HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են ներգրավված անօրինական միգրացիայի հայաստանյան ցանցում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 14-ին վարույթ է ընդունել արտերկիր անօրինական միգրացիայի կազմակերպման գործը:

Գլխավոր դատախազության մեղադրանքի համաձայն, մեղադրանքներ են առաջադրվել ինչպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության, այնպես էլ «Զվարթնոց» օդանավակայանի, մասնավոր տուրիստական ընկերության հիմնադիր-տնօրենների:

Համաձայն մեղադրանքի՝ Արուսյակ Մանասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ ընկերության տնօրեն, Ֆրանսիայում բնակվող` քննությամբ չպարզված Նաիրիի ծանոթ Կարեն Ենգոյանի կոմից անօրինական մգրացիայի կազմակերպմանն օժանդակելու դիտավորությամբ, 2016թ. մայիս ամսին վերջինիցս նախապես տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացիներ Արմինե Պետրոսյանը և Ծաղիկ Փիլոյանը մտադրություն ունեն մշտական բնակության մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, շահադիտական նպատակով, պատրաստակամություն է հայտնել օժանդակել նշված անձանց ուղևորության կազմակերպումը:

«Վիգուել» ՍՊԸ-ն 2001 թվականից գործող ընկերություն է: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, Արուսյակ Մանասյանը նաև ընկերության հիմնադիր-բաժնետերն է:

Միքայել Ղասաբօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետ և տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանասյանի ծանոթը, վերջինիս հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ, Արուսյակ Մանասյանից տեղեկանալով, որ նրա տուրիստական ընկերություն դիմած հինգ քաղաքացիներ, ՂՀ Լատվիայի Հանրապետության դեսպանատնից ստացել են «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրեր, սակայն ՂՀ տարածք մուտք չեն գործել և անձնագրերում սահմանահատման վերաբերյալ դրոշմակնիքներ չկան, նշված անձանց սահմանահատման ժամանակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ վերահսկողության աշխատակիցների կողմից խոչընդոտներ չառաջացնելու համար համաձայնվել է երեք դրվագով կատարել կաշառքի միջամտություն:

Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 1-ին հերթափոխի պետ` պաշտոնատար անձ, տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ տնօրեն` Արուսյակ Մանասյանից, նրա տուրիստական ընկերության ծառայություններին դիմած հինգ քաղաքացիների անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգությամ հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանի միջնորդությամբ, ստացել է կաշառք:

Սամվել Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետ` պաշտոնատար անձ, իր անմիջական ենթակայության տակ ծառայող Արամ Գրիգորյանից, նրա ներկայացրած անձանց օգտին իր լիազրությունների շրջանակում գործողություն կատարելու համար վերցրել է կաշառք:

Էդգար Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով տուրիստական բնագավառում գործունեություն իրականացնող անձ, շահադիտական նպատակով, Հայաստանում գտնվող և մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող, Մերի Նավոյանի և ևս 31 քաղաքացիների անօրինական միգրացիան` ՀՀ-ից ԳԴՀ մուտքը, կազմակերպելու դիտավրությամբ ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող Ալեքսեյ Կրյուկովի միջոցով, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նշված քաղաքացիների ուղղևորությունը Եվրոպա:

Ալեքսան Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով տուրիստական գործունեությամբ զբաղվող «Կոսմոս տուր» ՍՊԸ տնօրեն, շահադիտական նպատակով, Հայաստանում գտնվող և մշտական բնակության մեկնելու ցանկություն ուենցող, Հայկ Կարապետյանի, Սուրեն Ստեփանյանի և Հովհաննես Իգիթյանի անօրինական միգրացիան` ՀՀ-ից Նիդերլանդների Թագավորություն մուտքը, կազմակերպելու դիտավորությամբ:

«Կոսմոս տուր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009-ին: Ալեքսան Մովսիսյանն էլ այս ընկերության հիմնադիր-բաժնետերն է:

Արմեն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկացված լինելով, որ իր ծանոթներ Հովհաննես Իգիթյանի, Սուրեն Ստեփանյանի և Հայկ Կարապետյանի անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար` վերջիններիս անձնագրերում ՂՀ մուտքի կնիք չլինելու պայմաններում ՂՀ տարածքում «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագիր ստանալու կապակցությամբ նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 2-րդ հերթափոխի ավագ հսկիչ` պաշտոնատար անձ հանդիսացող` Արսեն Տավարածյանի հետ` վերը նշված երեք անձանց յուրաքանչյուրի համար վերցրել է կաշառք:

Արսեն Տավարածյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 2-րդ հերթափոխի ավագ հսկիչ` պաշտոնատար անձ, ՀՀ քաղաքացի Արմեն Ոսկանյանի ծանոթներ` Հովհաննես Իգիթյանի, Սուրեն Ստեփանյանի, Հայկ Կարապետյանի անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար` վերջիններիցս վերցրել է կաշառք:

Դատական դեպարտամենտի կայքի համաձայն, դատական նիստ դեռևս նշանակված չէ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter