HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու է փողն արտահոսում ՌԴ. փոխնախարարը՝ ներդրումների մասին

2016 թվականին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ցուցանիշները ոգևորիչ չեն։ Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ակնկալում է, որ այս տարի առաջընթաց կգրանցվի։ Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։ «Կփորձենք արձանագրել ներդրումների զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցության 4-5%-ի ցուցանիշ»,- նշեց նա։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 81.6 մլրդ դրամ (169 մլն ԱՄՆ դոլար), որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 62.7 մլրդ դրամ (մոտ 130 մլն դոլար)։ Զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։

2015 թվականի համեմատ ներդրումների ընդհանուր հոսքերը նվազել են 36.8 մլրդ դրամով կամ 31%-ով, իսկ միայն ուղղակի ներդրումները՝ 6.7 մլրդ դրամով կամ 9.7%-ով։

Կրկին ԱՎԾ-ի տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է մոտ 5 տրիլիոն 68 մլրդ դրամ։ Ըստ այդմ՝ նախորդ տարվա կտրվածքով ներդրումների զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 1.6%:

2016 թվականին Հայաստանից ներդրումների գծով լուրջ արտահոսք է տեղի ունեցել։ Մասնավորապես, Ռուսաստանի մասով, որը համարվում է մեր «ներդրումային» գլխավոր գործընկերներից մեկը, ներդրումների զուտ ներհոսքը կազմել է -52 մլն դրամ, որը հավասար է -108 մլն դոլարի։ Այսինքն՝ նախորդ տարի դեպի Ռուսաստան ներդրումների գծով ավելի շատ գումար է արտահոսել, քան ստացվել է։ Արտահոսքն այս դեպքում ներկայացվում է որպես ներդրումների գծով մարումներ։  

Մեր հարցին, թե ինչով է բացատրվում դեպի ՌԴ ներդրումների մեծ արտահոսքը և ինչ սպասելիքներ կան առաջիկայի համար, Հ. Ազիզյանը պատասխանեց. «Առաջին խնդիրն այն տենդենցներն են, որ գոյություն ունեն Ռուսաստանում։ Նավթի գների անկման հետևանքով վերջին տարիներին Ռուսաստանի տնտեսական վիճակը բավականին վատացել է։ Այդ ժամանակ ռուսական մեծ ընկերությունները փորձում էին իրենց արտաքին վարկերը հնարավորինս արագ փակել՝ ներգրավելով բոլոր իրենց մասնաճյուղերում, այս թվում՝ Հայաստանում եղած ազատ ռեսուրսները։ Հիմնականում դա ազդեց Ռուսաստանից ներհոսքի նվազման վրա։ Այս փուլում Ռուսաստանում աճ է նկատվում։ Իսկ ռուսական բիզնեսը շատ հետքրքրված է Հայաստանով»։

Հարցին՝ սպասվու՞մ է, որ առաջիկայում դեպի ՌԴ արտահոսքը կկրճատվի, Հ. Ազիզյանը պատասխանեց, որ իր կարծիքով` ոչ թե արտահոսքը կկրճատվի, այլ լուրջ ներհոսք կլինի։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ակնկալում է, որ իրենց ներկայացրած ներդրումային ծրագրերի շրջանակներում ոչ միայն ՌԴ-ից, այլև մյուս երկրներից մինչև այս տարեվերջ կկատարվի մոտ 472 ԱՄՆ մլն դոլարի ներդրում՝ 62 ներդրումային ծրագրերով։ Հ. Ազիզյանը նշեց, որ վերջին վեց ամսում այդ ծրագրերի շրջանակում իրականացվել է շուրջ 63.5 մլն դոլարի ներդրում։ Ըստ փոխնախարարի՝ սրանք պրոցես ապահովող ծրագրեր են, այսինքն՝ լինելու են շարունակական նաև 2018-2019 թվականներին։

«Հայաստանի նկատմամբ ներդրողների վստահությունը բարձրացնելու համար նախաձեռնվել են օրենսդրական բարեփոխումներ «Օտարեկրյա ներդրումների մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքներում»,- ասաց փոխնախարարը։

Ըստ նրա՝ կայացել են հանդիպումներ ներդրողների հետ։ «Զգացվում էր ներդրողների հավատը դեպի հայտարարված ներդրումային քաղաքականությունը, վստահություն նաև ՀՀ վարչապետի նկատմամբ»,- նշեց Հ. Ազիզյանը։

Նա կարևորեց նաև investmentprojects.am ներդրումային հարթակը։ Ըստ նախարարության վիճակագրության՝ կայքը գործարկվելուց ի վեր օրական միջինը 800 դիտում է ունենում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Իրանից ու Ֆրանսիայից։  

Ներդրումները ավելացնելու ուղղությամբ իրենց աշխատանքներից նախարարի տեղակալն առանձնացրեց նաև մարզային ծրագրերը, ներդրումային ֆոնդեր ձևավորելու ուղղությամբ աշխատանքներն ու Հայաստանի ներդրողների ակումբի ձևավորումը։

Թե ինչ արդյունքներ կտան այս աշխատանքները և որքանով է դրանց արդյունավետությունը բարձր, ցույց կտա տարեվերջյան վիճակագրությունը։

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter