Ձեռնարկատիրական կրթություն` դպրոցներում
Կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության մասին հուշագիր` հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
«Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ: Երբ երեխան ստանա իր առաջին 100 դրամը, պետք է իմանա` ինչպես այն ծախսել, և շատ կարևոր է, որ մենք երեխային հասկացնենք` դրամը միջոց է, ոչ թե նպատակ:,-ասել է Լ. Մկրտչյանը:- Երեխան պետք է սովորի, որ ապագայում իր ստացած գումարը օգտագործի ոչ միայն սեփական, այլ նաև հանրային օգտակարության համար: Առհասարակ, սկսած փոքր տարիքից` երեխայի մեջ պետք է ճիշտ վերաբերմունք դաստիարակվի դրամի, կապիտալի, ձեռնարկատիրության նկատմամբ»,- նշել է նախարարը` հավելելով, որ նման դաստիարակությունն ինչ-որ կերպ պատասխան է 21-րդ դարի մարտահրավերներին:
Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը համաձայնել են հետևյալի շուրջ` հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել Ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ. /ներդրման սկիզբը` սեպտեմբեր, 2017, ավարտը` սեպտեմբեր, 2020/՝ տարրական դպրոցի 2-4 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում՝ որպես տեսական, 11-րդ դասարանում՝ որպես գործնական բաղադրիչներ:
Կրթության և գիտության նախարարությունը՝ իր իրավասությունների սահմաններում պարտավորվում է մշակել և Կառավարության հաստատմանը ներկայացնել Ձեռնարկատիրական կրթության հայեցակարգը, մշակել և հաստատել Ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորել Ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, օժանդակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը՝ ուսուցիչների հավաքագրման և վերապատրաստման կենտրոնների ընտրելու հարցում:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը պարտավորվում է՝ աջակցել Ձեռնարկատիրական կրթության հայեցակարգի մշակմանը, մշակել Ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, աջակցել Ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշիչների ու ծրագրերի մշակմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել