HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Հարությունյանը ստացիոնար բուժում կստանա Կարմիր խաչում

Ամալյա Մարգարյան

Հովհաննես Հարությունյանը գտնվում է Հայկական Կարմիր խաչ ընկերության «Գրացիա» վերականգնողական կենտրոնում: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Ապրիլի 12-ին բժշկական կոնսոլիում (խորհրդակցություն-հեղ.) էր իրականացվել, որպեսզի որոշվեր Հովհաննես Հարությունյանի բուժման հետագա ընթացքը: Բժշկական խորհրդակցության ընթացքում որոշվել էր, որ Հովհաննես Հարությունյանին անհրաժեշտ է ստացիոնար վերականգնողական բուժում, որը պիտի իրականացվեր վերականգնողական կենտրոնում»,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել, որի համաձայն՝ Հայաստանի կառավարությանը պահանջ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և համապատասխան բուժում իրականացնել։

«Եզրակացության կայացումից անմիջապես հետո պետք է բուժումն իրականացվեր, ձգձգվում էր»,- հավելեց փաստաբանը:

Հայարփի Սարգսյանը հայտնեց, որ Հովհաննես Հարությունյանին ապրիլի 15-ին տեղափոխել են Կարմիր խաչ, վարժություններ է կատարել, որից հետո նորից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Ապրիլի 18-ին նույնպես մեկ ժամ վերականգնողական աշխատանքներ կատարելուց հետո տեղափոխոխել են քրեակատարողական հիմնարկ:

«Խախտվում էր Հովհաննես Հարությունյանի իրավունքը, քանի որ ըստ որոշման` բուժումը պետք է ստացիոնար կերպով իրականացվեր: Ես բողոքներ ներկայացրի արդարադատության նախարարություն, մարդու իրավունքերի  պաշտպանին: Այսօր տեղեկացա, որ ստացիոնար բուժում կիրականացվի, և Հովհաննես Հարությունյանին չեն տեղափոխի «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս պահին նա վերականգնողական բուժում կստանա հենց Կարմիր խաչում»,- հայտնեց փաստաբանը:

Հայարփի Սարգսյանը նշեց նաև, որ ըստ բժշկական նախնական եզրակացության՝ Հովհաննես Հարությունյանը վերականգնողական կենտրոնում կմնա 20 օր: «Չի նշանակում, որ 20 օրից հետո նրան պետք է տեղափոխեն «Նուբարաշեն», նախնական փուլը քսան օր է, որից հետո նոր կոնսիլիում կնշանակվի և կորոշվի բուժման հետագա ընթացքը»,- հավելեց պաշտպանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter