HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ովքեր են շահում եւ ովքեր` տուժում համայնքների խոշորացումից. Աշոցքի օրինակը

Շիրակի մարզում 2016թ-ի հոկտեմբերի 2-ին Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում իրականացված համայնքների խոշորացման ծրագրի ընթացքում ձեւավորվեց 4 փունջ՝ Արփի, Ամասիա, Աշոցք եւ Սարապատ: Անցած 4-5 ամիսների ընթացքում խոշորացված բնակավայրերի բնակիչների համար դրական որեւէ շոշափելի արդյունք առայժմ չի գրանցվել:

Գյումրու «Սախորովի անվան իրավապաշտպան կենտրոնում» կազմակեպված քննարկման ժամանակ, որի մասնակցում էին համայնքապետեր, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, այս մասին հայտարարեց «Կոմպասս» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Ղարիբ Հարությունյանը: Կենտրոնն ուսումնասիրություններ է իրականացրել Աշոցք համայնքում եւ հիմնականում գրանցել ավելի շատ բացասական, քան դրական տրամադրվածություն բնակիչների շրջանում «խոշորացում» կոչվող երեւույթի նկատմամբ:

Ղարիբ Հարությունյանը

Բնակիչների 82 տոկոսը դժգոհել է, որ գործընթացն իրականացնելիս իրենց կարծիքը հաշվի չի առնվել, չի եղել հանրային քննարկում: Հարցվածների 70 տոկոսից ավելին հայտնել են, որ որեւէ ակնկալիք չունեն համայնքների միավորումից:

«Համայնքների խոշորացման հայեցակարգում սահմանված սկզբունքներից մեկն այն է, որ գործընթացի հետ կապված պետք է անպայման հաշվի առնել բնակիչների կարծիքը: Պիլոտային նախագծում՝ Տաթեւում եւ Դիլիջանում, հանրաքվեի սկզբունքը պաշտպանվել է: Այլ հարց է, թե արդյոք այն հետագայում հաշվի առնվել է, թե ոչ: Շիրակի մարզում անգամ ձեւականորեն այդ դրույթը չի կիրառվել,- ասում է Ղարիբ Հարությունյանը,- մեր անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ պատրաստ են եղել եթե ոչ հանրաքվեի, ապա գոնե հանրային քննարկումների, որի ժամանակ կկարողանային կարծիք հայտնել, սակայն ամեն ինչ սահմանափակվել է համայնքապետերի հետ մարզպետարանում անցկացված հանդիպումներով»:

Բանախոսի համոզմամբ, նախ պետք էր վերլուծության ենթարկվեին պիլոտային ծրագրով խոշորացված համայնքներում ստացված արդյունքները, իսկ դրա համար ժամանակ էր հարկավոր՝ երկու կամ երեք տարի: Չկան անթերի ծրագրեր, ցանկացած գործընթաց ենթադրում է որոշակի սխալներ, եւ իհարկե հնարավոր չէ հաշվարկել 100 տոկոսանոց արդյունավետություն:

«Նախ պետք էր պիլոտայինի դեպքում հստակ հասկանալ, թե փոքր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա ինչպիսի ազդեցություն է ունենալու խոշորացումը,- նկատում է բանախոսը,- մյուս հարցադրումը վերաբերում է խոշորացված համայնքի բյուջեին: Գաղտնիք չէ, որ հանրապետությունում ունենք շատ փոքր բյուջեներով գյուղեր, որոնք հիմնականում սնվում են դոտացիաներից, որի առյուծի բաժինը ծախսվում է աշխատավարձերի վրա: Հիմա հարցադրումն այսպիսին է՝ միավորելով այդ ոչ արդյունավետ գործունեություն ծավալող համայնքները, միավորելով նրանց բյուջեները, կրճատելով վարչական ապարատը, արդյո՞ք մենք լուրջ ազդեցություն ենք թողնում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Այս պահի դրությամբ դեռ ոչ մի էական փոփոխություն չի արձանագրված»:

Բանախոսն անդրադարձավ նաեւ կառավարման հետ կապված խնդիրներին, համայնքի ղեկավար-բնակիչ կապին, որը խոշորացումից հետո թուլացել է: Իհարկե, որպես խնդրի լուծում, տեղերում վարչական ներկայացուցիչներ են նշանակել, ովքեր հիմնականում նախկին գյուղապետերն են, սակայն հարցն այլ է՝ որքանո՞վ է վարչական ներկայացուցչի ինստիտուտը լրացնում համայնքի ղեկավարի ինստիտուտին: Ղարիբ Հարությունյանը նկատեց, որ նախկինում համայնքի ղեկավարն ուներ հստակ լիազորություններ, որոնք խոշորացումից հետո ամբողջությամբ փոխանցվել են խոշորացված համայնքի ղեկավարին՝ ներկայացուցչին վերապահելով սակավ լիազորություններ:

«Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ գյուղերում հողերի կառավարման հետ կապված խնդիրներ են առաջացել,- պարզաբանում է Ղարիբ Հարությունյանը,- վարչական ներկայացուցիչը հողերի կառավարմանը որեւէ կերպ չի մասնակցում եւ այստեղ հարց է առաջանում` տվյալ բնակավայրի հողերն ինչպե՞ս են կառավարվում: Կա հողերի սեփականաշնորհման, վարձակալության խնդիր, նույնը վերաբերում է գյուղական շենք-շինություններին: Խոշորացումը մի շարք խնդիրներ է ծնել համայնքների հարկահավաքությունը կազմակերպելու, գույքագրման գործընթացում եւ այլն»:

Քննարկմանը ներկա Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արայիկ Արշակյանը, խոսելով խնդիրների մասին, նշեց, որ 15 համայնքների միավորման պարագայում շահեկան վիճակում են հայտնվել այն գյուղերը, որոնց եկամուտը տարեկան կտրվածքով 1 մլն դրամից պակաս է եղել: «Ֆինանսապես թույլ համայնքներին միավորումը ձեռնտու տարբերակ էր, որովհետեւ, եթե նախկինում այդտեղ գործ չէր արվում պատճառաբանելով բյուջեի սղությունը, հիմա եթե կա պրոբլեմ, ապա բյուջեից գումարը, ուզես թե չուզես, պիտի ուղղես այդտեղ»,- ասում է Արայիկ Արշակյանը: Միավորված 15 բնակավայրերի պարագայում Սարապատն ունի ավագանու 9 անդամ, որից երկուսը մեկ գյուղից են, մնացած 7-ը` տարբեր գյուղերից, իսկ 6 գյուղ չունի ներկայացուցիչ: «Սա, օրինակ, խնդիր է ու մտածում ենք, որ հավասարության սկզբունքը պահպանելու համար լավ կլիներ ավելացնել ավագանիների թիվը»:

Արայիկ Արշակյանը

Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ով համայնքների խոշորացման ծրագիրը փոքր, բայց ինքնաբավ համայնքների հետագա զարգացման ոչ արդյունավետ ուղի է համարում, կարծում է, որ այս ծրագիրը իրականություն չէր դառնա, եթե բոլոր համայնքապետերն իրենց տեղերում աշխատեին եւ ստեղծած եկամուտներն էլ ծախսեին նպատակային: Համլետ Պետրոսյանը դեմ է խոշորացման ծրագրին կոնկրետ Բասեն համայնքի համար՝ միաժամանակ նշելով, որ այն ունի եւ դրական, եւ բացասական կողմեր:

«Այն ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են մեր գյուղում եւ ցանկությունը մարդկանց մոտ դրանք շարունակել՝ մարելու են: Հարց է նաեւ, թե նա, ով կղեկավարի Ախուրյանի տարածաշրջանում ստեղծվող փունջը, որի մեջ ներառվելու է նաեւ Բասենը, արդյո՞ք կուզենա մշտապես բյուջեից ներդրումներ կատարել մեր համայնքում, թե՞ մի օր էլ կասի՝ ստոպ, հերիք է, բա մյուսները:- հարցնում է Համլետ Պետրոսյանը,- Եթե համեմատենք 10 տարի առաջվա ու ներկայիս Բասենը, հսկայական տարբերություն կա եւ միայն դրականը: Ի՞նչ կլինի համայնքի հետ խոշորացումից հետո՝ անհասկանալի է: Արդյո՞ք խոշոր համայնքներից ընտրված ավագանիները համաձայն կլինեն, ամեն տարի, պարբերբար տվյալ համայնքի ծրագրերը համաֆինանսավորել»:

Համլետ Պետրոսյանը

Ներկաների կարծիքով` Տավուշի եւ Սյունիքի մարզերում իրականացված պիլոտային ծրագրից հետո պետք էր որոշ ժամանակ սպասել, կատարել ուսումնասիրություններ եւ վերլուծություններ խոշորացված համայնքներում, նոր փորձը տարածել այլ մարզերում: Արդեն իսկ խոսակցություններ կան, որ նոյեմբեր ամսին Շիրակի մարզում շարունակվելու է խոշորացման ծրագիրն ու որպես թիրախ` ընտրված են Ախուրյանի նախկին տարածաշրջանի գյուղերը:

Մեկնաբանություններ (4)

Սամ
Բոլորն էլ կշահեն
ՄաՐատ
Բասեն համայնքի ղեկավարը դիպուլա սում
Եվա
Միայն աշխատատեղերի հարցն է
Ադամ
Լավ ծրագիրա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter