Հայաստանում կստեղծվեն կամավորական հրշեջ ջոկատներ
Հայաստան են ժամանել «Քաղպաշտպանություն առանց սահմանների» ասոցիացիայի նախագահ Բերնար Ժանինը և Դրագինյան հրշեջ կամավորական ջոկատի հրամանատար Իվ Պանտանելան՝ հրշեջ կամավորական շարժումը Հայաստանում ներդնելու հնարավորությունն ոսումնասիրելու նպատակով։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել են հրշեջ կամավորական ջոկատներ ձևավորելու համար անհրաժեշտ քայլերը՝ կամավորների իրավական կարգավիճակից մինչև կայանների տեխնիկական հագեցվածություն։ Ծրագիրը կյանքի կկոչվի 2012 թ. և զարգացման լուրջ հեռանկար ունի։
Դեռ այս տարվա հունիսին Արմեն Երիցյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանում հրշեջ կամավորական ֆրանսիական մոդել ներդնելու վերաբերյալ: Այսօր Ֆրանսիայի 250 հազար հրշեջից միայն 30 հազարն է պրոֆեսիոնալ, մյուսները կամավորներ են։
Արմեն Երիցյանը հանձնարարական էր տվել ուսումնասիրելու հրշեջ կամավորական շարժումն ամբողջ աշխարհում: Ընտրվել էին ֆրանսիական ու ռուսական մոդելները, որոնք նույն արմատն ու տրամաբանությունն ունեն։
Հրշեջ կամավորական շարժման ներդրումը ոչ միայն կնպաստի արտակարգ իրավիճակների հետևանքները նվազեցնելուն, օպերատիվ ու արդյունավետ արձագանքելուն, այլև լուրջ սոցիալական խնդիր կլուծի՝ ապահովելով աշխատատեղեր, մասնավորապես հեռավոր շրջաններում ու գյուղերում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել