HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ մամուլի խոսնակը ներկայացրել է ժամկետային-պայմանագրային ծառայության տեսակը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է զինված ուժերում ծառայության մի նոր տեսակ, որը քննարկման փուլում է: Ներկայացնում ենք «ԵՍ ԵՄ» անունով ծրագրի մանրամասները, որոնք Հովհաննիսյանը հրապարակել է «Facebook» սոցիալական ցանցում.

«Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`

1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
3. ուսման վարձի փոխհատուցում:
Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:

Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաև ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա:

Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում:

Ծրագիրը քննարկման համար է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter