HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Հոգեորսության զոհը

Իննամյա աղջնակը` Երեւանի Մուշեղ Իշխանի անվան դպրոցի երկրորդ դասարանցի Հասմիկ Գրիգորյանը, դարձել է հոգեորսության զոհ: Այսպես են կարծում Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան դիմած Հասմիկի հայրը` Նշան Գրիգորյանը, դատական գործում որպես վկաներ ներգրավված երեխայի մորաքույրը` Էվելինա Սարգսյանը, մոր մորաքույրը` Մարիա Նազարովան, քաղաքացի Ժաննա Դովլաթյանը, Կենտրոն թաղապետարանի հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովի անդամ Գայանե Հախվերդյանը, ով ութ ամիս է, ինչ զբաղվում է վերը նշված գործով:

Հայցվոր կողմը պահանջում է երեխայի խնամակալությունը հանձնել հորը` Նշան Գրիգորյանին(2000թ. Հասմիկի ծնողները ամուսնալուծվել են), քանի որ մայրը` Գայանե Սարգսյանը, երեխային ներքաշել է կրոնական ինչ-որ աղանդի մեջ, ինչն էլ բացասաբար է անդրադառնում երեխայի ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա: Մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ Գայանե Սարգսյանի կյանքում տարիներ առաջ ճակատագրական դեր է խաղում ոմն նյարդաբույժ Սոնա Ֆահրադյանի հետ ծանոթությունը, որին հաջողվել է հիպնոսի միջոցով իր շուրջը համախմբել տարբեր մարդկանց:

Գ. Սարգսյանի մորաքույրը` Մարիա Նազարովան, ով սկզբում եղել է Ս. Ֆահրադյանի խմբի անդամ, այնուհետեւ` հեռացել, իր բողոք-դիմումում գրել է. «Այդ անձը(իմա` Ս. Ֆահրադյանը), շահարկելով Աստծո անունը, իրեն անվանում է Աստվածուհի եւ իր շուրջը հավաքում «հիվանդներին», ում իբր թե բուժել է բարդ հիվանդություններից: Վերջիններս էլ այնտեղ են հրավիրում իրենց բարեկամներին եւ ընկերներին: Սոնան կարողացել է համոզել բոլորին, որ ինքը «տիրամայր» է, եղել է վերեւում եւ իջել է երկիր` հոգիները փրկելու: Իբր մեղքերի քավության համար նա ստիպում է բոլորին պատմել իրենց անցյալը` այդպիսով հնարավորություն ստանալով ղեկավարել մարդկանց ուղեղները: 

Այդ համայնքում որեւէ մեկին ընդգրկելուց առաջ Սոնան նշանակում է բուժման կուրս, այն է` տարայի(իրենց մարմնի) մաքրման նպատակով մի շարք պրոցեդուրաներ կատարել: Իսկ Նարեկացու ընթերցման ժամանակ բոլորը պետք է ծնկի գան եւ լաց լինեն: Բացի այդ, այդ կնոջը բոլորը համբուրում են»: Մ. Նազարովան իր բողոքում նշում է նաեւ, որ Գայանեն համայնքի անդամ դառնալուց հետո ազատվել է աշխատանքից: 

Դատարանում վկաներ Էվելինա Սարգսյանը եւ Ժաննա Դովլաթյանը(Սոնան վերջինիս երկու դստրերին եւ իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի թոռանը նույնպես դարձրել է իր համայնքի անդամ) պատմում էին, որ երեխան մեծանում է առանց խաղերի, հասակակիցների հետ շփվելու: Նրան պարտադրում են Նարեկացու ընթերցանություն, ինչն առնվազն անհասկանալի է այդ տարիքի երեխայի համար, եւ իբր չար ուժերից պաշտպանվելու միջոց, քացախաջրով հոգնա են անում, ինչը երեխայի մեջ առաջացրել է վախի զգացում: Ականատեսները պատմում են, որ երեխայի մայրը` Գայանե Սարգսյանը, դատական առաջին նիստին ներկայացել է բավականին ագրեսիվ եւ հիստերիկ վիճակում, ինչը կապված է էլիքսոնյան հիպնոսի հետ: Վկա Է. Սարգսյանի ցուցմունքի համաձայն, Գ. Սարգսյանը հրաժարվել է անգամ դպրոց գնալ եւ մասնակցել երեխայի ծնողական ժողովներին: Նա արգելել է երեխային տեսակցել հորը, իսկ հոր բերած նվերները աղբարկղ են նետվել: Նշան Գրիգորյանին` իր դստեր` Հասմիկ Գրիգորյանի հետ տեսակցելու հարցում օժանդակել է Երեւանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցի տնօրինությունը: 

Երեւանի Կենտրոն թաղապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Հ. Մարգարյանին ուղղված գրության մեջ ահա թե ինչպես են նկարագրում հոր եւ դստեր հանդիպումը դպրոցի փոխտնօրեն Ա. Մուրադյանը, դասղեկ Գ. Դարբինյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Ա. Սարգսյանը.«Երեխան իրեն շատ տարօրինակ էր պահում, անընդհատ կրկնում էր նույն նախադասությունը.«Ես քեզ հետ չեմ ուզում խոսել»: Ոչինչ չէր վերցնում հոր ձեռքից: Երեխայի աչքերում կար վախ եւ անհանգստություն:

Մեզ համար շատ զարմանալի էր այն փաստը, որ նույն վարքագիծը Հասմիկը դրսեւորեց նաեւ իր տատիկի նկատմամբ, որը երկու տարի է, ինչ բերում եւ տանում էր երեխային դպրոց»: (Պարզեցինք, որ այդ ժամանակ տատիկն արդեն դուրս էր եկել աղանդից Թ.Հ.): Հասմիկ Գրիգորյանի բացակայությունների պատճառը պարզելու նպատակով դպրոցի փոխտնօրեն Ալլա Մուրադյանը, դասղեկ Գոհար Դարբինյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Աննա Սարգսյանը ս.թ. մայիսի 26-ին գնացել են տեսակցելու Հասմիկ Գրիգորյանին: Նրան չգտնելով Սարյան 24 հասցեում` տեղեկացել են բնակության նոր վայրի` 2-րդ Գաջեգործների 16 հասցեի մասին եւ գնացել այնտեղ: Դուռը երկար ծեծելուց հետո աստիճաններին է հայտնվել է Հասմիկը եւ իրենց տեսնելով` ուրախացել: Սակայն նրան անմիջապես ետ են կանչել եւ իրենք այլեւս երեխային չեն տեսել: 

«Հետո եկավ մի կին եւ մեզ ուղեկցեց ներս: Սենյակում մեզ դիմավորեց գունատ դեմքով մի տարեց տղամարդ եւ ներկայացավ որպես Ալավերդու նախկին ղեկավար այր: Երբ նրանց ասացինք մեր այցելության նպատակը եւ ցանկություն հայտնեցինք տեսնելու Հասմիկին եւ նրա մորը` Գայանեին, որոշ ժամանակ անց եկան մի տարեց կին եւ Գայանեն: Մինչ նրանց գալը վերը նշված տղամարդը սկսեց մեզ «ներկայացնել» Սայաթ-Նովային(փորձում էր քարոզել), սակայն մենք ասացինք, որ եկել ենք խոսելու միայն Հասմիկի եւ նրա մոր հետ: Գայանեի հետ եկած կինը միանգամից ագրեսիվ կերպով անցավ բողոքի ցույցի եւ հնարավորություն չտվեց Գայանեին խոսելու(Գայանեն նույնիսկ նստել էր մեզնից շատ հեռու): Նա ներկայացավ որպես ամենափրկիչ բարերար, իսկ Գայանեն հաստատեց այդ ամենը: Մենք այնտեղից դուրս եկանք շատ ծանր տպավորություններով` չտեսնելով Հասմիկին եւ չկարողանալով զրուցել Հասմիկի մոր հետ»,-նկարագրում են ուսուցչուհիները:

«Միլենիում» ասոցիացիայի հոգեբան Իրինա Ծատուրյանը, մասնակցելով Կենտրոն թաղապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի 2003թ. փետրվարի 7-ի նիստին, հնարավորություն է ունեցել հետեւել Հասմիկ Գրիգորյանի վարքագծին եւ ներկայացնել անչափահասի հոգեկան վիճակը: Ըստ Ի. Ծատուրյանի` «Աղջնակը անտրամադիր էր, նրա շփումը թե հանձնաժողովի անդամների, եւ թե ներկաների հետ ոչ ադեկվատ էր: Վարքագիծը ցուցադրական էր, կրում էր հիստերիկ բնույթ, բոլոր հարցերին պատասխանում էր միօրինակ եւ անընդհատ կրկնում էր, որ չի ուզում տեսնել հորը` ոչ մի կերպ չհիմնավորելով իր ցանկությունը: Երեխան գունատ էր, սակավարյուն, տագնապած: Հանձնաժողովի նախագահի կողմից տակտով եւ մեղմ տրված հարցերին առաջին մի քանի րոպեները Հասմիկը պատասխանում էր հարաբերականորեն հանգիստ, իսկ հետո կտրուկ անցավ գոռոցի եւ, տպտպացնելով ոտքերը, սկսեց գոռալ, թե չի ցանկանում տեսնել հորը: Մայրը նույնպես ընդգծված խոսում էր այն մասին, որ երեխան չի ցանկանում տեսնել հորը: Նա թողնում էր պաթոլոգիկ զարգացած անձնավորության տպավորություն` շեշտադրված շիզոիդ բնույթի դրսեւորումներով»: 

«Լացող երեխային նիստերի սենյակից դուրս տարան ինչ-որ կանայք, որոնք, ինչպես հետո պարզվեց, մոր ընկերուհիներն էին եւ, որոնք, ինչպես եւ մայրը, գրգռված անգիր արած արտահայտություններով կրկնում էին, որ երեխան չի ուզում տեսնել հորը: Նիստի վերջում ես մոտեցա մորը եւ ասացի, որ երեխային պետք է հոգեբան եւ, տալով իմ տվյալները, առաջարկեցի նրան իմ ծառայությունները: Նա պատասխանեց, որ ունի լավ մասնագետ` Ֆահրադյան Սոնան, որը պետք եղած ժամանակ կարող է օգնել երեխային: Մորը եւ երեխային տեսել եմ ընդամենը մեկ անգամ: Դա, անկասկած, բավական չէ ամբողջական բնութագիրը տալու համար: Գտնում եմ, որ երեխայի վիճակի հիմնավոր բացահայտման եւ ախտորոշման համար անհրաժեշտ է ինչպես մորը, այնպես էլ երեխային ուղղարկել հոգեբուժական փորձաքննության»,-կարծում է հոգեբան Ի. Ծատուրյանը: 

Մեր զրույցի ժամանակ թե հայցվորի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Ամալյանը, թե Կենտրոն թաղապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամ Գայանե Հախվերդյանը նշում էին, որ օրենսդրությունը հնարավորություն չի ընձեռում պայքարելու հոգեորսության դեմ եւ բացառելու կրոնական աղանդների մեջ երեխային ներքաշելու հնարավորությունը: Թեեւ«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է.«Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք: Դավանանքի ազատության եւ համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչեւ 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին»: 

 «Մենք չենք ցանկանում, որ այդ ընտանիքը քայքայվի: Պետք է ամեն ինչ անել, որ թե մայրը, թե երեխան բուժվեն եւ ազատվեն այդ «ուսմունքից»,-մեր զրույցի ժամանակ ասաց Գ. Հախվերդյանը: Կենտրոնի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը որոշում է կայացրել երեխային հորը հանձնելու մասին: Ամիսներ անց, հոկտեմբերի 29-ին «Կենտրոն» թաղապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի միջնորդությամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Գայանե Սարգսյանի նկատմամբ նշանակել է դատահոգեբուժական փորձաքննություն, սակայն նա չի ներկայացել եւ հայտարարել է, որ երբեւիցե չի էլ ներկայանա: Հայցվոր Նշան Գրիգորյանը (28.11.2003թ.) դատարանից խնդրել է ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել եւ Գ. Սարգսյանին ճանաչել անգործունակ: Իր հայցը Ն.Գրիգորյանը հիմնավորում է Գ.Սարգսյանի` աղանդավորների ազդեցության տակ ընկնելու պատճառաբանությամբ, ինչից տուժում է երեխան: 

 Երեւանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Սարգսյանը դեկտեմբերի 15-ին հայտնել է, որ նույն դպրոցի աշակերտուհի Հասմիկ Նշանի Գրիգորյանը սեպտեմբերի մեկից առ այդ օրը չի հաճախել դպրոց, թեւ նրա փաստաթղթերը դպրոցում են: Դեռեւս սեպտեմբերի 9-ին դպրոցի տնօրինությունը գրությամբ դիմել է Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, Կենտրոն թաղապետարանի որդեգրման եւ խնամակալության հանձնաժողովին, ինչպես նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին` խնդրանքով` պարզելու, թե որտեղ է Հասմիկը եւ ինչու չի գալիս դպրոց: Հատուկ արտոնագիր ունեցող եւ ՀՀ Վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբան Հովհաննես Գալյանին(նա հայցվորի շահերն է ներկայացնում դատարանում) հղված դիմումում դպրոցի տնօրինությունը տեղեկացրել է, որ 2003թ. մայիսի վերջին ուսուցիչներն այցելել են երեխայի բնակության վայրը եւ ցանկացել են տեսակցել նրան եւ մորը, աղանդավորական խմբի ամդամները չեն թույլատրել զրուցել ոչ երեխայի, ոչ մոր հետ: Չնայած դասղեկի եւ ուսուցիչների գործադրած ջանքերին` նրանք ամեն կերպ խոչընդոտել են երեխայի եւ հոր հանդիպումը: Փաստորեն, դպրոցի ողջ մանկավարժական խորհուրդը, իրազեկ լինելով այդ ամենին, մտահոգված է Հ. Գրիգորյանի ճակատագրով: 

 Դեկտեմբերի 16-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը, պատասխանող կողմի բացակայության պայմաններում, հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները համարելով բավարար, վճռեց հայցը բավարարել մասնակի` երեխային հանձնել հորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter