
Ապօրինի հատած 52 ծառերի կոճղերը «Հետքի» հրապարակումից հետո ցեխով «քողարկել են»
Մադանից դեպի Ջիլիզա տանող ճանապարհին հարող անտառի փեշերին ապօրինի անտառահատումների մասին «Հետքի» հարապարակման փաստերն այսօր ուսումնասիրվեցին Թումանյանի ոստիկանության օպերատիվ աշխատողների և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու մարզի բաժնի պետի տեղակալ Աշոտ Դարչինյանի ու պետական տեսուչ Ալիկ Խուբլարյանի կողմից:
Հոդվածը հրապարակելուց առաջ՝ ապրիլի 18-ի երեկոյան, «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանից հեռախոսով փորձել էինք պարզել, թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ի որ անտառտնտեսության ենթակայության տակ են հատված ծառերի անտառային տարածքները։
«Ես տեղյակ չեմ Ձեր ասած ապօրինի հատված ծառերից: Մինչև եղևնիներ ճանապարհին հարող անտառները պատկանում են «Լալվար» անտառտնտեսությանը: Առավոտյան կպարզեմ՝ ում տարածքում են այդ ծառերը»,- ասել էր Հ. Ամիրջանյանը:
Իսկ առավոտյան Հարություն Ամիրջանյանը հոդվածի փաստերը ստուգողներին անակնկալ էր մատուցել: Հեռախոսով մեզ հետ խոսելուց հետո Հարություն Ամիրջանյանի հրահանգով ապօրինի հատված ծառերի բոլոր կոճղերը սվաղվել էին ցեխով, և տեղանքը դարձել էր անճանաչելի: Մեկ օր առաջ նկարահանած ծառերի բները չէինք գտնում, բայց հետո նկատեցինք անտառահատների գիշերային տիտանական աշխատանքի արդյունքը։ Բնապահպանական պետական տեսչության և Թումանյանի ոստիկանության օպերատիվ աշխատողները հայտնաբերեցին ապօրինի հատված 52 ծառերի կոճղեր:
Հիշեցնենք, որ այսօր Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացրել է, որ «Հետք»-ի հրապարակված «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում է անտառների զանգվածային ոչնչացումը» վերնագրով հոդվածը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել