HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետի՝ նվիրատվությունների մասին որոշ կարգադրություններ հասկանալի չեն

Ուսումնասիրել եմ Երևանի քաղաքապետի 2015թ., 2016թ. և  2017թ.-ի մարտ, ապրիլ ամիսների կարգադրությունները, հատկապես «Գումար  հատկացնելու»  նպատակով տրվածները:

2015-ի մարտին  տրվել է  75 կարգարդրություն, որոնցից 17-ը՝ այդ նպատակով, 2016-ին՝ 78-ից 21-ը, 2017-ին՝   80-ից 36-ը :

2015-ի ապրիլին  տրված 48 կարգադրություններից 24-ն են «Գումար  հատկացնելու»   նպատակով, 2016-ի  ապրիլին՝  80-ից  26-ը, 2017թ. ապրիլին՝ 27-ից 17-ը: Նկատելի է 2016թ.-ի համեմատությամբ 2017-ի մարտ, ապրիլ ամիսներին  «Գումար  հատկացնելու»  նպատակով կարգադրությունների աճը:

Իհարկե, 2017թ.-ի   կարգադրությունների մեջ կան նվիրատվություններ, որոնց նպատակը  ողջունելի ու  հասկանալի է, օրինակ՝ «Հայ մայրեր»  բարեգործական ՀԿ-ին, կամ  «Երևանյան հեռանկարներ»  փառատոնին  հատկացված  նվիրատվությունները: Հասկանալի, բայց ողջունելի չեն   «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով  նախատեսված գումարներից  տարբեր վարչական շրջանների՝ սոցիալապես  անապահով անձանց  նվիրատվությունների  մասին կարգադրությունները, որոնց թիվն այս տարի  նկատելիորեն ավելացել է, և  իրավունք ունեմ  ենթադրել, որ դրանք  ուղիղ կապված են ընտրությունների հետ:

Սակայն կան նվիրատվություններ, որոնց տալու նպատակը բոլորովին  հասկանալի չէ, կարգադրության մեջ  նվիրատվության նպատակի մասին  ոչինչ  գրված չէ:

Մասնավորապես.  

Ինչո՞ւ  է.

  • 258-Ա  18.04.2017թ. կարգադրությամբ  «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին տրվել   6.588  մլն նվիրատվություն:

  • 235-Ա  03.04.2017թ.  կարգադրությամբ  «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Երևան» հիմնադրամին   որպես նվիրատվություն տրվում 16950.0 (տասնվեց միլիոն ինը հարյուր հիսուն) հազար դրամ:

  • 256-Ա  14.04.2017թ. կարգադրությամբ  «Երևան» հիմնադրամին որպես նվիրատվություն հատկացվում 2500.0 (երկու միլիոն հինգ հարյուր) հազար դրամ:

  • 254-Ա  14.04.2017թ. կարգադրությամբ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ին որպես նվիրատվություն  հատկացվել  42632.9 (քառասուներկու միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր) հազար դրամ:

Սրանք միայն մեկ ամսվա  մեջ արված անհասկանալի նվիրատվություններն են, կարելի է պատկերացնել, թե  տարվա կտրվածքով  դրանք  որքան կլինեն  ու անել համապատասխան հետևություններ այն մասին, թե երևանցիներին ծառայելու փոխարեն բյուջեն ում է ծառայում: Այսինքն՝  կարող ենք  արձանագրել, որ այս կարգադրություններով դուրս գրված միլիոնների  ծախսի նպատակն անհայտ է:

Առջևում   Երևանի ավագանու ընտրություններն են, երևանցիներն ունեն  բազմաթիվ չլուծված խնդիրներ և  սպասվող ընտրություններում ակնկալում են այդ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Համոզված եմ, որ նրանք  ուզում են  ընտրել  քաղաքական այն թիմը, որը  Երևանի բյուջեի յուրաքանչյուր լուման կբաշխի արդյունավետորեն, խնամքով, ծանր ու թեթև անելով  և յուրաքանչյուր լումայի  համար կներկայացնի   հաշվետվություն:


Անահիտ Բախշյան

«Բարև Երևան» խմբակցության անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter