Ռուբեն Վարդապետ Զարգարյան. «Սովորեցի չմեղադրել առանց այն էլ մեղադրված մարդուն»
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Սուրբ Զատկի տոնի խորհրդով այս անգամ Մհեր Ենոքյանի գրավոր հարցերին պատասխանել է Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն Վարդապետ Զարգարյանը:
Ռուբեն Վարդապետ,
Եթե չեմ սխալվում, շուրջ 10 տարի է՝ Դուք հոգևոր սպասարկում եք իրականացնում կալանավայրերում: Երբ հոգևոր սպասարկում էիք իրականացնում նաև ցմահների մասնաբաժնում, մենք մի քանի անգամ հանդիպել ենք, զրուցել: Հետո Ձեզ փոխարինեց տեր Գրիգորը, ով նույնպես սիրով շարունակում է իրականացնել առաքելությունը:
«Շողակաթ» հեռուստաալիքով նայում եմ Ձեր «Օր 6-րդ» հաղարդաշարը: Որպես «Հետք» ինտերնետային թերթի ցմահ ազատազրկված բանտային թղթակից հրավիրում եմ Ձեզ հարցազրույցի:
-Ե՞րբ և ինչու՞ որոշեցիք նաև կալանավայրերում իրականացնել Ձեր առաքելությունը:
-2011թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ ծառայության կոչվեցի ազատազրկման վայրերում որպես հոգևոր պատասխանատու: Եկեղեցական ասպարեզում սովորաբար հոգևորականը չէ, որ որոշում է իր ծառայության վայրը, և որպես հնազանդության ուխտի մեջ գտնվող մեկը՝ սպասավորության է մեկնում այնտեղ, որտեղ նշանակվում է եկեղեցու բարձրագույն իշխանության կողմից: Հաշվի առնելով բանտային ոլորտի նրբություններն ու դժվարությունները, ինչպես նաև անձնական փորձառության պակասը՝ վստահաբար ըմբռնումով կմոտանային, եթե հրաժարվելու ցանկություն հայտնեի, ինչի մտադրությունն սկզբում ունեի: Սակայն եռօրյա մտորումներից և աղոթական վիճակից հետո ներքին կանչ և համարձակություն զգացի ստանձնելու դժվարին առաքելությունը և խոնարհվելու Տիրոջ կամքի առջև, այն հավատով, որ Տերն ինքը զորավիգ կլինի ինձ՝ ճաղերից այն կողմ հասցնելու Իր խոսքն ու օրհնությունը: Երեք օր շարունակ ներաշխարհիս մեջ զգում էի արձագանքը Քրիստոսի՝ «բանտում էի, և ինձ այցի եկար» խոսքը, որը առաքելության կոչ է: Հետևաբար, ես ինձ ուղարկված եմ զգում:
- Ձեր աշխատանքի արդյունքում, կարծում եմ, որ շատերի հոգիներում և մտքերում խաղաղություն է հաստատվում, իսկ Ձե՛ր մեջ, Ձե՛ր մոտեցումներում ինչ-որ բան փոխվու՞մ է անազատության մեջ գտնվող մարդկանց հետ շփվելիս:
-Բանտային հոգեխնամ առաքելության ընթացքում անձնական մեծագույն ձեռքբերումս, կարծում եմ, քրիստոնեական «մի՛ դատիր, որ չդատվես» սկզբունքի գործնական ընկալումն է: Մենք սովորաբար կտրուկ ենք դիմացինին մեղադրելու մեջ, մինչդեռ ամեն անգամ արդարացում ենք փնտրում, երբ մենք ենք գործում նույն կամ նմանատիպ արարք: Այսպես, մեղանչում ենք թե՛ ճշմարտության և թե՛ արդարության դեմ: Այս իմաստով սովորեցի չմեղադրել առանց այն էլ մեղադրված մարդուն, այլ հասկանալ նրա ամբողջ ողբերգությունը, դիտարկել հանցավոր արարքը բոլոր կողմերից, հատկապես հանցանքը ծնող պատճառները: Սովորեցի դատապարտյալի մեջ տեսնել ոչ թե հանցագործին, այլ մարդուն, որը կարիք ունի զատվելու հանցանքից: Փորձեցի ինձ նույնացնել ազատազրկվածի հետ՝ հասկանալու Աստծո նույնացումը մեղավոր մարդու հետ: Հետևաբար, բանտային հոգևոր ծառայությունը ինձ համար դարձավ ինքնաճանաչողության և աստվածճանաչողության յուրօրինակ մի դպրոց, մի կողմից՝ ճանաչելու ինձ մարդկային բոլոր տկարություններով, մյուս կողմից՝ ճանաչելու Աստծուն իր անսահման սիրո և բարության մեջ: Այս առումով մյուս մեծագույն ձեռքբերումս քրիստոնեական մեկ այլ՝ «ով խոնարհեցնում է ինքն իրեն, կբարձրացվի» սկզբունքի գործնական ընկալումն է: Աստծո զորությունը ոչ այնքան նրա արարչագործության, որքան նրա խոնարհման՝ մարդեղացման մեջ է:
-Մահապատժից որպես կանոն հրաժարվում են քրիստոնեական պետությունները: Իրավական հիմնավորումն այն է, որ նույնիսկ ամենազարգացած դատական համակարգ ունեցող երկրներում հնարավոր են դատական սխալներ: Հայաստանում մինչ օրս որևէ մահապատժի դատավճիռ չի վերանայվում: Ի՞նչ եք կարծում`ի տարբերություն ողջ քաղաքակիրթ աշխարհի, մեր մոտ դատավորներն երբեք չե՞ն սխալվել մահվան դատապարտելիս:
-Հայաստանի Հանրապետությունը, որպես քրիստոնյա հասարակություն ունեցող պետություն, 2003թ. հրաժարվել է մահապատժից: Այլ խնդիր է, որ մինչ այդ մահապատժի դատապարտվածների պատիժը ցմահ դատապարտության փոխարինվեց ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտումով, երբ երկրի նախագահը հանդես եկավ դատավորի դերում, և մեր հասարակությունը մարսեց նման դրսևորումը: Ինչ վերաբերում է դատական սխալներին, ապա պետք է ասեմ, որ անսխալական դատական համակարգեր աշխարհում գոյություն չունեն: Մեզ նման երկրներում ավելին՝ պոնտացի պիղատոսների պակաս չի զգացվում, երբ դատավորի իշխանությունն ընկալվում է ոչ թե որպես ծառայություն, այլ պաշտոն, որի կշիռը հաճախ ավելին է, քան ճշմարտությունն ու արդարությունը: Լուսահոգի Սողոմոն Քոչարյանի դեպքը լավագույն փաստարկն է: Եթե նույնիսկ հասարակության շահից էր բխում Սողոմոնին նման ծանրագույն պատժի դատապարտումը, այն արդարացմամբ, որ նման դժվարին ժամանակաշրջանում չխաթարվեին հայ-իրանական հարաբերությունները, ապա ինչն էր խանգարում, որպեսզի Սողոմոնի համար բանտում լավ պայմաններ ստեղծվեին, ընտանիքի հետ մշտական կապը ապահովվեր, զավակների խնամքը իրականացվեր: Հետևաբար, կեղծ են բոլոր արդարացումները, քանի որ դատական մեկ սխալից ունեցանք ամբողջական մի ընտանիքի ողբերգական կորուստ:
-Ցմահ ազատազրկման վերաբերյալ կուրսային աշխատանքս պատրաստելիս`կարդացի մի հետաքրքիր դեպքի մասին: ԱՄՆ-ի բանտերից մեկում հոգևոր սպասարկում իրականացնող միանձնուհին մի ցմահ ազատազրկվածից անընդհատ լսելով` նա սխալ է դատապարտված` փաստաբանների է խնդրում, որ զբաղվեն այդ գործով: Ի վերջո, փաստաբանների շնորհիվ գործը վերաբացվում է, դատարանը ճանաչում է նրա անմեղությունը: Նման բան Հայաստանում հնարավո՞ր է:
-Կարծում եմ՝ վերջին տարիներին մեր իրականության մեջ որոշակի ջանքեր գործադրվել են մահապատժի դատապարտվածների գործերը վերաբացելու ուղղությամբ, թե՛ փաստաբանների, թե՛ լրագրողների, թե՛ իրավապաշտպանների և թե՛ հոգևորականների կողմից: Մեր արդարադատության համակարգը, ցավոք սրտի, դեռևս անպատրաստ է նման համարձակ քայլերի գնալու համար: Այսօր այդ մասին շատ է խոսվում և գրվում, թեև դանդաղ, սակայն առաջընթաց նկատվում է իրավունքի և արդարադատության ոլորտում, որոնք հիմք են տալիս ակնկալելու, որ մեր դատական համակարգը օրերից մի օր կվերաբացի անցյալի գործերը և կսրբագրի դատական հավանական սխալները: Հուսանք…
-Շուտով տոնելու ենք Զատիկը: Տեր Գրիգորը՝ մի քանի հոգևորականների հետ, մտնում է ցմահ ազատազրկվածների խցեր`կատարում արարողություն: Ի՞նչ եք սովորաբար մաղթում բանտարկյալներին խցից դուրս գալիս, եղե՞լ է, որ ազատություն մաղթեք:
-Սուրբ Զատկի խորհրդի հիմքում ընկած է ազատագրման իրողությունը: Հինկտակարանյան Զատիկը տոնվում էր ի հիշատակ Եգիպտոսի ստրկությունից հրեա ժողովրդի ազատագրման՝ Աստծո հզոր բազկով իրականացված: Քրիստոնեական Սուրբ Զատիկը հաղթական տոնն է մեղքի և մահվան ստրկությունից մարդու ազատագրման՝ մարդեղացյալ Աստվածորդու փրկագործ խաչելությամբ իրականացված: Հետևաբար, Սուրբ Զատկի կամ Հարության տոնը նախ անցնում է խաչի ճանապարհով, ապա մեզ մասնակից է դարձնում մեղքի ծառայությունից և մահվան իշխանությունից ազատագրմանը: Եթե խաչը Աստծո անսահման սիրո թարգմանիչն է, ապա հարությունը՝ Նրա հրաշափառ հաղթանակի, երբ հաստատվեց, որ սերը հզոր է ատելությունից, կյանքը հզոր է մահից: Հենց այս իմաստով էլ շնորհավորում եմ մեր բոլոր դատապարտյալների Սուրբ Զատկի տոնը և մաղթում եմ ազատագրում մեղքի ծառայությունից ապաշխարության և վերափոխման միջոցով, որպեսզի ֆիզիկական ազատության հասնեն հոգևոր կապանքները հաղթահարած: Առանց ապաշխարության տեսանելի ազատությունը ինքնախաբեություն է, հղի նոր հանցագործության և նոր զոհերի վտանգով: Իրական ազատությունը ապաշխարությամբ, ասել է թե՝ մարդկային արժանապատվության վերականգնմամբ է հասանելի: Խորին համոզմունք ունեմ, որ թե՛ մեր հասարակության և թե՛ հենց դատապարտյալի շահից է բխում նմանօրինակ ազատությունը:
Սիրելի՛ Մհեր, քրիստոնյաներիս հաղթանակի տոնին՝ Սուրբ Հարությանն ընդառաջ, քեզ շնորհավորում եմ լիահույս հավատով, որ քո անձնական գեթսեմանիին և գողգոթային հաջորդի քո անհատական զատիկը՝ պսակավորված ազատությամբ և նոր կյանքի հեռանկարով: Ինչպիսի աղոթք էլ որ կանես, որպես հոգուցդ պոկված ճիչ, վերջում միշտ անկեղծորեն ավելացրու՝ «Տեր, թող քո կամքը լինի»:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս
Օրհնությամբ և եղբայրական սիրով՝ Ռուբեն վարդապետ
Անչափ շնորհակալ եմ Ձեր աշխատանքի, նաև հարցազրույցի համար
Հուսով եմ`Աստծո կամքով մի օր կհանդիպենք նաև ազատության մեջ
Հարգանքով`Մհեր
Հ.Գ. 2003թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց «ՔԿՀ հոգևոր ծառայություն» գրասենյակը: Այսօր բանտային հոգևոր ծառայության գրասենյակը համալրված է յոթ հոգևոր սպասավորներով՝ Ռուբեն Վարդապետ Զարգարյանի առաջնորդությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունն իր առաքելությունն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ ի խնդիր ազատազրկվածների վերափոխման, բանտային ծառայողների հոգևոր կյանքի զորացման և ազատազրկվածների ընտանիքներին հոգևոր, բարոյական և սոցիալական աջակցության: Տեղեկատվությունը` Քրեակտարողական ծառայության պաշտոնական կայքից է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել