HY RU EN

Ամալյա Մարգարյան

«Սեֆիլյանն ընդդեմ Արմենիա TV-ի» գործով ապացույցները նորից կհետազոտվեն

Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանը՝ Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, որոշեց վերսկսել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիական հայցով գործն ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության, մասնավորապես` «Սուր անկյուն» հաղորդաշարի լրագրողներ Նելլի Հարությունյանի և Վահե Ղազարյանի։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, հետո ավելացրեց, որ սա անսպասելի որոշում է եղել. «ակնկալում էինք, որ վճիռ կհրապարակի»։

Փաստաբանը նշեց, որ հայցադիմումի քննության վերսկսման պատճառները ապացույցների լրացուցիչ հետազոտումն է եղել։ Դատարանը չի մանրամասնել, սակայն փաստաբանը նշում է, որ ըստ իրենց ենթադրության՝ հետազոտվելու են այն ապացույցները, որոնց բնօրինակները դատարան չեն ներկայացվել` նախագահողի իմացությամբ: «Ապացույցներից մեկն էլ 25 մտավորականների նամակ էր Ժիրայր Սեֆիլյանին, որով  խնդրում էին Սեֆիլյանին ՊՊԾ գունդը գրաված մարտական ընկերներին հորդորել, որ զենքը վայր դնեն»,- հայտնեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը պահանջում է «Արմենիա» հեռուստաընկերությունից իր վերաբերյալ տարածած կեղծ տեղեկատվոթյունը հերքել և հրապարակավ ներողություն խնդրել:

Հայցադիմումի մեջ նշված է, որ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հերթական հաղորդման ընթացքում Արցախյան հերոսամարտի երկու հրամանատարների սխրանքների մասին է պատմվում, ապա զուգահեռներ անցկացվում Սեֆիլյանի հետ: Ներկայացվում է մի դեպք, որտեղ Սեֆիլյանը ռազմի դաշտում թողել է նռնակի պայթյունից ենթադրաբար զոհված զինվորի, իսկ ինքը նստել 2 ձիերից մեկը և հեռացել:

Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել էր. «Սեֆիլյանին ձերբակալելուց ութ օր առաջ «Արմենիա» հեռուսաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարով հաղորդում գնաց, որն ամբողջովին Սեֆիլյանին արատավորելու նպատակ էր հետապնդում: Հաղորդավարը խոսում էր նախ «դրական» հրամանատարների մասին, ապա զուգահեռներ անցկացնում Սեֆիլյանի որակների հետ և մի քանի արտահայտություն է անում»։ Փաստաբնաը նշել էր, որ այսպես փորձում են «ցեխ շպրտել Ժիրայր Սեֆիլյանի թե՛ անցած մարտական ուղու, թե՛ ներկայիս հեղինակության վրա»: 

Փետրվարի 17-ի դատական նիստի ընթացքում «Արմենիա» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանը դատարանում հայտնել էր, որ հայցվոր կողմը բավարար ապացույցներ չի ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ տարածված զրպարտության ու վիրավորանքի վերաբերյալ։ Ներկայացուցիչը նշել էր նաև, որ հայցադիմումում նշված չէ՝ հաղորդման ընթացքում հնչած խոսքերն ինչով են վարկաբեկում Սեֆիլյանի պատիվն ու արժանապատվությունը։

«Արմենիա» հեռուստաընկերության ներկայացուցիչը հայտնել էր. «Լրատվամիջոցը նպատակ չի հետապնդել արատավորելու հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, որը զրպարտության և վիրավորանքի անհրաժեշտ տարրերն են, ուստի հայցը ենթակա է մերժման»:

««Արմենիա» հեռուստաընկերությունը հայցը բավարարելու դեպքում պետք է 15 րոպեանոց ռեպորտաժ պատրաստի Ժիրայր Սեֆիլյանի մասին` հակառակ բովանդակությամբ և Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ: Սա քաղաքացիական գործ է, բայց անմիջական կապ ունի Ժիրայր Սեֆիլյանի քրեական գործի հետ, նպատակը հանրային կարծիք ստեղծելն է` Ժիրայր Սեֆիլյանին ներկայացնելու որպես վատ  հրամանատար»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Տիգրան Հայրապետյանը:

Այս գործով հաջորդ նիստը կկայանա հունիսի 9-ին: