HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ով է նստել ջրաղբյուրի բերանին

Կարինե Դանիելյան

Ինքնիշխանության ու ապաշնորհ կառավարման պտուղները

Կինը փականը բացեց, եւ ծորակից հորդաց լորձանման ջուրը: Բաժակի հատակին նստեցին դեղին, մանրագույն մասնիկներ: Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչների հավաստմամբ, իրենք հենց այդպես էլ օգտագործում են ջուրը' ամանները լվանալու, լվացք անելու համար, երբեմն նույնիսկ խմելու նպատակով:

Մի քանի անգամ փորձել են եւ չեն հիվանդացել: Իսկ մշտապես եռացրած ջուր չեն կարող օգտագործել' հոսանքի ծախսն է ավելանում:

Երեւանի Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում խմելու ջրի աղտոտման հայտնի պատմությունը հասարակական կրքեր բորբոքեց, եւ իշխանությունները ստիպված եղան հաշվի նստել իրողության հետ: Գառնի գյուղի բարձրադիր հատվածի այս թաղամասում մոտ 500 տնտեսություն կա: 90-ական թթ. առայսօր խմելու ջուր չեն ունեցել. սրանից, նրանից մեքենա խնդրելով՝ բեդոններով ու դույլերով ջուր են բերել օրվա ու շաբաթվա օգտագործման համար: Բողոքի պատասխանը համր լռությունն է եղել, հոգնել են անօգուտ պայքարից: Ամռանը նույնիսկ ծայրահեղ քայլի դիմեցին' փակելով դեպի Գեղարդ տանող ավտոմայրուղին: Արդյունքը օրը 2-3 ժամ տրվող այս ժանգագույն ջուրը եղավ:
Շատերը, թողնելով իրենց տունն ու այգին, ստիպված տեղափոխվել են գյուղի ցածրադիր հատվածները, որոնք ջրի խնդիր գրեթե չունեն, եւ օրվա ընթացքում ինչքան էլ ջուր տան, գոնե այդպիսի կասկածելի բաղադրություն չունի:

Կոտայքի մարզն ընդհանրապես, իսկ 8 հազար բնակչությամբ Գառնի գյուղն առանձնապես հարուստ է ջրային պաշարներով: æրաղբյուրներն այնքան առատ են ու հորդահոս, որ մայրաքաղաքին էլ կարողանում են սպասարկել: Խորհրդային շրջանի տեխնիկա-տնտեսական նախագծերով մարզի ջրամատակարարումն իրականացվել է պոմպերի միջոցով, քանի որ ջրաղբյուրներն այստեղ ավելի ցածր նիշերի վրա են, քան բնակավայրերի մեծ մասը: Եվ բացի այդ, հոսանքի սակագինը ցածր է եղել, եւ ջրամատակարարման հետ կապված որեւէ խնդիր չի առաջացել:Նույն սկզբունքով էլ Գառնի գյուղը ջուրն ստացել է համանուն կիրճի ջրաղբյուրներից: 250-290 կվտ հզորությամբ էլեկտրաշարժիչներով ջրամատակարարման համակարգը, թեւ մաշված ու քայքայված վիճակում, այնուամենայնիվ, կարողանում է սպասարկել: Եթե իհարկե, գործի է գցվում: Հոսանքի սակագների պարբերական թանկացումներն անմատչելի դարձրին դրա շահագործումը: Մինչեւ 2000թ. հոկտեմբերի 1-ը չվճարած հոսանքի պարտքը կազմում է 650 մլն դրամ: Եվ այստեղից էլ ծայր է առել գառնեցիների ջրի խնդիրը:

Համայնքի ջրամատակարարման ու ջրահեռացման սպասարկումը նախկինում իրականացրել է «Հայջրմուղկոյուղին»: 1997-98թթ. գյուղապետն ու ավագանին դիմեցին ու ետ վերցրեցին ջրամատակարարման համակարգը' որպես իրենց գույք ու սեփականություն: Վերցրեցին, սակայն մատնեցին անտերության: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Աշոտ Մալխասյանի համոզմամբ, իրենց ենթակայության տակ մնալու կամ թեկուզ հիմա իրենց ենթակայությանն անցնելու դեպքում համայնքը պարտադրված պետք է մի շարք գլխացավանք պատճառող խնդիրներ լուծի' հստակեցնի բաժանորդների թիվը' նրանց բոլորին վճարման դաշտ բերելով, ջրաչափեր տեղադրի, հիմնական միջոցների գույքագրում իրականացնի, գրանցվի կադաստրում, անհրաժեշտ ջրաքանակի հաշվառում, գիշերային ու ցերեկային սակագների հաշվարկ կատարի, այսինքն՝ ենթարկվի բարեփոխումների այն տրամաբանությանը, ինչն այսօր իրականացվում է ողջ հանրապետությունում: Այդ դեպքում նույնիսկ պոմպերի միջոցով ջուր մատակարարելով' հնարավոր էր խնդիրը գոնե չթողնել այնպիսի վիճակում, ինչպիսին է այսօր: Սակայն երեւի միայն գյուղապետին հայտնի պատճառներով այս միջոցառումներից ոչ մեկը չի իրականացվել: Նույն վիճակում հայտնված æրաբեր գյուղը համակարգի շահագործումն իր կարողություններից վեր համարելով' շահագործումն արդեն հանձնել է «Հայջրմուղկոյուղու» ենթակայությանը: Իսկ Գառնիի ղեկավարությունը նման բան ոչ մտադրվել է ձեռնարկել, ոչ էլ տարիներ շարունակ ինքն է փորձել գյուղացիներին հանել հուսահատ վիճակից:

Ինչպես Գառնիի, այնպես էլ մարզի մյուս ջրազրկված գյուղերի (æրաբեր, Զորավան, Ակունք) կենսական այս ամենակարեւոր հոգսը հեշտությամբ կարելի է լուծել ջրամատակարարման համակարգերը ինքնահոս տարբերակի փոխադրելու միջոցով: Ինքնահոս ջրամատակարարման անցնելու միանգամայն ռեալ տեխնիկական հնարավորություններ կան Գառնիում, քանի որ գյուղի բարձրադիր հատվածները, եւ դրանցից վերը նույնպես նստած են առատահոս աղբյուրների վրա:

Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը փաստարկների ու արդարացումների մի ամբողջ բանկ ունի: æրաչափեր չեն տեղադրում, որովհետեւ մեծ ծախս է, 15-16 մլն դրամ է պետք: Ցանցը չի նորոգվում, պահեստային էլեկտրաշարժիչ չկա, ախտահանման կայանքը չի վերակառուցվում, որովհետեւ գումարներ չկան: Եվ պատասխան մեղադրանք է հղում «Հայջրմուղկոյուղուն», որը դեպի Երեւան գնացող' Գառնիի ջրաղբյուրների զբաղեցրած 87 հա տարածքի' գուղին հասանելիք հարկի վճարը ինքն է սեփականում: Իսկ թե ինչու ժամանակին չի նախաձեռնել ինքնահոս համակարգին անցնելու գործը, բացատրում է այն իրողությամբ, որ հոսանքը վճարելու պարտադրանքը այնքան խիստ չի եղել, ինչպես հիմա է' համակարգի սեփականաշնորհումից հետո: Եվ թյուր ինքնահանգստացմամբ խնդիրը շրջանցվել է: Գյուղացիների նյարդերն ու համբերությունը տարիներ շահարկելով, նա ի վերջո նախաձեռնել է ջրազրկված հատվածն ինքնահոս ջրով ապահովելու «ծանր» առաքելությունը:

Գողթից վերեւ գտնվող աղբյուրներից սկիզբ առնող՝ տարիներ առաջ արդեն կառուցված խողովակաշարերը ձգել են եւս 5-7 կմ-ով եւ խնդիրը լուծված հայտարարել: Ճանապարհը փակելու գյուղացիների հուսահատ քայլից հետո հապճեպ իրականացված այս միջոցառման արդյունքները, սակայն, ավելի են զայրացրել ու հիասթափեցրել գյուղացիներին: Նոր խողովակաշարերը գցվել են նորմատիվային կոպիտ խախտումներով' գետնի մակերեւույթային շերտերում, եւ օրական մի քանի անգամ տրվող ջուրը հողի մասնիկների ու աստված գիտի էլի ինչի բաղադրությամբ է մտնում գառնեցիների տները: Գյուղացիները պատմում են, որ խողովակաշարի անցած տարածքը առատ է նաեւ կրծողների բներով, եւ թե ինչ անկանխատեսելի իրողությամբ է հղի փաստը, դժվար է ենթադրել: Իսկ գյուղապետը հպարտությամբ եւ անընդմեջ շեշտում է, որ հիմա ինքնահոս ջրատարը 1 վայրկյանում 10-12 լ ջուր է մղում, եւ գարնան դեմ, երբ այդ քանակը կհասցվի 15-17 լ-ի, թաղամասը շուրջօրյա ջրամատակարարում կունենա:

Մենք հանդիպեցինք նաեւ համայնքային ավագանու մի քանի ներկայացուցիչների հետ: Նրանց պատմելով, ինչպես այս, այնպես էլ գյուղի համար կենսական մյուս հարցերի լուծման մեջ ավագանին որեւէ դերակատարում չունի: «Տարվա ընթացքում ավագանու ընդամենը 3 նիստ է գումարվել, գյուղապետը ոնց ուզում, այնպես էլ վարվում է գյուղի ու նրա հիմնախնդիրների հետ»,- ասում է ավագանու անդամ Վահագն Ստեփանյանը: Իսկ Գուրգեն Խաչատրյանը պնդում է, որ ինքնահոս ջրատարը պետք է գցվեր Հավուց թառ եկեղեցուց 2 կմ վեր գտնվող աղբյուրներից, որոնց ջուրը մաքուր է ու ստուգված: Ինքնահոս ջրամատակարարման այս տարբերակը ֆինանսատար ու աշխատատար է, բայց խնդրի լուծման վերջնական միջոց կարող էր դառնալ:

«Գալակտիկա» գործարանը գյուղին պարտքի դիմաց խողովակներ է տրամադրել, դրանց ծախսը մեջտեղից դուրս է գալիս: Եվ բացի այդ, Գառնիին տրվող տարեկան դոտացիան պատկառելի գումար է' 20 մլն դրամ: Այդ հնարավորությունն էլ մաս-մաս օգտագործելով' խմելու ջրի հարցն աստիճանաբար կարելի էր լուծել: Վաղուց ի վեր մշակվել է նաեւ ինքնահոս ջրամատակարարման «7 աղբյուրներ» նախագիծը, որը դարձյալ հիմնական լուծում կարող էր դառնալ, բայց կրկին ոչինչ չի ձեռնարկվել: Գյուղի ջրազուրկ հատվածի մի մասին այսօր ջուր մատակարարվում է (օրը 1-2 ժամ) դարձյալ պոմպերի միջոցով: Վարձավճարը չեն մուծում, պոմպերն անմիջապես անջատում են: æրի դիմաց հոսանքի տարեկան ծախսը 70 մլն դրամ է կազմում: Իրենց բաժին վարձավճարը գյուղացիների մեծամասնությունը պարտաճանաչորեն մուծում է' անկախ նրանից, ինչքան եւ ինչպիսի ջուր է ստանում: Սակայն միշտ էլ հոսանքի վարձը գյուղացիների վճարածի կրկնակին է կազմում, չհաշված պարտքերի մեծ բեռը (35 մլն դրամ), որ կուտակվել է տարիների ընթացքում: Այնպես որ, գառնեցիների փրկությունը միայն ինքնահոս մատակարարման տարբերակն է:
Խնդիրների այն կծիկը, որ հյուսվել է խմելու ջրի հիմնախնդրի շուրջ, եւ պետական, եւ տեղական իշխանությունների անընդունելի կառավարման արդյունք է: Գյուղացիների համբերությունն այլեւս սպառվել է: Նրանք կրկին սպառնում են փակել ճանապարհները, քանի դեռ ամեն օր ծորակներից հոսող զզվելի ժանգաջուրը մի նոր փորձանք չի բերել իրենց գլխին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter