HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը

«Հետք»-ը ներկայացնում է Երևանի ավագանու 2017թ-ի ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը: Ստորև Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրն է` նույնությամբ. 

#քաղաքաշինություն

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ժամանակակից քաղաքի զարգացման դիմագիծն ու այցեքարտը քաղաքաշինությունն է։ Քաղաքաշինական ծրագրերն են, որ ձևավորում են քաղաքային միջավայր և փոխում մարդկանց առօրյա կյանքն ու ապրելակերպը։

Կառավարման նախորդ ժամանակահատվածում մենք կյանքի կոչեցինք քաղաքաշինական աննախադեպ ծրագրեր՝ հավատալով, որ զարգացմանն այլընտրանք չկա։ Այսօր մեր թիմն ամենից լավ է տիրապետում Երևանի խնդիրներին, միևնույն ժամանակ կայուն գիտելիք ու փորձառություն ունի՝ Երևանը մեկ աստիճան ևս բարձրացնելու և միջազգային չափանիշներին համապատասխան մայրաքաղաք դարձնելու համար։ Նպատակ ունենալով ապահովել համատեղ գրանցած հաջողությունների շարունակությունը՝ մենք հայտ ենք ներկայացրել կյանքի կոչելու տասնյակ խոշոր քաղաքաշինական նախագծեր, ինչը բազմաթիվ նոր աշխատատեղերի հնարավորություն կստեղծի։ Մենք հավատում ենք Երևան քաղաքի այն տեսլականին, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը։

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ
  1. Բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնի երթևեկությունը՝ շրջանցիկ ճանապարհներ կառուցելով։ Ծրագրի շրջանակում կկառուցվեն հետևյալ ճանապարհները.
  • Արգավանդ - Շիրակ ճանապարհ (Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի)` Հրազդան գետի վրա կամրջի կառուցմամբ,
  • Դավթաշեն - Աշտարակի խճուղի ճանապարհ,
  • Բաբաջանյան փողոց - Աշտարակի խճուղի ճանապարհ,
  • Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհ,
  • Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային ճանապարհ։

      Ծրագիրը ներառում է.

  • տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցների առկայություն, ինչը կապահովի անընդhատ երթևեկություն,
  • ճանապարհների երկայնքով արդիականացված ստորգետնյա ենթակառուցվածքներ,
  • ժամանակակից էներգախնայող լուսավորության համակարգ,
  • միջազգային ճանապարհաշինական չափորոշիչներ։
  1. Վերակառուցել Երևան քաղաքում տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցները, ինչը կապահովի անընդհատ երթևեկություն և բեռնաթափում։ Ծրագիրը կիրականացվի հետևյալ փողոցների հանգույցներում.
  • Արշակունյաց պողոտա - Գրիգոր Լուսավորչի փողոց -Ագաթանգեղոսի փողոց (կրկեսի մոտ),
  • Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց («Հայրենիք» կինոթատրոնի մոտ),
  • Արշակունյաց պողոտա - Բագրատունյաց պողոտա (Աշխատանքի հրապարակ)։
  1. Չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների համար կառուցել նոր բազմաբնակարան շենքեր։
  2. Համայնք-մասնավոր համագործակցությամբ Երևանի կենտրոնում կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր (Շահումյանի և Սախարովի հրապարակներ):
  3. Ընդունել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքը, որը կօժանդակի փոքր կենտրոնի դիմագծի պահպանմանը։
  4. «Հին Երևան» նախագծի հիման վրա իրականացնել Երևանի պատմաճարտարապետական միջավայրի պահպանմանն ուղղված ծրագիր։
  5. Նախաձեռնել Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված համալիր կառուցապատման ծրագրերը Տիչինա, Կոնդ, Սարի Թաղ և 33-րդ (Ֆիրդուս) թաղամասերում։
  6. Կառուցել «Զվարթնոց» օդանավակայան տանող նոր ավտոճանապարհ։
  7. Պարզեցնել քաղաքաշինական ծրագրերում ներդրումների խթանմանն ուղղված կառուցապատման համար անհրաժեշտ փաստաթղթային գործընթացները։
  8. Համայնք-մասնավոր համագործակցությամբ իրականացնել ներդրումային քաղաքաշինական ծրագրեր, ինչի շնորհիվ կապահովվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր։
2013-2017 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
  1. Երևանի կենտրոնի երթևեկության կանոնակարգման և տրանսպորտային հոսքի բեռնաթափման նպատակով կառուցվել է Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող 3,1 կմ երկարությամբ նոր մայրուղին:
  2. Կառուցվել է Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհը։
  3. Կառուցվել է Երևանի շրջանցիկ ճանապարհի մաս կազմող Արշակունյաց պողոտա -Շիրակի փողոց -Արտաշատի խճուղի 5 կմ երկարությամբ ճանապարհը (Երևան քաղաքի հարավային մուտք)։
  4. Կառուցվել է 6 բազմաբնակարան շենք՝ 4-րդ աստիճանի վթարային շենքերի 650 ընտանիքներին ապահովելով բնակարաններով։
  5. Իրականացվել են երիտասարդ ընտանիքների և պետական ծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագրեր «Երազ» և «Ծարավ Աղբյուրի» համալիրներում։
  6. Իրականացվել է Երևանի կրկեսի վերակառուցման ծրագիրը։ Ավարտին է մոտենում աշխատանքների իրականացման վերջին փուլը։
  7. Կառուցվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդիականացված մասնաշենքը։
  8. Կառուցվել է Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի մասնաշենքը։
  9. Կառուցվել է Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածները միացնող Վիլնյուսի փողոցի շարունակությունը։
  10. Վերակառուցվել և բացվել են ճանապարհային մի շարք խաչմերուկներ։
  11. Մասնավոր ներդրողների հետ համագործակցության շրջանակներում կառուցվել են միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցներ, կինոթատրոններ, բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրներ։

նակելիֆոնդ

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար բավարար պայմանների ստեղծումն ու ապահովումն այն կարևոր առաքելություններից են, որ մենք ստանձնել ենք ու պատասխանատվությամբ իրականացնում ենք մեր գործունեության առաջին իսկ օրից։ Երևանի բնակիչների համար հարմարավետ շենքային պայմաններ ապահովելը, որակյալ կոմունալ ծառայություններ կազմակերպելը գրեթե աննկատ, բայց և կարևոր գործողություններ են, որոնց բացակայությունն անմիջապես ազդում է մարդկանց կյանքի որակի վրա։ Մեր համոզմամբ՝ բոլոր մարդիկ պետք է արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան, ուստի հանձն ենք առել երաշխավորել այդ հնարավորությունը։ Բնակելի ֆոնդի շենքային պայմանները բարելավելու և վերելակային տնտեսությունը վերականգնելու համար մենք համակարգային լուծումներ ենք առաջարկել՝ հանուն մեր համաքաղաքացիների արժանապատիվ կենցաղի և հանուն բարեկեցիկ Երևանի։

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

  1. Լուծել վերելակային տնտեսության հիմնահարցը։ Ապահովել վերելակային տնտեսության ամբողջական արդիականացումը և միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ սպասարկումը։
  2. Օրենսդրական փոփոխությունների միջոցով ներդնել համատիրությունների կառավարման նոր մոդել, որը կներառի գործառույթների հստակեցում, պատասխանատվության սահմանում և բնակչությանը հաշվետու լինելու մեխանիզմներ։
  3. Վերանորոգել բոլոր բազմաբնակարան շենքերի հարթ տանիքները։
  4. Մշակել և իրականացնել բազմաբնակարան շենքերի թեք տանիքների ամբողջական հիմնանորոգման հիմնախնդրի հայեցակարգ։
  5. Ամբողջությամբ վերանորոգել բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբները։
  6. Ավարտին հասցնել բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները։
  7. Մաքրել և նորոգել շենքերի ճակատամասերը, վերականգնել ճարտարապետական տեսքը։ Վերանորոգել և գունազարդել կամարանցումները։
  8. Պարբերական հետազոտությունների միջոցով հսկողություն իրականացնել վթարային շենքերի նկատմամբ և ապահովել դրանց անհրաժեշտ ամրացումը։
  9. Մշակել և իրականացնել բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման և էներգետիկ արդյունավետության բարձրացման համալիր ծրագիր։
  10. Իրականացնել բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի նորոգման աշխատանքներ։
  11. Իրականացնել առանց կոյուղատար համակարգի թաղամասերում դրանց կառուցումը։
  12. Ապահովել ջրամատակարարման և ջրահեռացման քաղաքային ցանցի հիմնանորոգման և արդիականացման երկրորդ փուլի աշխատանքների իրականացումը։

2013-2017 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

  1. Վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի շուրջ 4000 շքամուտք։
  2. Վերանորոգվել և ամրացվել է շուրջ 800 պատշգամբ։
  3. Վերանորոգվել է շուրջ 1700 շենքերի 330.000 ք/մ ընդհանուր մակերեսով հարթ տանիք։
  4. Իրականացվել են 210 000 ք/մ ընդհանուր մակերեսով թեք տանիքների նորոգման աշխատանքներ, ամբողջությամբ հիմնանորոգվել է 52 շենքի տանիք։
  5. Երևան քաղաքում ջրամատակարարման միջին տևողությունը հասել է 23.5 ժամի, ընդ որում՝ բնակչության մոտ 87%-ն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։
  6. Իրականացվել է 30 փողոցների շուրջ 10 կմ նոր կոյուղու ցանցի, 9 կմ նոր ջրագծերի, 30 նոր պոմպակայանների և շուրջ 6400 ջրաչափական նոր հանգույցների կառուցում։
  7. Իրականացվել են ջրահեռացման 5 կմ ցանցի և շուրջօրյա ջրամատակարարում ապահովող 30 բակային նոր պոմպակայանների կառուցման աշխատանքներ։
  8. Ջերմամեկուսացման և էներգետիկ արդյունավետության բարձրացման պիլոտային ծրագրով իրականացվել են 6 բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներ։
  9. Խմելու ջրի հոսքերի և որակի արդյունավետ կառավարման ու անվտանգության ապահովման նպատակով ներդրվել է ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման՝ «Սկադա» համակարգը։
  10. Մաքրվել և վերականգնվել են 234 շենքերի ճակատամասեր։
  11. Իրականացվել են ճարտարապետական արժեք ներկայացնող բազմաթիվ շենքերի գեղարվեստական լուսավորման աշխատանքներ։
  12. Մշակվել է Երևան քաղաքի 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող բազմաբնակարան շենքերի հիմնախնդիրների լուծման հայեցակարգ։
  13. Վերակառուցվել և շահագործման է հանձնվել «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը, որն ապահովում է կոյուղաջրերի առաջնային մեխանիկական մաքրումը։

#տրանսպորտ

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Երևան քաղաքի օրակարգային խնդիրներից մեկը հանրային տրանսպորտի անբավարար վիճակն է և մատուցվող ծառայության ցածր որակը։ Վերջին տարիների ընթացքում մատուցվող ծառայության որակը բարելավելու նպատակով հանդես ենք եկել մասնակի լուծումներով, սակայն դրանք բավարար արդյունք չեն տվել։

Մի շարք հետազոտությունների, միջազգային փորձի ուսումնասիրության և մասնագիտական քննարկումների արդյունքում այսօր արդեն փաստում ենք, որ համակարգային փոփոխությունն անխուսափելի է, և մենք զինված ենք համապատասխան փորձով ու գործիքակազմով՝ բարեփոխման այս գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար։ Մեր ներկայացրած ծրագրով հանրային տրանսպորտի ոլորտն ամբողջապես փոփոխության կենթարկվի՝ համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին։ Դա ենթադրում է և՛ շարժակազմի արդիականացում, և՛ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում, և՛ ընդհանուր սպասարկման որակի բարելավում, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրում։

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

  1. Մշակել և կիրառել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր և արդյունավետ երթուղային ցանց։
  2. Ապահովել հասարակական տրանսպորտի միջազգային չափանիշներով սպասարկման ծառայությունների մատուցում՝ կազմավորելով նոր օպերատոր։
  3. Միկրոավտոբուսների հնարավորինս բացառման գերակա սկըզբունքով երթուղային ցանցին համապատասխան ձեռք բերել սպասարկման ժամանակակից պահանջները բավարարող մեծ և միջին տեղատարողությամբ նոր ավտոբուսներ։
  4. Ներդնել էլեկտրոնային և միասնական տոմսային նորագույն համակարգ՝ սոցիալական խմբերի համար հստակ զեղչերի կիրառմամբ։
  5. Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ապահովել երթուղիների, չվացուցակների, տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի և ժամանման իրական ժամանակի վերաբերյալ տեղեկությունների առցանց հասանելիությունը։
  6. Արդիականացնել կանգառասրահները համապատասխան կահավորանքով և նոր տեղաբաշխմամբ։
  7. Ձեռք բերել նոր տրոլեյբուսներ և տրոլեյբուսային ցանցն ինտեգրել ընդհանուր տրանսպորտային ցանցին։
  8. Մշակել և ներդնել երթևեկության կանոնակարգմանը և փողոցային տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանն ուղղված երթևեկության կառավարման (ներառյալ լուսացուցային օբյեկտները, ճանապարհային նշանները և այլն) միասնական ծրագիր։
  9. Ապահովել մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգության ապահովման և զարգացման ծրագրերի շարունակականությունը։
  10. Նոր երթուղային ցանցի ներդրման համատեքստում ապահովել մետրոպոլիտենի շահագործման արդյունավետության բարձրացումը։
  11. Ապահովել ավտոկայանատեղերի կանոնակարգում՝ ծանրաբեռնված փողոցներում դրանց կրճատման հնարավոր տարբերակների կիրառմամբ։

2013-17 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

  1. Իրականացվել է մետրոպոլիտենի շարժակազմերի հիմնանորոգում և արդիականացում։
  2. Շարունակվել են մետրոպոլիտենի վերակառուցման աշխատանքները, որոնք ուղղված են գործող ուղեգծի շահագործման անվտանգության ապահովմանը։
  3. Իրականացվել է մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացման ծրագիրը։ Աշխատանքներն ավարտական փուլում են։
  4. Փոխարինվել և արդիականացվել է 36 լուսացուցային օբյեկտ։ Տեղադրվել է շուրջ 7000 նոր ճանապարհային նշան։
  5. Ներկրվել և շահագործման է հանձնվել միջին տարողության շուրջ 170 նոր ավտոբուս։
  6. Ավտոբուսների շահագործման արդյունավետության բարձրացման և մատչելի դարձնելու նպատակով դրանց դիզելային վառելիքով շարժիչները փոխարինվել են սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով։

#կանաչապատում  #սանիտարականմաքրում

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Աշխարհի մայրաքաղաքների առջև ծառացած հիմնախնդիրներից կարևորագույնն այսօր կանաչ տարածքների ավելացումն է, ինչպես նաև բնապահպանական մարտահրավերներին դիմակայելն ու արդյունավետ լուծումներ մշակելը։

Էներգախնայող համակարգերի և ջրային տնտեսության խնայողաբար ու արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրումով մենք զգալի քայլ ենք կատարել էկո մայրաքաղաք ունենալու հարցում։ Առաջիկայում ոչ միայն կշարունակվեն և տրամաբանական ավարտին կհասցվեն սկըսված աշխատանքները, այլև կիրականացվեն հեռանկարային նոր ու հավակնոտ ծրագրեր։ Երևանի համար նոր աղբավայրի կառուցումը և հին աղբավայրերի մեկուսացումը, աղբի տեսակավորումն ու վերամշակումը մեր առաջնահերթությունների շարքում են։ Այդ շարքում է նաև կանաչ տարածքների շարունակական ավելացումն ու խնամքը։

Մեր ծրագրի նպատակը նախ և առաջ նոր, առողջ մշակույթ հիմնելն է, որի հենքում կլինի շրջակա միջավայրի պաշտպանության, բնական պաշարների խնայողաբար օգտագործման և առողջ ապրելակերպի խրախուսումը։ Այս մշակույթն է նաև, որ, որպես ոչ նյութական արժեք, մեր ունեցած այլ արժեքների հետ պետք է ժառանգենք գալիք սերունդներին։

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ 

  1. Իրականացնել կոշտ թափոնների կառավարման բարեփոխումների ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը։ Նախատեսվում է. Երևան քաղաքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր,
  • կառուցել աղբի տեսակավորման և վերամշակման գործարան,
  • մեկուսացնել, բարեկարգել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը,
  • կառուցել արտանետվող գազերի հավաքման և այրման կայան, տեղադրել գեներատոր էլեկտրաէներգիայի ստացման համար։
  1. Ապահովել աղբահանության և սանմաքրման ծառայությունների որակի շարունակական բարելավումը։
  2. Իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան և մի-ասնական մոտեցումներով կանաչապատման աշխատանքներ՝ նոր օպերատորի ներգրավմամբ։ Նախատեսվում է.ձեռք բերել կանաչապատման ժամանակակից մեքենա-սարքավորումներ,
  • կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նորագույն մոտեցումներ (ոռոգում, կանաչապատում, ծաղկապատում, խնամք),
  • ավելացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները,
  • կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքային կանաչապատում,
  • ապահովել ոռոգման ցանցի ընդլայնման և նորոգման շարունակականությունը,
  • ներդնել կանաչապատման ծառայությունների էլեկտրոնային վերահսկման մեխանիզմներ։
  1. Հիմնել հանգստի նոր գոտիներ, վերականգնել այգիները և զբոսայգիները։
  2. Իրականացնել Երևանի 2800-ամյակին նվիրված այգու կառուցման աշխատանքները։
  3. Իրականացնել Կոմիտասի այգու հիմնանորոգման և ընդլայնման աշխատանքները։
  4. Ապահովել Երևանի բուսաբանական այգու վերականգնման և արդյունավետ շահագործման ծրագրի իրականացումը։
  5. Իրականացնել Ծիծեռնակաբերդի անտառպուրակային տարածքի վերականգնման ծրագիրը։
  6. Քաղաքի բուֆերային գոտու ձևավորման համատեքստում ապահովել ծառատունկերի շարունակականությունը։
  7. Սահմանել և վերահսկել կառուցապատման ենթակա տարածքներում պարտադիր կանաչապատման նվազագույն բաղադրիչը։
  8. Կառուցել աղբամանների հարմարեցված հարթակներ։ Հանրային տարածքներում ապահովել հասարակական զուգարանների առկայությունը։

2013-2017 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

  1. Ներդրվել է միջազգային չափանիշներին համապատասխան աղբահանության և սանմաքրման ծառայություն՝ միջազգային օպերատորի ներգրավմամբ։
  • Մշակվել ու ներդրվել են աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի վերահսկման նոր մեխանիզմներ,
  • Մայրաքաղաքում տեղադրվել են եվրոպական արտադրության շուրջ 10 000 նոր աղբաման,
  • Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները սկսել են իրականացվել նոր մեքենա-սարքավորումների միջոցով։
  1. Համաչափ զարգացման համատեքստում Երևանի բոլոր վարչական շրջաններում բարեկարգվել և վերակառուցվել են 14 հանգստի գոտի։
  2. Իրականացվել է գլխավոր պողոտայի՝ Աբովյան փողոց–Հանրապետության փողոց հատվածի զբոսայգու վերակառուցումը:
  3. Համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում ավարտվում է գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան հատվածի զբոսայգու վերակառուցումը։
  4. Գարնանային և աշնանային համաքաղաքային ծառատունկերի ընթացքում տնկվել է շուրջ 200 000 ծառ։
  5. Կանաչ տարածքների կենսունակությունն ապահովելու նպատակով կառուցվել է 75 կմ երկարությամբ ոռոգման նոր ցանց։
  6. Կանաչ տարածքների ոռոգման արդյունավետությունն ապահովելու նպատակով կառուցվել են 16 պոմպակայան և 8 խորքային հոր։

#շինարարություն  #բարեկարգում

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Այսօր անհնար է պատկերացնել Երևանն առանց բարեկարգ փողոցների, լուսավորված մայթերի, ասֆալտապատ ճանապարհների և խաղահրապարակներով բակային տարածքների։ Թվում է՝ պարզագույն պահանջներ են բոլոր ժամանակակից քաղաքների համար, բայց մեր թիմը բավականին բարդ ու մարտահրավերներով լի ճանապարհ է անցել՝ ապահովելու այն, ինչն այսօր արդեն սովորական ենք համարում։ Բարեկարգման մեր բոլոր ծրագրերի հիմքում եղել է քաղաքի համաչափ զարգացումը, և հենց այս տեսլականով ենք շարունակում իրականացնել մայրաքաղաք Երևանում մեր քաղաքացիների առօրյա կյանքն էլ ավելի հարմարավետ դարձնելու ծրագրերը։ Մեր համոզմունքն է, որ Երևանի բնակիչներն արժանի են լավագույն քաղաքային պայմանների։ Մենք հավատում ենք, որ Երևանի համաչափ զարգացմանն այլընտրանք չկա։ Եվ վերջապես, մենք հանձն ենք առնում կյանքի կոչել հավակնոտ ծրագրեր՝ ի բարօրություն մեր համաքաղաքացիների և հանուն բարեկարգ Երևանի։

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ 

  1. Շարունակել բակային տարածքների բարեկարգումը Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Կառուցել նոր խաղահրապարակներ և ֆուտբոլի դաշտեր, տեղադրել բակային հանգստի նպատակային կահավորանք, ապահովել դրանց ընթացիկ պահպանումն ու անվտանգությունը։
  2. Ապահովել վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցման ծրագրի շարունակականությունը։ Արդեն իսկ կառուցվածները վերանորոգել և պահպանել պատշաճ տեսքը։
  3. Ընդլայնել արտաքին լուսավորության ցանցը՝ ապահովելով բոլոր փողոցների և բակային տարածքների լուսավորությունը։
  4. Իրականացնել բակային տարածքների գեղարվեստական ձևավորում։
  5. Վերականգնել, սալիկապատել մայթերը, նորացնել եզրաքարերը։
  6. Հիմնանորոգել հողային պաստառով ճանապարհները (նաև՝ նոր ձևավորվող թաղամասերում)։
  7. Ապահովել հենապատերի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքների շարունակականությունը, ինչպես նաև իրականացնել քարաթափման կանխարգելիչ միջոցառումներ։
  8. Վերականգնել և պահպանել կամրջային կառուցվածքները։
  9. Շարունակել շատրվանների ու ցայտաղբյուրների վերանորոգման աշխատանքները, կառուցել նորերը։
  10. Շարունակել փողոցների և բակերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները։

2013-2017 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

  1. Երևանի բոլոր վարչական շրջաններում բարեկարգվել է 1600 բակ՝ համալրվելով շուրջ 550 մանկական խաղերով, ինչպես նաև՝ 1.200 մարզասարքով ու բակային կահավորանքի այլ տեսակներով։
  2. Կառուցվել է 54 մինիֆուտբոլի դաշտ՝ մասսայական սպորտի զարգացման նպատակով։
  3. Սալիկապատվել են շուրջ 57 000 ք/մ ընդհանուր մակերեսով մայթեր, և վերանորոգվել են շուրջ 12.000 մ ընդհանուր երկարությամբ եզրաքարեր։
  4. Հիմնանորոգվել են 170 000 ք/մ ընդհանուր մակերեսով հողային պաստառով ճանապարհներ։
  5. Իրականացվել են փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 6 մլն ք/մ)։
  6. Կառուցվել են 8 նոր վերգետնյա անցում։
  7. Հիմնանորոգվել և պատշաճ տեսքի են բերվել 4 ստորգետնյա անցում։
  8. Հիմնանորոգվել և վերանորոգվել է 44 հենապատ։
  9. Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցն ընդլայնվել է 270 կմ-ով։

#քաղաքայինկահավորում  #մատչելիմիջավայր

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Քաղաքային կառավարման գործընթացում լուրջ մարտահրավեր է հնի և նորի համակցումը՝ քաղաքում արդեն առկա տարբեր ժամանակներում կառուցված շինությունների և հանգույցների համապատասխանեցումը ժամանակակից ու մատչելի քաղաքի պահանջներին։ Այս աշխատանքը պահանջում է ժամանակ և հետևողականություն, և մենք շարունակում ենք մեկ առ մեկ հարմարավետ կահավորանք ու մատչելիություն ապահովել բոլոր հանրային վայրերում։

Մենք համոզված ենք, որ եթե քաղաքը հարմար է տեղաշարժման սահմանափակումներ ունեցող մարդկանց համար, ուրեմն հարմար է բոլորի համար։

Մեր տեսլականը հենվում է մարդակենտրոն մայրաքաղաք ունենալու հրամայականի վրա։ Սա արտացոլված է մեր բոլոր ծրագրային դրույթներում։ Քաղաքը բոլորի համար հավասարապես պետք է հարմար լինի ոչ միայն ապրելու և աշխատելու, այլև սովորելու, հանգստանալու, շփվելու համար, ինչը մենք շարունակաբար ապահովում ենք քաղաքային հարմարավետ կահավորանքի ավելացմամբ։

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ 

  1. Ապահովել հանրային օգտագործման բոլոր տարածքների արտաքին լուսավորությունը։
  2. Ապահովել տեսողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի հարմարավետությանն ուղղված ծրագրերի շարունակությունը.
  • ավտոբուսներում տեղադրել կանգառների ձայնային ազդարարման համակարգեր,
  • խաչմերուկներում կահավորել ձայնաազդանշանային լուսացույցներ,
  • տեղադրել մայթերի ավարտի մասին զգուշացնող հատուկ գոգավորությամբ սալահատակներ։
  1. Շարունակել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետություն ապահովելու նպատակով իրականացվող ծրագրերը.հանրային շենքերում ապահովել թեքահարթակներ,
  • հասարակական տրանսպորտում շարունակել տեղադրել համապատասխան սարքավորումներ,
  • հանրային տարածքներում ապահովել տեղաշարժման մատչելիություն։
  1. Տեղաշարժման մատչելիությունն ապահովելու նպատակով վերգետնյա և ստորգետնյա անցումներն ապահովել հատուկ սարքավորումներով և վերելակներով։
  2. Ապահովել քաղաքի առավել հարմարավետ կահավորման ծածկույթ՝ նստարանների, աղբամանների, զրուցարանների, հայտարարությունների վահանակների տեղադրմամբ։
  3. Տեղադրել քաղաքային միջավայրը ներկայացնող կառույցների վերաբերյալ կողմնորոշիչ միասնական ցուցանակներ։
  4. Ապահովել նոր հեծանվուղիների ստեղծման ծրագրի շարունակականությունը։
  5. Խաղահրապարակներում տեղադրել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հարմարեցված խաղեր։

2013-2017 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

  1. Կառուցվել է շուրջ 2000 թեքահարթակ՝ փողոցների և հանրային վայրերի մատչելիությունն ապահովելու համար։ Պիլոտային ծրագրի շրջանակում կառուցվել է վերելակներով հարմարեցված մեկական վերգետնյա և ստորգետնյա անցում։
  2. Տեսողության խնդիր ունեցողների համար մայթերի ավարտի մասին զգուշացնող հատուկ գոգավորությամբ սալիկներ են տեղադրվել քաղաքի 73 հատվածներում։
  3. Ստեղծվել է խուլերի առցանց աջակցման կենտրոն։
  4. Բնակչության սակավաշարժ խմբերի համար հարմարեցվել են 25 ավտոբուսներ։
  5. 75 ավտոբուսներում տեղադրվել են կանգառների ազդարարման ավտոմատ ձայնային համակարգեր։
  6. Փողոցներում և հանրային վայրերում տեղադրվել են 5500 նստարաններ և անվճար հայտարարությունների 450 վահանակներ։
  7. Ձայնաազդանշանային լուսացույցներ են տեղադրվել 21 խաչմերուկներում։
  8. Ստեղծվել է 15 կմ հեծանվուղի, համապատասխան հեծանվակայանատեղիներով։
  9. Հանրային 2 այգիներում տեղադրվել են ներառական խաղահրապարակներ։
  10. Փողոցներում տեղադրվել են 100-ական նորաոճ ուղենիշներ և ծառաբների մետաղական ձևավորումներ։

#սոցիապահովություն  #առողջապահություն

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Այսօր շատերն են խոսում հոգածության կարիք ունեցող մարդկանց մասին, սակայն քչերն են խոսում նրանց հետ։ Սոցիալական ծրագրերն իրականացնելն, անխոս, մեր պարտքն է, իսկ դրանց մատուցումը և հասցեականությունն ապահովելը՝ երկար տարիների մեր սկըզբունքն է, որին անվերապահորեն հետևում ենք՝ սոցիալական և առողջապահական տարբեր ծրագրեր կյանքի կոչելիս։

Մենք շարունակում ենք հոգածության բազմաշերտ ծրագրեր իրականացնել՝ բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով։ Դրանք լինելու են է՛լ ավելի հասցեական ու նպատակային, և Երևանի հոգատարությունը առավել տեսանելի ու առարկայական է դառնալու հատկապես նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն առաջին հերթին։

Երևանի հոգատար շունչն ու ջերմությունը պետք է դառնա յուրաքանչյուրի առօրյայի կարևոր ու անբաժանելի մասնիկը։

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

  1. Ապահովել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատողների առողջապահական պարտադիր ապահովագրումը։
  2. Ապահովել բոլոր պոլիկլինիկաների հիմնանորոգման ծրագրի ամբողջական իրականացումը։
  3. Ապահովել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական կազմակերպությունների վերանորոգման և ժամանակակից բժշկական սարքավորումներով վերազինման ծրագրի շարունակականությունը։
  4. Իրականացնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիր՝ մասնավոր ներդրումների ներգրավմամբ։
  5. Ապահովել կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային հանգստի և կրթության կազմակերպման աջակցության ծրագրերի շարունակականությունը։
  6. Հոգածության կարիք ունեցող խմբերին օժանդակելու նպատակով ապահովել բարեգործական ճաշարանների գործունեության շարունակությունը։
  7. Շարունակել կազմակերպել երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները զորամասեր։
  8. Ապահովել սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագրերի շարունակականությունը։
  9. Անօթևաններին ապահովել ժամանակավոր կացարանով և կազմակերպել նրանց խնամքը։
  10. Ապահովել բազմազավակ ընտանիքներին աջակցության (ներառյալ բնակարանային) ծրագրի շարունակությունը։
  11. Սոցիալապես անապահով անձանց համար ապահովել դժվարամատչելի բժշկական հետազոտությունների անվճար կազմակերպում։
  12. Իրականացնել հոգածության խմբերին ուղղված աջակցության հատուկ ծրագրերի շարունակականությունը՝ տոնական օրերի համատեքստում։
  13. Իրականացնել Երևանում բնակվող վետերաններին և հաշմանդամություն ունեցող մարդկանց արտոնությունների տրամադրման շարունակական ծրագիրը։

2013-17 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

  1. Հիմնովին լուծվել է առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդիրը։
  2. Շարունակվել են առողջապահական հաստատությունների շենքերի վերանորոգման ծրագրերը։ Դրանք համալրվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով։
  3. Շուրջ 70 000 քաղաքացիների համար կազմակերպվել է առողջապահական անվճար բժշկական հետազոտություն։ Շուրջ 4.700 քաղաքացի ստացել է անվճար բուժում։
  4. Շուրջ 1400 քաղաքացիների տրամադրվել են առողջարանային ուղեգրեր։
  5. Ավելի քան 10 000 մարդ օգտվել է բարեգործական ճաշարաններից։
  6. Համայնքային ծառայողները (նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գրադարանների, թատրոնների, թանգարանների աշխատակիցները) ստացել են առողջապահական պարտադիր ապահովագրություն։
  7. Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ու ազատամարտիկների 39 երևանաբնակ ընտանիքների տրամադրվել են նոր բնակարաններ։
  8. Երևանաբնակ զինծառայողների շուրջ 8000 ծնողներ այցելել են ՀՀ սահմանամերձ և Արցախի զորամասեր։
  9. Սոցիալապես անապահով ընտանիքների 4400 երեխաների համար կազմակերպվել է ճամբարային հանգիստ, շուրջ 55.000 երեխաներ նոր ուսումնական տարվան ընդառաջ ստացել են դպրոցական պայուսակներ` գրենական պիտույքներով։
  10. Շուրջ 140 000 երևանաբնակ երեխաների տրվել են ամանորյա նվեր-փաթեթներ։
  11. Թվով 7500 սիրիահայեր ստացել են սոցիալական տարաբնույթ աջակցություն։

#կրթություն #սպորտ

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Որակյալ կրթությունը զարգացում արձանագրելու հիմնական գրավականն է։ Կրթության ոլորտում ներդրված ջանքերն ու ռեսուրսները վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են։ Կարևորագույն այս ոլորտում մեր ներդրումն ունենալու նպատակով սկսեցինք բավականին հավակնոտ մի ծրագիր կյանքի կոչել, ինչի արդյունքում Երևանի բազմաթիվ ուսումնական հաստատություններ վերակառուցման և գույքի համալրման հնարավորություն ունեցան։ Նախադպրոցական կրթությունը Երևանում ամբողջապես անվճար դարձավ, իսկ մշակութային, սպորտային օջախներում ուսանելու պայմանները դարձան է՛լ ավելի դյուրին։

Մենք այսօր էլ շարունակում ենք կյանքի կոչել համալիր ծրագրեր, որոնք նպատակ ունեն ավելի լավ պայմաններ ապահովել նախադպրոցական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, մշակութային ու սպորտային օջախներում մտքի, հոգու ու մարմնի կրթություն ստացող մեր երեխաների համար։

2017-22 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

  1. Լիարժեքորեն ապահովել նախադպրոցական կրթություն՝ մանկապարտեզներում հերթերի հիմնախնդրի ամբողջական կարգավորմամբ։
  2. Ապահովել անվճար նախադպրոցական կրթության ծրագրի շարունակությունը։
  3. Ամբողջական կերպով հիմնանորոգել մանկապարտեզների շենքերը, թարմացնել կահույքն ու կենցաղային գույքը։
  4. Մանկապարտեզներում ներդնել երեխաների էլեկտրոնային գրանցման համակարգ։
  5. Արտադպրոցական կազմակերպություններում գերազանց սովորող երեխաների համար կազմակերպել անվճար ուսուցում՝ համայնքային պատվերի համակարգի ներդրման միջոցով։
  6. Ապահովել դպրոցների և արտադպրոցական կազմակերպությունների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման շարունակականությունը։
  7. Ապահովել արտադպրոցական կազմակերպությունների համար մասնագիտական գույքի (երաժշտական գործիքներ, սպորտային գույք և այլն) ձեռք բերման ծրագրի շարունակությունը։
  8. Բարձրացնել գրադարանների կենսագործունեության և կառավարման արդյունավետությունը և ապահովել հասանելիությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։
  9. Իրականացնել մասսայական սպորտի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր։
  10. Ապահովել կրթության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակականութ-յունը։
  11. Մեկնարկել դպրոցների շենքերում ներառական կրթության համար լիարժեք պայմանների ապահովման ծրագիրը։
  12. Մշակել և իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային միջավայր ներառելու պայմանների ապահովման հայեցակարգ։

2013-17 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

  1. Մշակվել և ներդրվել է մանկապարտեզներում էլեկտրոնային հերթագրման համակարգ։
  2. Ապահովվել է շուրջ 30 000 երեխաների նախադպրոցական անվճար կրթության իրականացումը։
  3. Մանկապարտեզների գույքային պայմանները բարելավվել են՝ շուրջ 50 000 միավոր գույքի տրամադրմամբ։
  4. Մասնակի և հիմնովին նորոգվել է 140 մանկապարտեզ։
  5. Ավարտվել է նախակրթական, կրթական, արտադպրոցական, մշակութային բոլոր հաստատությունները ջեռուցման համակարգով ապահովելու լայնածավալ ծրագիրը:
  6. Կառուցվել է «Իրինա Ռոդնինա» գեղասահքի ժամանակակից նոր դպրոցը։
  7. Հիմնվել է ընդհանուր թվով 11 շախմատի դպրոց՝ այսպիսով Երևանի բոլոր վարչական շրջաններում երեխաների համար ապահովելով անվճար շախմատի դպրոցների հասանելիությունը։
  8. Հիմնանորոգվել և մարզական նոր գույքով են ապահովվել 33 մարզական կրթական հաստատություններ։
  9. 24 000 երեխա ստացել է արտադպրոցական ուսուցում։
  10. Հիմնանորոգվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գրադարանային բոլոր շենքերն ու տարածքները։
  11. Ավարտվել է մշակույթի բոլոր տների հիմնանորոգման ծրագիրը։
  12. Հիմնանորոգվել են թվով 10 գեղագիտական, ստեղծագործական հաստատություններ և արվեստի դպրոցներ։
  13. Հիմնանորոգվել և երաժշտական գործիքներով են ապահովվել 22 երաժշտական դպրոցներ։
  14. Հետևողականորեն խրախուսվել և օժանդակվել է առողջարարական, զանգվածային ու երիտասարդական սպորտային միջոցառումների անցկացումը։

#մշակույթ #զբոսաշրջություն

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մայրաքաղաք Երևանը դեռևս ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված չէ զբոսաշրջիկների, երբեմն նաև՝ հենց քաղաքի բնակիչների կողմից։ Ոլորտը բարելավելու մեր հանձնառության առաջին իսկ օրից սկսեցինք մայրաքաղաքի զբոսաշրջային քարտեզներում ինտեգրել ուշադրության կենտրոնից դուրս մնացած մշակութային հաստատությունները, ավելացնել տեղեկատվությունը և էլեկտրոնային թվային կոդերը, հաստատել միջազգային կապեր ու կազմակերպել քաղաքային-զբոսաշրջային միջոցառումներ։ Սակայն մենք վստահ ենք, որ զարգացման հնարավորությունները հսկայական են, և մեծածավալ ներդրումային ծրագրերի իրականացումը կբերի արագընթաց դրական փոփոխությունների։

Նախադեպը չունեցող ներդրումային դիվերսիֆիկացված ծրագրերը նպաստելու են Երևանի քաղաքակրթական ժառանգության արժանի ներկայացմանը, ցանկացած տարիքի մարդկանց համար հանգստի ու զվարճանքի ժամանակակից կենտրոնների ստեղծմանն ու կայացմանը։

Ներդրումային նախագծերի ու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մեր ծրագրերը լայնամասշտաբ են, ինչը պատահական չէ. փորձը ցույց է տալիս, որ միայն համարձակ նախագծերի իրականացման պատասխանատվությունը ստանձնելով կարելի է նաև ծանրակշիռ արդյունք գրանցել։

Այն, ինչ տարիներ շարունակ եղել է Երևան քաղաքի բնակիչների երազանքը, աստիճանաբար դառնալու է իրականություն, քանի որ մենք ստանձնում ենք համարձակ փոփոխություններ իրականացնելու պատասխանատվությունը ի նպաստ հյուրընկալ Երևանի։

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

  1. Համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում իրականացնել «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ծրագիր՝ միջազգային չափանիշներին համապատասխան հանգստի գոտի և զվարճանքի կենտրոն ստեղծելով։
  2. Ապահովել Երևանի կենդանաբանական այգու զարգացումը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։
  3. Կառուցել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանն Աբովյան պուրակի հարակից տարածքում։
  4. Իրականացնել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և այլ հնավայրերի վերակառուցման ծրագիր՝ զբոսաշրջային հետաքրքրության օբյեկտ դարձնելու նպատակով։
  5. Իրականացնել «Հայկական գյուղ» ծրագիրը` պատմամշակութային, հնագիտական բաղադրիչներով հագեցած զբոսաշրջության կենտրոն գյուղական միջավայրի ներկայացմամբ։
  6. Իրականացնել Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիր. ստեղծել արկածային-զբոսաշրջային կենտրոն՝ մարզական և մարմնակրթական բաղադրիչներով։
  7. Կազմակերպել Երևանի 2800-ամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ Երևանի ճանաչելի-ության բարձրացման նպատակով։
  8. Իրականացնել պատմական Երևանի դիմագիծը ներկայացնող «Երևանյան պողոտա» ծրագիրը։
  9. Միջոցառումային զբոսաշրջության խթանման նպատակով ապահովել երևանյան մթնոլորտը լավագույնս բնութագրող միջոցառումների և փառատոների կազմակերպման շարունակականությունը։

2013-17 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

  1. Իրականացվել է Երևանի կենդանաբանական այգու հիմնանորոգման ու արդիականացման ծրագիրը՝ վերածելով այն բնապահպանական, կրթամշակութային, ժամանցային և զբոսաշրջային տարածա-շրջանային նշանակության վայրի։
  2. Ամբողջությամբ վերակառուցվել է Երևանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը՝ «Վերնիսաժը»։
  3. Շարունակվում է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու կազմակերպման ծրագիրը։
  4. Միջոցառումային և թեմատիկ զբոսաշրջության զարգացման նպատակով կազմակերպվել են մի շարք փառատոներ։
  5. Պատրաստվել է «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գիրքը։
  6. Միջազգային «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության կողմից Երևանին շնորհվել է «B+» կայուն վարկանիշ, որը հնարավորություն է ընձեռում ավելացնել միջազգային ներդրումների ծավալը։
  7. «Ֆասթ Քամփնի» միջազգային ճամփորդական ուղեցույցը Երևանը դասել է աշխարհի 10 ամենամատչելի քաղաքների շարքում։
  8. «Մերսեր» միջազգային խորհրդատվական ընկերության ուսումնասիրությամբ Երևանը «կյանքի որակը» վարկանիշում ճանաչվել է որպես առավել հարմարավետ ապրելու քաղաք։
  9. Հեղինակավոր «Դը Թելեգրաֆ»-ը Երևանը դասել է Եվրոպայի այն 16 հնագույն քաղաքների շարքում, որոնք արժե կյանքում գոնե մեկ անգամ այցելել։
  10. Շարունակվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզկենտրոնների﹐քաղաքների ու Արցախի քաղաքների սերտ համագործակցությունը։
  11. Ընդլայնվում են գործընկերային կապերը միջազգային 50 քույր և գործընկեր քաղաքների հետ։

#մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Քաղաքները ձևավորում են մարդու ապրելակերպը, սովորույթները, նրա պատմությունն ու ժառանգությունը։ Ինչպիսի՞ն կլինի մեր հաջորդ սերունդների կյանքը Երևանում, ինչպիսի՞ ծրագրեր կկարողանանք կյանքի կոչել այսօր, որպեսզի դրանք հետագայում առավել արդյունավետ ծառայեն քաղաքի կարիքներին, արդյոք կկարողանա՞նք ստեղծել արժեք՝ ոչ միայն այսօրվա, այլև ապագայի Երևանի համար. սրանք այն առանցքային հարցերն են, որոնց մեր թիմը փորձում է պատասխանել յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս։

Ապագայի Երևանի մեր տեսլականը կառուցված է մասնակցային կառավարման սկզբունքի վրա. սկզբունք, որի հիմքը մենք արդեն կարողացել ենք ամրապնդել վերջին տարիների մեր աշխատանքով։

Էլեկտրոնային կառավարման պարզեցված մեխանիզմները, հասանելիությունը բոլոր տեսակի սոցիալական ցանցերում, կարևոր որոշումներին քաղաքացիների մասնակցությունը հանրային խորհրդատվությունների միջոցով արդեն իսկ գրանցված հաջողություններ են։

Միաժամանակ, ապագայի քաղաքի մեր տեսլականը ենթադրում է էներգախնայող, ջերմախնայող համակարգերի, էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ինտեգրում քաղաքային կյանք, ինչը հաջողությամբ արդեն փորձարկել ենք տարբեր պիլոտային ծրագրերի միջոցով։ Այս գաղափարներն իրատեսական են, օրվա հրամայականն են, և դրանց հիմքում ընկած է ժամանակի փիլիսոփայությունը. ամեն ինչ պետք է ծառայի քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանը, արագ տեղաշարժին և տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը։

Առաջիկա տարիներին մեր թիմը կշարունակի ջանքեր գործադրել Երևանը «խելացի» քաղաք դարձնելու ուղղությամբ. Երևանն այսօր արդեն բոլոր հիմքերն ունի ապագայի քաղաք դառնալու։

2017-22 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

  1. Արդիականացնել Երևան քաղաքում արտաքին լուսավորության ցանցը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը՝ էներգախնայող լուսատուների ավելացմամբ, ինչը հնարավորություն կտա.
  • ունենալ շահագործման հեռակառավարման համակարգ,
  • հզորությունների կառավարմամբ ապահովել լուսավորության տևողության ավելացում,
  • իրականացնել մալուխային ցանցի տեղափոխում ստորգետնյա հատված։
  1. Համայնք-մասնավոր համագործակցությամբ Երևանում կառուցել նոր ճոպանուղային ցանց։
  2. Իրականացնել հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր (ներառյալ արևային էներգիայի օգտագործման բաղադրիչով ծրագրերը)։
  3. Իրականացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտի (էլեկտրամոբիլներ) ավելացմանը նպաստող և խրախուսող ծրագրեր։
  4. Ներդնել «Ակտիվ քաղաքացի» համակարգը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան.
  • մասնակցելու Երևան քաղաքի համար առանցքային որոշումների կայացմանը՝ առցանց տարբերակով,
  • մասնակցելու Երևանի առաջնահերթությունների սահմանմանը,
  • հաշվետվություններ ստանալու՝ կատարված աշխատանքների և դրանց ընթացքի մասին,
  • առաջարկություններով հանդես գալու և մասնակցելու դրանց իրականացմանը։
  1. Ներդնել «Խելացի Երևան» ծրագիրը, որը քաղաքի ենթակառուցվածքներում տեխնոլոգիական համակարգերի կիրառմամբ կնպաստի կառավարման օպտիմալացմանն ու էլեկտրոնային ծառայությունների որակի բարելավմանը։
  2. Մշակել և մեկնարկել «Էլեկտրոնային համատիրություն» ծրագիրը։
  3. Համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ քաղաքային տարբեր ոլորտներում միջազգային լավագույն փորձի կիրառման նպատակով։

2013-2017 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

  1. Ապահովվել է բնակիչներին մատուցվող նոր էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը՝ ներառյալ գույքահարկի և ավտոկայանատեղի տուրքի վերաբերյալ տեղեկությունների ստացումը, արտաքին գովազդի թույլտվության տրամադրման էլեկտրոնային համակարգը և այլն։
  2. Երևանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքում ամենօրյա թարմացման ռեժիմով գործում է Երևան քաղաքի ինտերակտիվ բյուջեն, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու առցանց տեղեկացված լինել քաղաքային տնտեսության ֆինանսական շրջանառությանը։
  3. Ներդրվել և իրականացվում է Երևանի ավագանու նիստերի առցանց ուղիղ հեռարձակումը www.yerevan.am կայքով։
  4. Արդեն իսկ կայացել է քաղաքի կարևորագույն խնդիրների վերաբերյալ հանրային քննարկումների և բաց լսումների ինստիտուտը։
  5. Հանրային վայրերում և հասարակական տրանսպորտում ընդլայնվել է անվճար Wi-Fi ինտերնետ հասանելիության ծածկույթը։
  6. Օպերատիվ արձագանքման ռեժիմով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունը։
  7. Իրականացվել է ակտիվ համագործակցություն այնպիսի միջազգային ֆինանսական և դոնոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը։
  8. ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվել է Իսակովի պողոտայի, Հաղթանակ կամրջի, Մաշտոցի պողոտայի լուսավորության ցանցի արդիականացումը՝ էներգախնայող լուսատուների փոխարինմամբ։
  9. Ամերիկյան «Ռութգերս» համալսարանի գնահատմամբ աշխարհի 100 արագ զարգացող խոշոր քաղաքների շարքում Երևանը ճանաչվել է առաջինը էլեկտրոնային կառավարման մատչելիության տեսանկյունից։
  10. «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակներում անցկացվել է «Երևան 2025» միջազգային համաժողովը, որտեղ ներկայացվել են մայրաքաղաքի զարգացման տեսլականը և ապագային միտված ծրագրերը։

Մեկնաբանություններ (1)

lendrush
Taron, do you believe? I don't.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter