HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Նոր օրենք՝ առանց կոնսենսուսի

Այս օրերին քննարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը, որի շուրջ կարծես թե պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համաձայնության չեն գալիս։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն ընդունում նախագծի այս տարբերակը, համարելով, որ այն ընդամենը կոսմետիկ փոփոխությունների փաթեթ է, ավելին՝ առաջարկում են ընդհանրապես ձեռք չտալ գործող օրենքին, որը «վատ չի գործում»։

Նախագծի համաձայն՝ ստեղծվելու է պետության կողմից վարվող էլեկտրոնային միասնական կայք, որտեղ յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված կարգով կարող է հարցումով դիմել պետական մարմիններին: Օպերատորը հարցումը կհասցեագրի ըստ պատկանելության։

Նախատեսվում է, որ դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում հերթական համարակալման միջոցով պետք է տրամադրվեն բոլոր հարցերի հավաստի և լրիվ պատասխանները:

Այն դեպքերում, երբ տեղեկություն տնօրինողը չի ունենա փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս կլինի, ապա  պարտավոր կլինի վերահասցեագրել հարցումն ըստ պահանջի։ Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա հանրային նշանակության տեղեկություն է, որը չհրապարակելը տվյալ իրավիճակում ավելի մեծ վնաս կհասցնի հանրային շահին, քան հրապարակելը: Իսկ եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկությունը պետք է տրամադրվի մնացած մասի վերաբերյալ, մերժման ենթակա տեղեկություններն անընթեռնելի դարձնելով։

Նախագծով որպես տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ սահմանվել է տեղեկություն տնօրինողի աշխատակազմի ղեկավարը, իսկ այդպիսին չլինելու դեպքում՝ տեղեկություն տնօրինողի ղեկավարը։

Նախագծով ներդրվում է տեղեկատվության ազատության պաշտպանության լիազոր մարմնի ինստիտուտը՝ մարդու իրավունքների պաշտպանին կից: Այն գործելու է մշտական, ձեւավորվելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։

Լիազոր մարմինը պետք է գործի անկախ՝ միայն օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա: Որպես անկախության երաշխիք նախատեսվում է, որ լիազոր մարմնի գործունեությունը պետք է ֆինանսավորվի պետական բյուջեի միջոցների հաշվին՝ առանձին տողով:

Քննարկումներն ընթանում են հիմնականում հենց այս դրույթի շուրջ։ Հասարակական կազմակերպությունները նման մարմին ստեղծելու նպատակահարմարություն չեն տեսնում, համարելով, որ գործող օրենքը թույլ է տալիս տեղեկատվության ազատության խախտման պարագայում դիմել դատարան։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ խորհուրդ ստեղծելն ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներ է ստեղծելու։

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի դիտարկմամբ՝ նման մարմին չունենալու կարիք կա, պարզապես, եթե հասարակական թեւի ներկայացուցիչներն ունեն առաջարկություններ, կարելի է խորհրդի անկախությունն ուժեղացնել։ Քրմոյանի խոսքով՝ տեղեկատվության ազատության խախտման որեւէ դեպքում խորհուրդը կարող է ընդունել այդ մասին որոշում, ինչը կսթափեցնի տվյալ պետական մարմնին։ Արդյունքում՝ առանց սպասելու դատական գործընթացի ավարտին, հնարավորություն կլինի անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ։

Քրմոյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել է ընդամենը երեք առաջարկ: 

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի ներկայացուցիչ Տաթեւիկ Խաչատրյանը մտահոգություն ունի, որ նոր ստեղծվող լիազոր մարմնի վարքագծի կանոնները որոշելու է մարդու իրավունքների պաշտպանը, այնինչ դա պետք է ամրագրված լինի օրենքում։ «Չէ՞ որ այդ մարմինը պետք է անկախ լինի անգամ ՄԻՊ-ից։ Դա նույնն է, թե նոր հաստիք ստեղծել ՄԻՊ աշխատակազմում։ Եթե մենք այսքան կարևորում ենք այս խորհուրդի գործունեությունը, պիտի օրենքում ամրագրվեն բոլոր չափանիշները»,-ասաց Խաչատրյանը։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Լիանա Դոյդոյանն այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում դժոգոհություն հայտնեց, որ օրենքի նախագծի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակությունը ներգրավված չի եղել։ Նա նույնպես թերահավատ է օրենքի հնարավոր արդյունքներից։

«Սրանք ուղղակի կոսմետիկ փոփոխություններ են եւ ոլորտի բարեփոխում չեն ենթադրում։ Էս փոփոխությունները կարելի էր կատարել բաց կառավարման մեխանիզմով։ Օրենքը փոխելու կարիք չկա։ Տեղեկատվության ազատության պաշտպանության լուրջ մեխանիզմներ նոր օրենքով չեն ավելացվել»,-ասում է Դոյդոյանը։

Իրավաբան Արտակ Զեյնալյանն էլ առաջարկում է իրավակիրառական պրակտիկան ավելի խորն ուսումնասիրել։ Նա նույնպես գտնում է, որ գործող օրենքը փոխելու անհրաժեշտություն չկա։

«Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի քննարկումները կշարունակվեն նվազագույնը մեկ ամիս։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հույս ունեն, որ կկարողանան ամբողջովին նոր օրենք մշակել եւ կառավարությանը ներկայացնել հենց իրենց համար ընդունելի տարբերակը կամ ընդհանրապես կասեցնել նոր օրենք ընդունելու գործընթացը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter