HY RU EN

Գագիկ Աղբալյան

Դպրոցը, որտեղ սովորել է Ռոբերտ Աբաջյանը, կանվանակոչվի նրա անունով

Երեւանի ավագանին առաջիկա նիստում կքննարկի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 147 հիմնական դպրոցը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով անվանակոչելու հարցը։

Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքից։

Միջնորդությունն արվել է թիվ 147 դպրոցի մանկավարժական խորհրդի եւ կոլեգիալ կառավարման մարմնի կողմից։ Արցախյան քառօրյա ռազմական գործողություններում զոհված, «Արցախի հերոս» Ռոբերտ Աբաջյանը 2003-2011թթ. սովորել է հենց այս դպրոցում։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նա 2016թ. մայիսի 8-ին Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։

Երեւանի ավագանուն է ներկայացվել արցախյան ազատամարտին մասնակցած երեւանցիներից եւս մեկի վերաբերյալ նախագիծ։ Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի եւ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի բնակիչների կողմից միջնորդություն է ներկայացվել արցախյան պատերազմում զոհված Լեւոն Սարգսյանի հուշարձանը թիվ 99 դպրոցի բակում տեղադրելու վերաբերյալ։

Լևոն Սարգսյանը հերոսաբար մարտնչել է հայրենիքի սահմանների պաշտպանության համար եւ նահատակվել Ֆիզուլիի ազատագրման մարտում։

Ավագանու նիստի օրակարգի մեկ այլ հարցով նախատեսվում է համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի 15 շենքի 33 բնակարանը (69.55 քմ) նվիրել 2016 թվականի ապրիլին Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի ծնողներին։

Համաձայն Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 տարածքի լիազոր ներկայացուցչի կողմից տրամադրված տեղեկատվության՝ զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքը (հայրը՝ Ֆահրադ Մկրտչյանը, մայրը՝ Նարինե Կիրակոսյանը) համատեղ բնակվում են Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի 62/3 հասցեում գտնվող 43.8 քմ մակերեսով բնակելի տանը, որոնց հետ նշված հասցեում բնակվում են եւս 19 անձ: Նշված բնակելի տունը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է թվով 15 անձի:

Հաշվի առնելով Մկրտչյանների ընտանիքի բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը` նպատակահարմար է գտնվել մշակել ավագանու համապատասխան որոշում, որը հնարավորություն կտա ապահովելու զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքի կեցության համար անհրաժեշտ բնակարանային պայմանները: