
Ոստիկանության Թումանյանի բաժնի պետը 18 հազար դոլար է վերցրել, հետ չի տալիս
Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Սիլվարդ Ամիրզադյանը նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկել է նամակ, որում ներկայացրել է իր եւ ամուսնու հետ պատահածը: Այդ պատմությունն առնչություն ունի Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանի հետ:
Մինչեւ նամակն ամբողջությամբ ներկայացնելը ասենք, որ Ս. Ամիրզադյանը «Հետքի» խմբագրություն է ներկայացրել նաեւ ձայնագրություններ, որոնցում ոստիկանապետը պատմում է, թե ինչպես է փող աշխատում` քարեր վաճառելով, կոնյակ արտահանելով, իսկ ամենաուշագրավն այն է, որ այս խոսակցություններից մեկի ժամանակ նա ասում է, որ Ախթալայի «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը 15 հազար դոլար է տվել Ալավերդու ոստիկանության շենքը վերանորոգելու համար: Մի խոսքով, այս ձայնագրությունները լսելով՝ ամբողջովին պատկերացում ես կազմում, թե ինչպիսին են մեր ոստիկանապետերը եւ իրականում ինչով են նրանք զբաղված:
Չգիտենք՝ ինչ ճակատագրի են արժանանալու այս նամակը եւ ձայնագրությունները: Դրանք Սիլվարդ Ամիրզադյանը հանձնել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանապետին ուղարկած նամակն ամբողջությամբ:
«Հարցը վերաբերում է Ոստիկանության աշխատակից, այժմյան Ալավերդի քաղաքի ոստիկանապետ Արթուր Վարդանի Հարությունյանին, որը հանդիսանում է ամուսնուս (Այդինյան Վարուժան Խորենի) հորաքրոջ թոռը եւ մեր նախկին հարեւանը: 1995 թ. սկսած մինչեւ 1997 թ. Արթուր Հարությունյանը ինձանից խաբեությամբ հափշտակել է 18 000 դոլար, եւ չնայած մեր պայմանավորվածությանը, որ նա այդ ամբողջ գումարը պետք է վերադարձներ շատ կարճ ժամկետում, քանի որ ես բնակարան պետք է գնեի` մինչ օրս Արթուր Հարությունյանը այդ գումարը չի վերադարձրել:
Ա. Հարությունյանն օգտվեց այն առիթից, որ ամուսինս գտնվում է արտերկրում (1993 թ. պայմանագրով մեկնել է աշխատելու Չեխիայի Հանրապետություն), օգտվեց նաեւ իմ վստահությունից, նաեւ բարեկամական կապերից եւ մեծ գումարներ շորթեց ինձանից՝ հավաստիացնելով, որ շատ արագ կվերադարձնի իր պարտքերը: Նա սկզբում ինձանից մաս-մաս վերցրեց 5000 դոլար: Դրանից հետո մի օր եկավ մեր տուն եւ հայտնեց, որ ՆԳ նախարարության տարածքում վեճի է բռնվել իր գործընկեր ոմն Անահիտի ընկերուհու եւ վերջինիս որդու հետ, որոնց պարտք էր 5000 դոլար եւ չէր կարողանում վերադարձնել:
Որքան հիշում եմ, Անահիտը ՆԳ նախարարության կադրերի բաժնում էր աշխատում: Ընդ որում՝ Ա. Հարությունյանի ձեռքը ընդհարման ժամանակ հարվածից ուռել էր: Մայր եւ որդի նույնիսկ սպառնացել են Ա. Հարությունյանին, որ եթե իրենց գումարը չվերադարձնի, կդիմեն ՆԳ նախարարին: Գտնվելով վատ վիճակում՝ Ա. Հարությունյանը եկավ մեր տուն եւ աղերսեց, որ իրեն հանեմ այդ վիճակից, փրկեմ՝ խնդրելով զանգահարել ամուսնուս` Չեխիա եւ խնդրել այդ գումարը՝ խոստանալով, որ 2-3 ամսում ամբողջ գումարը կվերադարձնի ինձ, քանի որ կոնյակ է առաքելու ՌԴ, որից եւ մեծ գումարներ է ստանալու:
Իսկ իմ այն հարցին, որ եթե չկարողանա իրականացնել առաքումը, ինչպե՞ս պետք է վերադարձնի պարտքերը, ասաց, որ իրենց գործարանում (Արտաշատի շրջանի գ. Այգեպատում) տոննաներով կոնյակի սպիրտ ունեն. կվաճառի եւ կվերադարձնի պարտքերը: Ես զանգահարեցի Չեխիա՝ ամուսնուս, եւ նա ուղարկեց ինձ 4000 դոլար, մենք գնացինք Շահումյան հրապարակի բանկից ստացանք այդ գումարը, ավելացրի եւս 1000 (հազար) դոլար եւ մեր տանը տվեցի Ա. Հարությունյանին:
Մեր հաճախակի հանդիպումների ժամանակ ես նրան հիշեցնում էի, որ վերադարձնի պարտքերը, քանի որ ես բնակարան պետք է գնեմ, իսկ նա միշտ նույն բանն էր կրկնում եւ խոստանում, որ շատ շուտով կվերադարձնի ամբողջ գումարը:
Այնուհետեւ Ա. Հարությույանն ինձանից խնդրել է 2000 (երկու հազար) դոլար՝ համոզելով, որ օգնեմ իրեն, որպեսզի կարողանա իրականացնել կոնյակի առաքումը ՌԴ: Դրանից հետո նույն պատրվակով պարբերաբար վերցրել է մաս-մաս գումարներ, որոնք կազմում են 2500 դոլար: Վերջին անգամ խնդրել է 3000 դոլար՝ ասելով, որ իր մեքենայից գողացել են իր գումարը, եւ ինքը չի կարողանում ավարտին հասցնել կոնյակի առաքումը ՌԴ: Ամուսինս հրաժարվեց գումար ուղարկել, ես պարտքով վերցրի 3000 դոլար մեկ ամսով եւ տվեցի Ա. Հարությունյանին: Վերցրեց նաեւ իմ բջջային հեռախոսը համարի հետ միասին 500 (հինգ հարյուր) ԱՄՆ դոլարով եւ խոստացավ վճարել մի քանի օրից:
Մենք միասին գնացինք «ԱրմենՏել», այնտեղ ես դիմում գրեցի եւ համարը փոխանցեցի նրա անունով, սակայն այդ գումարը եւս չի տվել: Այսպիսով, ամբողջ գումարը կազմեց 18000 (տասնութ հազար) դոլար՝ 5000+5000+2000+ 2500+3000+500=18000:
Հաճախակի հանդիպումների եւ պարբերաբար Արթուր Հարությունյանի տուն այցելելու ժամանակ ես ականատես եղա, թե ինչպես երկու տղաներ իրենց տանը պահանջում էին նրանից իրենց պարտքը:
Այդ ամենը տեսնելով՝ ես նրան բերեցի մեր տուն, պահանջեցի, որ նա ստացական գրի: Նա նախ ինձ ամոթանք տվեց, որ իրեն չեմ հավատում, տղամարդու խոսք տվեց, որ շատ շուտով ՌԴ-ից գումարը կստանա եւ կվերադարձնի ամբողջ գումարը, եւ հաշվարկեց թղթի վրա իմ եւ մնացած բոլորի պարտքերը, ես այդ հաշվարկը պահեցի ինձ մոտ:
Ես այդ տարիների ընթացքում համառորեն պահանջում էի, իսկ նա համառորեն չէր տալիս, խուսափում էր հանդիպելուց, զանգերին չէր պատասխանում եւ օգտվում էր այն առիթից, որ ես հաճախակի լինում էի Չեխիայում՝ ամուսնուս մոտ: Մի կերպ կապվում էինք Ա. Հարությունյանի հետ, եւ նա ասում էր, որ շուտով ոստիկանապետ է դառնալու եւ լրիվ կփակի պարտքերը: Եվ երբ տեղեկացանք, որ Ալավերդու ոստիկանապետն է, ամուսնուս հետ փորձեցի կապվել, մեծ դժվարությամբ հանդիպեցի նրա հետ:
Ունեմ այդ հանդիպումների ձայնագրությունները, որտեղ նա մեկ անգամ եւս խոստանում է վերադարձնել պարտքերը մինչեւ 2010 թվականի վերջը: Սակայն դրանից հետո նա խուսափում է ինձ հետ հանդիպելուց, հեռախոսազանգերին չի պատասխանում եւ իրականում ի սկզբանե մտադիր չի եղել վերադարձնելու վերցրած գումարը: Նկատի ունենալով, որ Արթուր Հարությունյանը ոստիկանապետ է աշխատում` խնդրում եմ Ձեր միջամտությունը գումարներս վերադարձնելու համար:
Լրացուցիչ հայտնում եմ, որ ես Հայաստանում բնակարան չունեմ, այդ գումարը ստանալու դեպքում էլ բնակարան չեմ կարող գնել հասկանալի պատճառներով: Նա ինձ պատճառել է բարոյական եւ նյութական վնասներ, քայքայել է իմ նյարդային համակարգը, տարել եմ վիրահատություններ, այսքանից հետո դարձյալ չի ցանկանում վերադարձնել արժեքազրկված գումարս:
Սիլվարդ Ամիրզադյան
27.04.11»:
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել