Հողային հարցը գերեզմանոցում
Լեռ Կամսար
Ելնելով գյուղացիության շահերից, մեր կառավարությունը կոլխոզ կազմեց և հողը նրանց հանձնեց առհավետ։
Հետո էլ, նույն գյուղացիների շահից ելնելով, կոլխոզը սովխոզ դարձրեց, հողը ձեռքերնից առավ և նրանց ռոճիկավոր բանվոր դարձրեց։
Այդ միշտ կարելի է, երբ այդ տուր և առը տեղի է ունենում երկու կենդանի արարածների մեջ։
Բայց հարցը բոլորովին փոխվում է, եթե այդ տուր և առի կողմերից մեկը․․․ մեռած է։
Մեռածին հատկացրած հողը հետադարձ ճանապարհ չունի։ Նրան տրված հողը իսկական առհավետ է և բողոքարկման ոչ ենթակա։
Մեռած մարդը չի կարող կոլխոզ կամ սովխոզ դառնալ ու նրա գերեզմանն անձեռնմխելի է աշխարհիս բոլոր օրենքներով։
Ահա այս է պատճառը, որ մեռելների հողաբաժանության ժամանակ պետք է առաջնորդվել ծայրահեղ խնայողությամբ։
Ի պատիվ մեր գերեզմանոցային վարչության, պետք է ասեմ՝ այդ խնայողությունը տեղի ունենում է։
Թաղումն այնքան է դժվարացել որոշ գերեզմանատներում, որ մեռնողները երկար ման են գալիս, ու թաղվելու տեղ չճարվելով, ստիպված նորից ետ՝ կյանք են վերադառնում ապրելու․․․
Իհարկե, մեռածների հաշվին։
Բայց այնուամենայնիվ, կան դժվարություններ, որ վարչություններն էլ չեն կարողանում հաղթահարել, և տեղի է ունենում մեծ քանակով հողերի վատնում։
Օրինակ։
Մարդիկ կան, որոնք իրենց կյանքում չորս անգամ են ամուսնացել։ Մեկ-մեկ առել՝ թաղել, առել՝ թաղել։
Այդ մարդը թաղելով իր չորս կանանց՝ չորսի կողքին էլ իր համար հող է առանձնացրել։
Այժմ՝ ենթադրենք մեռավ այդ մարդը, խոմ չորս կանանց կողքին էլ չի՞ պառկի միաժամանակ։
Ոչ։ Մեկի կողքին կպառկի՝ ու մնացած երեքի կողքերը կմնան թափուր՝ առհավետ։
Է՛, ո՞ւր է մեզ այդքան ավելորդ հող։
Չենք էլ կարող մերժել մարդուն այդքան հող, մանավանդ, որ մարդը չորս կողմից տեղեկանքներ կարող է թափել գլխիդ առ այն, որ հիշյալն իր չորս կանաց սիրել է հավասար սիրով։
Տեսնենք, թե ինչպե՞ս հող չես տա։
Այստեղ դուք տեսնում եք, որ գերեզմանոցային վարչության դիրքը փափուկ է և վիճակը անելանելի։
Բայց աշխարհում ե՞րբ է եղել մի արգելք, որ մարդը չկարողանա հաղթահարել։
Գերեզմանոցային խոպանի դեմն առնելու համար, վարչությունը շրջիկ մեռելների կարգ սահմանեց, որով չորս անգամ մեռնողներին մի տեղի վրա մնայուն պասպորտ չէր տալիս, նա պիտի անդադար շրջեր իր չորս կանաց հողերի վրա։
Եվ այս սիստեմն օգտակար էր ոչ միայն հողային տեսակետից, այլև բարոյական։
Չորս անգամ պսակվողն ի՞նչ խոսք, որ չորսին էլ հավասարապես պիտի ուխտի «հավիտյան սիրել»։ Էլ ի՞նչ «հավիտյան» կմնա, եթե նա երեքին թողած, միայն մեկի կողքը պառկի։
Առկա կդառնա երեք «հավիտյանի» կորուստ և մարդը կհամարվի ուխտադրուժ։
Չէ՛, թափառական մեռելների կարգ սահմանելն օգտակար բան է։
Կյանքում էլ կա նման մի դասակարգ, որ իր ողջ կյանքում ֆուրգոն նստած մաղ է գործում և ման գալիս։
Այս բոլորը լավ է, բայց շա՛տ լավ չէ։
Սրանք բոլորը ժամանակավոր բաներ են։
Գերեզմանոցային հարցը հիմնավորապես կլուծվի այն ժամանակ միայն, երբ թաղման բյուրոն ձեռք քաշի նման տնայնագործական մեթոդներից և անցնի ինդուստրիալ թաղման։
Իսկ դա նշանակում է, որ բյուրոն քաղաքում կկառուցի կրեմատորիա, կայրի մեռածներին, և հողը նրանց ձեռքից խլելով, ամբողջովին կհանձնի կենդանի մարդկանց՝ մշակելու։
Եվ գիտե՞ք այդ ինչ բարեբախտությունների դուռ կբանա բնակչության համար։
Եթե հաշվենք գերեզմանոցում թափված արցունքները, նրանցով մի հիդրոկայան կարելի է կառուցել։
Ներկայումս մարդիկ այնքան նյութական, այնքան ժամանակ են ծախսում մեռածների վրա, ինչքան չեն ծախսում կենդանի մարդկանց վրա։
Մի մեռել իր ծախսով կարողէ երկու կենդանի մարդ պահել։
Կազատվենք այն պորտաբույծներից, որոնք մուրացկան անվան տակ ճանապարհին են նստում և մաղթում մեռածի հոգուն արքայություն։
Եվ գիտե՞ք վերջապես ես ինչ եմ ուզում։
Ուզում եմ, որ մեռելները իսկապես մեռնեն և վազ գան կենդանիներից։ Շատ ընտանիքներ նրանց պատճառով կործանվում են։
Գերեզմանների վրա շինվում են ամբողջական տաճարներ, եգիպտական կատակոմբներ։
Որ ի՞նչ։
Սերը պիտի լինի փոխադարձ․ երբ դու քեզ կոտորում ես, դիմացինդ չի պատասխանում, դրանից ի՞նչ հաճույք։
Հա՜, եթե մեռնողն է միայն մեռնում, իսկ կենդանի մնացածն՝ անմահանում, դրան խոսք չունեմ, արժի կորուստը ողբալ։ Բայց երբ դու մեռելին ճամփու ես դնում, ինքդ էլ ետևից դանդաղ քայլերով գնում ես, ի՞նչ կարիք կա իրար անցնել։ Ուզում ես շուտ հասնել՝ քայլերդ արագացրու, կամ նստիր մի հարբած վարորդի ավտո, և նա րոպեապես կհասցնի քո մեռած սիրելուն․․․
Ի՞նչ է մահը։ Մի քիմիական պրոցես, որ մեռածին հող է դարձնում․․․
1964թ․անտիպ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել