HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության հասնելու կանանց իրավունքը

Կանանց հանդեպ բռնության թեման հաճախ պատշաճ լրջությամբ չի ընկալվում աշխարհում, եւ այդ տեսակետից Արցախը բացառություն չէ: Ես նույնպես՝ մի ամերիկահայուհի, որն ինը տարի շարունակ ապրել է Արցախի պատերազմական գոտում եւ իր նպաստը բերել հայրենիքի պաշտպանության գործին, անձնապես ենթարկվել եմ նման բռնության: 

Այսպես, 1993թ. կռիվների ժամանակ Արցախի Մարտունի բնակավայրում ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանը աչքերիս ինչ-որ քիմիական նյութ փչեց եւ փայտով ծեծի ենթարկեց ինձ՝ փորձելով իմ ձեռքից խլել տեսախցիկս: Օգնության իմ կանչերի վրա մոտ եկավ ֆրանսիացի լուսանկարիչ Մաքս Արշակ Սվասլյանը, որը կողքի կանգնեց որպես դիտորդ՝ ասելով. «Թող սա դաս լինի քեզ համար, որպեսզի իմանաս, որ այս աշխարհը տղամարդկանցն է»: Հետո այդ երկու տղամարդիկ գողացան իմ տեսախցիկը: Իմ հարցին, թե արդյո՞ք այն իրենց մոտ է, նրանք ժխտական պատասխան տվեցին: Բայց երբ իմ խնդրանքով հրամանատար Մոնթե Մելքոնյանը ոստիկաններ կանչեց, վերջիններս եկան ու նրանց սենյակում գտան տեսախցիկս: 

 Լեոն ու Մաքսը, սակայն, մնացին անպատիժ: Դրա փոխարեն նրանք ինձ լրտես հռչակեցին, եւ ամբողջ երեք ամսով արգելվեց իմ մուտքը Արցախ, մինչ ես զբաղված էի երաշխավորագրեր հավաքելով՝ անմեղությունս ապացուցելու համար: Եվ միայն երբ երջանկահիշատակ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանն ինձ պաշտպանող նամակ գրեց, ինձ վերջապես թույլ տվեցին վերադառնալ Արցախ: 

Հիրավի ցավալի էր, որ այդ անպարկեշտ մարդիկ ոտնահարեցին կնոջ իմ իրավունքները՝ ձգտելով խափանել այն աշխատանքը, որ ես կատարում էի՝ օգնելու մեր զինվորներին ու հայրենիքին: Բայց ինձ համար շատ ավելի ցավալի էր այն, որ երբ ես մարդկանց պատմում էի նրանց այդ հանցավոր արարքների մասին, ոչ մեկին դա իրականում չէր էլ հուզում: Մարդիկ չէին ցանկանում պատասխանատվության կանչել հանցագործներին՝ ասելով, օրինակ, թե իրենք նման բան չեն տեսել, չնայած որ ես ունեի վկաներ, որոնց հետ նրանք կարող էին կապվել: Հետաքրքիր է, ի՞նչ զգացողություն կունենային նրանք, եթե իրենց կանայք կամ մայրերը նման հարձակման ենթարկվեին, եւ ինչպե՞ս կվարվեին այդպիսի դեպքերում: Ես գիտեի, որ դատական համակարգը կոռումպացված է, բացի այդ չէի կարողանում գտնել հետաքննող լրագրողների, ովքեր կկարողանային գրել կատարվածի մասին: 

Հետագայում պրն. Նիկոլյանը նռնակով սպանեց երկու կնոջ՝ դրա դիմաց ընդամենը մի քանի ամիս անցկացնելով բանտում: Պրն. Սվասլյանն այժմ Երեւանում ու Մարսելում ճանաչված լուսանկարիչ է: Տեսնես կպակասե՞ր նրա գրքի գնորդների թիվը, եթե նրանք իմանային, որ այդ մարդու պատմությունը: Ինձ համար դեռեւս խորն է այս միջադեպերի պատճառած ցավը. ամեն անգամ մարդկանց հանդիպելիս՝ մտածում եմ, թե արդյոք այս անձնավորությունը անհրաժեշտության դեպքում կպաշտպանի՞ իմ իրավունքները, թե՞ ոչ:

Արցախի ազատամարտի տարիներին փոխադարձ հարգանք կար իմ եւ հիրավի հարգանքի արժանի զինվորական հրամանատարների միջեւ: Բայց Մարտակերտում ապրելուս ընթացքում ես առիթ ունեցա հանդիպել նաեւ մի քանի հրամանատարների, որոնք անհարգալից վերաբերմունք էին դրսեւորում իմ հանդեպ՝ մի կնոջ, որը փորձում էր լինել կամավոր զինվորական: Ուստի երբ 2000թ. Վարդգես Արզումանյան անուն-ազգանունով մի սպա փորձեց բռնարարք գործել իմ նկատմամբ, ես, նման վերաբերմունքից «կշտացած», որոշեցի նրա դեմ դատական հայց հարուցել, իմանալով, որ այդ քայլիս համար բազմաթիվ գրոհներ կձեռնարկվեն հեղինակությանս հանդեպ:

Պետք է ասել, որ ինչ խոսք, Ամերիկայում եւս կան օրինակներ, երբ կին զինվորականները ենթարկվում են խտրական ու անարդարացի վերաբերմունքի: Երկարատեւ դատավարության արդյունքում նա մեղավոր ճանաչվեց եւ փորձնական ժամկետով ազատազրկման դատապարտվեց: Կուզենայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել զինվորական դատարանի այն ազնիվ քննիչներին, ովքեր հավատացին ինձ եւ իրենց կողմից արեցին առավելագույնը՝ արդարության հաղթանակի համար: Իսկ իմ «պատիժը» եղավ այն, որ ինձ արգելեցին աշխատել զինվորական հոսպիտալում, որտեղ ես տարիներ շարունակ գործում էի կամավորական սկզբունքով, բացի այդ թույլ չտվեցին գրանցվել որպես զինվոր, քանզի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը, կոռումպացված էր եւ հրաժարվում էր հարգել իմ իրավունքները: Իմ մի քանի ընկերուհիների ամուսինները, ովքեր կապ ունեին անազնիվ այդ սպաների հետ, արգելեցին իրենց կանանց հանդիպել ինձ հետ: Այդքան հաճախակի փակ դռների բախվելով՝ ես վճռեցի հեռանալ Արցախից եւ այդուհետեւ արդարությանը հետամուտ լինել իմ արվեստի օգնությամբ, իմ նկարաշարքերով ու գրվածքներով, որոնցում պատկերված է արցախաբնակ կանանց վիճակը:

Այսպես, «Անարդար սպան» կոչվող նկարում մի սպա՝ Վիտալի Բալասանյանը, կանանց տոնի առթիվ ծաղիկներ է նվիրում կին զորականներին՝ միաժամանակ ոտնակոխ անելով իմ անձն ու իրավունքները, քանի որ զանգահարում է դատավորին, որպեսզի հանցագործը բանտից ազատ արձակվի: Իսկ «Անդադրում աշխատանք»-ը պատկերում է արցախցի կնոջը, որը տքնաջան բանում է, մինչ նրա ամուսինը, բազմոցին պառկած, ձայն է տալիս, որպեսզի կինը գա եւ հեռուստացույցի ալիքը փոխի: «Սիրեկանը» նկարում բժիշկը ձեռքին բռնել է երկու խամաճիկ, որոնցից մեկն իր կինն է, մյուսը՝ սիրուհին: Համանման խնդիրներ կան նաեւ ԱՄՆ-ում, բայց դրանք հատկապես ցայտուն են արտահայտված հայ կանանց դեպքում՝ երկրի տնտեսական բարդ կացության պատճառով: 

Վերջերս Երեւանում առիթ ունեցա բարձրաձայնելու այս խնդիրները «Վումանեյդ ինթերնեշնլի» (Կանանց օգնության միջազգային կազմակերպության) հովանավորությամբ անցկացվող «Կովկասում գենդերային բռնության դեմ ակտիվ պայքարի 16-օրյակի» շրջանակում հրավիրված մի հանդիպման ժամանակ: Միացյալ Նահանգներում եւս ես ելույթներ եմ ունենում եկեղեցիներում, կրթական հաստատություններում եւ կանանց կազմակերպություններում, որտեղ նկարագրում եմ Արցախի կանանց դրությունը, բացի այդ խոսում եմ նաեւ ԱՄՆ-ի կողմից 1915թ. հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ նրանք պետք է ընդունեն, որ, իբրեւ բնիկ ժողովուրդ, հայերն իրավունքներ ունեն իրենցից խլված պատմական հայրենիքի հանդեպ:

Քաղաքական հրատապ խնդիրների լուծումը երբեմն հետին պլան է մղում կանանց հիմնախնդիրները: Սակայն կանայք ազգի ողնաշարն են, եւ ի՞նչ արժեք ունի ազատության համար մղվող պայքարը, եթե տղամարդիկ շարունակում են տեր ու տիրական լինել՝ կանանց պահելով ստորադրյալ վիճակում, որպեսզի վերջիններս չկարողանան համահավասար լինել իրենց, ինչն անընդունելի է ժողովրդավարության տեսակետից: 

 Ես բավականին շատ տեղեկություններ եւ նյութ ունեմ Արցախի կանանց մասին, այդ թվում՝ իմ պատրաստած երկու տեսաֆիլմերը՝ «Արցախի երեխաները» եւ «Արցախյան ազատամարտը»: Եթե ցանկանում եք ունենալ իմ տեսաֆիլմերը կամ բանախոսելու հրավիրել ինձ, կարող եք գրել ինձ հետեւյալ էլեկտրոնային հասցեով. [email protected]: 

Անուշ Տեր-Թոլյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter