
Նարեկ Հարությունյանը կալանավորվեց
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկամսյա կալանք կիրառել «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանն այսօր առավոտյան էր բերման ենթարկվել: Այսօր լրանում է նրա հոր մահվան 40 օրը, և Ն. Հարությունյանը մտերիմների հետ պատրաստվում էր եկեղեցում մասնակցել հոգեհանգստի արարողությանը: Սակայն ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի 2 աշխատակիցներ նրան բերման են ենթարկել քննչական բաժին: Մինչ այդ քննիչ Ռաֆիկ Մկրտչյանը որոշում էր կայացրել ընկերության գլխավոր հաշավապահի նկատմամբ, որից կարելի է ենթադրել, թե ինչ մեղադրանք է ներկայացվելու նաև Նարեկ Հարությունյանին:
Քննիչի ընկերության գլխավոր հաշվապահին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ նշվում է, որ Արթուր Գալստյանը, 2009թ.-ի օգոստոսից հանդիսանալով «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ գլխավոր հաշվապահը, առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, ընկերության փաստացի ղեկավար, այնուհետև Տնօրեն Նարեկ Հարությունյանի անմիջական ցուցումով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 25 մլն հարկերը պետական բյուջե վճարելուց:
Բացի այդ, 2010թ. Սեպտեմբերի 11-ից մինչև 2011-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով ընկերության հաշվապահ, ընկերության գրասենյակային գործերի կառավարիչ, իսկ 2011-ի հունվարից կազմակերպչական գործերով փոխտնօրենի հետ օժանդակել են ընկերության տնօրեն Ն. Հարությունյանի` հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտնցնելու միջոցով խոշոր չափերով` ավելի քան 38 մլն դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց խուսափելուն:
Դատարանի միջանցում հավաքվել էին Նարեկ Հարությունյանի ընկերները, այդ թվում` ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և ուրիշներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել