HY RU EN

Գյուղապետ․ «Վալերի Մեջլումյանը համայնքի համար չի տվել էդ գումարը: Իմ պատվին ա տվել, հետո համայնքի»

Աժ ընտրությունների շեմին «Լոռվա լեռնագործների միավորում» արհեստակցական կազմակերպությունը 5մլն. դրամ,  «Տաշիր» հիմնադրամն էլ 3 մլն. դրամ նվիրատվություններ են արել Շնող համայնքի մանկապարտեզի վերանորոգման համար: Գյուղապետ Դավիթ Ղումաշյանը պնդում է , որ այդ նվիրատվություններն առաջին հերթին իր պատվին են տրվել, հետո համայնքի: Այս մտայնությամբ էլ գյուղապետը համայնքի մանկապարտեզի վերանորոգման համաֆինանսավորման գումարները ծախսել է իր հայեցողությամբ։

 Դավիթ Ղումաշյանն ասում է, որ «Լոռվա լեռնագործների միավորման» արհմիութենական կոմիտեն 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին համայնքի մանկապարտեզի վերանորոգման համար «Աջակցություն Շնողին» ՀԿ-ին 5 մլն. դրամը տվել է իր առաջարկով. «Խի պտի համայնքի բյուջե գնար էդ փողը: Վալերի Մեջլումյանը համայնքի համար չի տվել էդ գումարը: Իմ պատվին ա տվել, հետո համայնքի»:

Թե համայնքապետի պատվին Վալերի Մեջլումյանը ինչու չի ցանկացել 5 մլն դրամ համաֆինանսավորումը կատարել համայնքի բյուջեով, Դավիթ Ղումաշյանը չի մեկնաբանում: «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից  «Հետքին» հայտնեցին, որ «Աջակցություն Շնողին» ՀԿ-ի տնօրեն Կարեն Ջավախյանը  05.12.2016թ.-ին դիմել է «Լոռվա լեռնագործների միավորում» արհմիութենական կազմակերպությանը՝ համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով դրամական աջակցություն ստանալու համար:

«Նկատի ունենալով, որ մանկապարտեզում մեծ թիվ են կազմում «Լոռվա լեռնագործների միավորում» արհմիութենական կազմակերպության անդամների երեխաները, արհմիութենական կոմիտեն 08.12.2016թ. որոշել է կազմակերպության միջոցներից 5 000 000  դրամի նպատակային նվիրաբերություն տրամադրել հասարակական կազմակերպությանը՝ Շնողի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները համաֆինանսավորելու նպատակով»,-հայտնել են  «Վալլեքս»-ից:

2017 թ․ մարտի 17-ին Շնողի մանկապարտեզի վերանորոգմանն աջակցելու նպատակով «Աջակցություն Շնողին» ՀԿ-ին 3 մլն. դրամ էլ փոխանցել է «Տաշիր> հիմնադրամը։ «Ես դիմել եմ Կարեն Կարապետյանին, ես ուզեցել եմ, որ էդ կազմակերպությունը ճանաչվի: Ես այդ ՀԿ-ի հիմնադիրներից եմ: Ասել եմ էսենց կազմակերպություն է, օգնում է մեր մանկապարտեզը վերանորոգելու: Իրենք ինձ հարց են տվել, ով է վերանորոգում: Ասել եմ  էսենց բրիգադ եմ սարքել, ինձ եք տրամադրում էդ գումարը»,-բացատրեց Դ. Ղումաշյանը:

Իր սարքած բրիգադի մասով գյուղապետը խաբել է Կ.Կարապետյանին, որովհետև մանկապարտեզի վերանորոգումը կատարվել ոչ թե օրինական լիցենզավորված բրիգադով, այլ իր խոսքով, 7-8 մարդկանց  աշխատացրել է անվճար՝ նրանց իր կատարած լավությունների դիմաց: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը հեռախոսով ասաց, որ «Աջակցություն Շնողին» ՀԿ-ին 3 մլն դրամ հատկացնելու հանգամանքերի հետ կապված մեզ կարող է տեղակատվություն հաղորդել ապրիլի 20-ից հետո (Կ. Կարապետյանի հետ խոսելուց հետո):

Մանկապարտեզի վերանորոգման համար Դավիթ Ղումաշյանը կազմակերպել է նաև շնողցիների հանգանակություն: Հանգանակված 458 հազար դրամը նույնպես փոխանցվել է «Աջակցություն Շնողին» ՀԿ-ի հաշվի համարին:

Շնող համայնքի 2017-2021թ.թ. զարգացման 5-ամյա ծրագրում առանց  մասնագիտական  ուսումնասիրման և եզրակացության Դավիթ Ղումաշյանը որոշել է, որ մանկապարտեզի շենքի հետագա շահագործումը կհանգեցնի աղետալի հետևանքների՝ընդհուպ մինչև փլուզման: Հիշեցնենք, որ նախկին վերանորոգումների ընթացքում փոխվել է մանկապարտեզի շենքի տանիքը, տեղադրվել են եվրոպատուհաններ, արմատապես լուծված է  մանկապարտեզի ջեռուցման խնդիրը: Այսուհանդերձ իր կանխատեսած «փլուզումը» կանխելու համար Դ.Ղումաշյանը որոշել է մանկապարտեզում կատարել 25 մլն դրամի վերանորոգում: Մանկապարտեզի վերանորոգման ծրագիրը Շնողի զարգացման 5-ամյա ծրագրով  2016թ.-ի դեկտեմբերի 16-ին հաստատելիս ավագանին գյուղապետից մանկապարտեզի շենքի տեխնիկական վիճակը հիմնավորող մասնագիտական եզրակացություն չի պահանջել:

Ապրիլի 10-ին Դավիթ Ղումաշյանը մեզ վստահեցնում էր,  որ մանկապարտեզի  շենքի վերանորոգման աշխատանքերն իրականացվում են նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան: Խնդրեցինք ցույց տալ  այդ փաստաթղթերը: Պատասխանեց, որ փաստաթղթերը այդ պահին իր ձեռքի տակ չեն: Ասաց նաև, որ ապրիլի 10-ի դրությամբ մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման համար արդեն ծախսել է 13 մլն դրամ, որից 3 մլն դրամը կազմում է իր սեփական ներդրումը:

Խնդրեցինք ցույց տալ իր ներդրած 3 մլն դրամի բանկային կտրոնը: «Բերեք պայմանավորվենք, երկու օր հետո շենքի վերանորոգման բոլոր փաստաթղթերը ես Ձեզ կներկայացնեմ»,-ասաց համայնքապետը:

Երկու օր հետո՝ ապրիլի 12-ին գյուղապետարանում Դավիթ Ղումաշյանից կրկին խնդրեցի մանկապարտեզի շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Նա իր աշխատասեղանի վրա սկսեց իբր թե որոնել դրանք: Հետո շրջվեց դեպի ինձ և ասաց՝ կորցել է, չի գտում այն, երբ գտնի, կներկայացնի: Չներկայացրեց նաև վերանորոգման համար  ներդրած իր ասած 3 մլն դրամի բանկային կտրոնը: Ասաց՝ մանկապարտեզի համար անձնապես ներդրում չի արել, 3 մլն դրամից ավել  արդեն ծախս է արել, տարբեր տեղեր՝ գյուղապետ աշխատելու ընթացքում:

Կարեն Ջավախյանն խոստովանեց, որ մանկապարտեզի շենքի նորոգումը կատարվել է առանց  նախագծանախահաշվային փաստաթղթերի: Դ.Ղումաշյանի խոսքով ապրիլի 10-ի դրությամբ մանկապարտեզի վերանորոգման նպատակով ՀԿ-ի հաշվի մուտքագրվել է  8 մլն 851 500 դրամ. «Հիմա ես եմ տնօրինում այդ գումարները»,- ասաց նա: Նա մեզ ներկայացրեց  գնումների ցուցակ, ըստ որի նվիրաբերված 8 մլն դրամից 7,3 մլն դրամի կատարել  էր շինարարական նյութերի գնումներ, այդ թվում՝  3 մլն  427 հազար 625 դրամի շինարարական նյութեր էր  գնել իր  փեսայի՝ անհատ ձեռներեց Միքայել Մելիքսեթյանի խանութից, 2 մլն 965  հազար 514 դրամի շինարարական նյութեր է գնել «Իմեքս գրուպ»  խանութների ցանցից: Շնողցի անհատ ձեռներեց Գեղամ Պետրոսյանի խանութից գնել է 34 300 դրամի, Ա/Ձ  Ալբերտ Ղորխմազյանի խանութից՝ 314 330 դրամի շինարարական նյութեր,  «Թումանյան ՃՇՇՁ» ԲԲԸ-ից 100 հազար դրամի ավազ և խիճ է գնել, իսկ Ա/Ձ Հարություն Պետրոսյանից գնել է 350 հազար դրամի փայտե հարթակներ:

««Ապրիլի 10-ի դրությամբ «Աջակցություն Շնողին» ՀԿ-ի  հաշվի համարին մանկապարտեզի վերանորոգման համար մոտքագրված 8մլն 851 հազար 500 դրամից մնացորդը կազմում է 1 505 հազար 020դրամ»,- հայտնեց գյուղապետը։  

«Ամբողջ 7,3 մլն. դրամի գնած  շինանյութը օգտագործել ենք  միայն մանկապարտեզի 2-րդ հարկի 2 խաղասենյակների, 2 ննջարանների, ճաշարանի և երկու զուգարանների ու լվացարնների ընդհանուր 194ք.մ. մակերեսի  կոսմետիկ  վերանոգման և սանհանգույցների համար»,- ասում է Կարեն Ջավախյանը:

«2-րդ հարկի վերանորոգումն ամբողջությամբ ավարտվել է: Իջել են միջանցքը և վսյո: Առաջին հարկի համար ես ֆինանսապես սպառվել եմ»,-բացատրեց Դ. Ղումաշյանը:

Շնողի համայնքապետարանի  աշխատակազմի ղեկավար Հասմիկ Հանիսյանը  մեր  ներկայությամբ գյուղապետին հայտնեց, որ «Աջակցություն Շնողին» ՀԿ-ի միջոցներով  մանկապարտեզի վերանորոգման խնդիրը գյուղապետը ավագանու քննարկմանը  չի ներկայացել: Ավագանու անդամ Նախշուն Ամիրջանյանն էլ  հեռախոսով մեզ պարզաբանեց , որ տեղյակ չէ «Աջակցություն Շնողին» ՀԿ-ին  հատկացված համաֆինանսավորման պատմությանը։ ։Դե, պետք է ուսումնասիրեմ, գործընթացին ծանոթանամ, որ  կարողանամ խնդրի մասին խոսել»,- ասաց Նախշունը: Հրաժեշտից առաջ  Դավիթ Ղումաշյանը  մեզ հայտնեց, որ համայնքի բյուջեից 5 մլն դրամ է ուզում ներդնել մանկապարտեզի շենքի 1-ին հարկի 2 սենյակները վերանորոգելու համար։ «Նախահաշիվ պետք է բերեն, փաթեթը ընդհանուր պատրաստում ենք, հայտարարություն պետք է տանք: Կարգը ոնց ա, այ էդ ձևի»,- ասաց Շնողի գյուղապետը: