HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի բյուջեից կխնայվի 55 մլն դրամ՝ համայնքային կրճատումների հաշվին

Գայանե Սարգսյան

Վանաձոր համայնքի այսօր կայացած  ավագանու երկրորդ նիստը կրկին անցավ առանց «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» ու «Հայկական Վերածնունդ» կուսակցությունների խմբակցությունների ավագանու անդամների: Նիստին ներկա էին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող թվով 15 ավագանու անդամները, ովքեր օրակարգային բոլոր հարցերին միաձայն կողմ քվեարկեցին:

Օրակարգային հարցերից մեկով ավագանու անդամները հաստատեցին համայնքային ենթակայությամբ գործող գրադարանների ու մարզադպրոցների աշխատողների հաստիքացուցակը: Նախկին 57.5 դրույքի փոխարեն համայնքային ենթակայության գրադարանային համակարգի աշխատանքը կապահովվի 21 դրույքով, ինչի արդյունքում այս տարվանից շուրջ 31.3 մլն դրամի պակաս կծախսվի նախորդ տարիների համեմատ:

Քաղաքապետի փոխանցմամբ՝ ուսումնասիություններն առաջիկայում շարունակվելու են նաև համայնքային ենթակայության մյուս հիմնարկություններում:

«Գրադարաններ են եղել, որտեղ  կա հաստիքային 4 աշխատող, բայց աշխատանքային սենյակում ընդամենը երկու աթոռ է եղել: Չեմ կարծում, որ մյուս երկուսը նստելու ցանկություն չեն ունեցել: Մեր ուսումնասիրությունները բերել են այն եզրահանգման, որ գրադարանների մեծ մասը իրենց ֆունկցիոնալ պարտականությունները չեն կատարել»,- ուսումնասիրության արդյուքները ներկայացրեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Հաստիքացուցակի կրճատումներ են եղել նաև մարզադպրոցներում, որոնց արդյունքում համայնքային բյուջեում կխնայվի 23.7 մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ գրադարանների ու մարզադպրոցների աշխատակիցների կրճատումների հաշվին  խնայված գումարը կկազմի 55 մլն դրամ:

Օրակարգային հաջորդ հարցով քաղաքապետարանի ծրագրերի ու արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանը ներկայացրեց համայնքի 2013-2016թթ.-երի քառամյա զարգացման ծրագրով 2016թ.-ին նախատեսված ու կատարված աշխատանքները: Նախատեսված, սակայն չկատարված աշխատանքների մասին բաժնի պետը հարկ չհամարեց զեկուցել, այն ամփոփելով մեկ նախադասությամբ՝ «այն ծրագրերը, որոնք չեն կատարվել, հիմնականում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով է եղել:

Ավագանու անդամ Արմեն Մատինյանը նկատեց՝ հաշվետվությունը գնահատելու համար լավ կլիներ նաև չարվածը ներկայացվեր: Բաժնի պետը ձեռքի տակ չիրականացված աշխատանքների փաթեթը չուներ: Այն գրավոր տարբերակով չէր տրամադրվել նաև ավագանու անդամներին:

Նիստի օրակարգային երկու հարցերով նախատեսված էր  ուժը կորցրած ճանաչել տեղական տուրքերի ու վճարների տեսակների դրույքաչափերին ու հողամասերի վարձավճարների չափերին վերաբերող 2017թ.-ի մարտի 31-ին ընդունված երկու որոշումներ ու սահմանել նոր դրույքաչփեր:

Քաղաքապետն առաջարկեց երկու հարցերը միավորել ու հարցը նոր խմբագրմամբ մտցնել օրակարգ: Ըստ քաղաքապետի՝ խոսքը վերաբերում է ոչ թե ինչպես նախագծում է նշված, «ուժը կորցրած ճանաչելուն, այլ որոշման մեջ լրամշակում կատարելուն»:

Ավագանին միաձայն հաստատեց  նաև այս երկու հարցերը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter