Վանաձորի ավագանին ընդունած որոշումներն առաջիկա նիստում ուժը կորցրած կճանաչի
Գայանե Սարգսյան
Վանաձորի ավագանու վերջին ՝ մարտի 31-ին կայացած նիստում ներկա ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների խմբակցությունների թվով 15 ավագանու անդամների կողմից հաստատվել էր համայնքի 2017թ.-ի տեղական տուրքերի ու վճարների տեսակներն ու դրույքաչափերը: 2016թ.-ին գործող տեղական տուրքերի ու վճարների որոշ տեսակների համար դրույքաչափերը փոփոխվել էին:
Ավագանու կողմից միաձայն կողմ քվեարկված որոշումն ուժի մեջ էր մտնելու հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: Մինչ սահմանված ժամկետը կլրանար, Վանաձորի քաղաքապետարանր տարածեց հաղորդագրություն՝ ապրիլի 18-ին կայանալիք ավագանու նիստում առկա հարցերի թվին ավելացնելով Վանաձոր համայնքի ավագանու 2017թ.-ի մարտի 31-ին ընդունած որոշումն ուժը կորցրած ճանաչելու և համայնքի 2017թ.-ի տեղական տուրքերի ու վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին հարցը:
Մարտի 31-ին ավագանու կողմից սահմանվել էր նաև համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վարձավճարների ու համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի ու բնակելի տարածքների վարձավճարների չափերը: Այս հարցը, սակայն, կրկին ընդգրկվել է ավագանու ապրիլիր 18-ին կայանալիք նիստի օրակարգում՝ մարտի 31-ին կայացրած որոշումը ուժը կորցրած ճանաչելու ու վարձավճարների նոր չափեր սահմանելու համար:
Համայնքի ավագանու մարտի 31-ի որոշմամբ հաստատվել էր համայնքի 2017-2021 հնգամյա զարգացման ծրագիրը: Ավագանուն էր ներկայացվել զարգացման ծրագրի ամբողջական փաթեթը՝ ըստ տարբեր ոլորտներում նախատեսվող աշխատանքների:
Մինչ զարգացման ծրագիրն ավագանու նիստին ներկայացնելը քաղաքապետարանում վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ կազմակերպվել էին ծրագրի հանրային քննարկումներ՝ նախատեսված ավագանու անդամների, հկ-ների, քաղաքացիների ու տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար: Այդ հանրային քննարկումներին մասնակիցների թիվը չէր անցել 3-4 տասնյակը: Այդուհանդերձ, թվում էր, որ զարգացման ծրագրի միաձայն հաստատումը համայնքի ավագնու կողմից ամիսներ տևած քննարկումների վերջին կանգառն էր լինելու:
Ավագանու նիստից օրեր անց, սակայն, ապրիլի 11-ին համայնքապետարանը տարածեց պաշտոնական հողրդագրություն, տեղեկացնելով, որ ապրիլի 19-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2017-2021 թթ.-երի զարգացման ծրագրի քննարկում և քննարկմանը մասնակցելու են հրավիրվում բոլոր շահագրգիռ անձանց:
Սրան նախորդել էր ապրիլի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հնչեցված հայտարարությունն այն մասին, որ «վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելությունների ընթացքում համայնքների բնակիչները հարցեր են բարձրացրել, որոնք ընդգրկված չեն եղել իրենց համայնքների զարգացման ծրագրերում, բացի այդ, ոմանք անգամ տեղյակ չեն եղել, որ նմանատիպ ծրագիր է մշակվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել ծրագրերը վերանայելու և հանրային լսումներ կազմակերպելու»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել