս հետս ման էի տալիս, բայց մի անգամ մի կադր տեսա, որտեղ տղամարդը մերկ վազում էր, բայց տեսախցիկ չունեի, որ նկարեի:
Լուսանկարչական սարքը փոխում է ամեն ինչ. սկսում ես ֆոտոներ որսալ` նույնիսկ առանց ապարատի: Ռեֆլեքս է դառնում: Կանխատեսում ես, թե ինչից հետո ինչ կլինի:
Լուսանկարվողին բացատրում եմ կոնցեպտը, բայց շատ չեմ խորանում, որովհետև կարծում եմ մեծամասնության համար լուսանկարվելու ընթացքը հաճելի է:
Լուսանկար չեմ վաճառել, որովհետև դրսում դեռ չեմ ցուցադրվել, բայց հրավեր ունեմ, իսկ այստեղ` անհնար է: Գումար վաստակում եմ ֆրիլանս լուսանկարչությամբ, միջոցառումներ եմ լուսանկարում: Հայաստանում չկա ֆոտոշուկա, ֆոտոմրցույթներ, որակյալ տպագրություն: Ցուցադրվելը հեշտ է, եթե գումար ունես, կարող ես վճարել լուսանկարներիդ տպագրության համար: Այստեղ ներկայացվելը կարևոր է ոչ թե + ստանալու, այլ` արձագանքը, քննադատությունը հասկանալու համար: Չպետք է մտածես. «Չկա, չանեմ», պետք է անես, որովհետև չգիտես, թե ով կտեսնի, ինչ կլինի հետո, ինչ դուռ կբացվի:
Լուսանկարներս երբևէ որևէ մշակութաբան, մշակութային քննադատ չի վերլուծել: Արձագանքը հարցազրույցներից, լուրից չի անցել: Այստեղ չեն խորանում, կարծում եմ, որ շուկայից էլ է գալիս: Երբ նոր էի սկսում հետաքրքիր էր մյուսների կարծիքները, արձագանքը: Ցուցադրության ժամանակ ուշադիր էի, թե ինչպես էին մարդիկ նայում կախված լուսանկարներս, փորձում էի լսել, թե ինչ են խոսում: Կարծիք պետք է լսել, բայց չառաջնորդվել դրանով: Ավելի կարևոր է հասկանալը, թե դու ինչ ես ուզում, և անել դա: Վերլուծության բացակայությունը չի խանգարում ինձ, կարծում եմ, որ մրցույցթներն ավելի կարևոր են:
Մարիամ Եղիազարյան,
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Առաջին լուսանկարը՝ Տիգրան Գալստյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել