Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի մի խումբ ներկայացուցիչների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 23-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ ներկայացուցիչների, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ«Եվրոպան հանուն Արցախի» ծրագրի շրջանակներում։
Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ վարչապետը ողջունել է ՀԲԸՄ նախաձեռնությունը՝ կարևորելով կառույցի ներկայացուցիչների անմիջական շփումը Արցախի հետ, ինչն ամուր հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար:
«Բարով եք եկել ձեր հայրենիք, դուք մեր դեսպաններն եք Եվրոպայում: ՀԲԸՄ դերը մեծ է Արցախում. անկախության հռչակումից ի վեր այն ակտիվորեն գործում է այստեղ: Հատկանշական են կառույցի աշխատանքները կրթությանոլորտում, և մենք ակնկալում ենք ավելի մեծ մասնակցություն թե՛ այդ և թե՛ այլ հնարավոր ուղղություններում: Կառավարությունը պատրաստ է առավելագույնս աջակցել ձեր բոլոր ծրագրերին, այդ թվում՝ Արցախն արտասահմանումներկայացնելու ձեռնարկումներին»,- ասել է վարչապետը:
Ա. Հարությունյանը պատվիրակության ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերի, սպասվող արդյունքների և դրանցում Սփյուռքի ունեցած դերի վրա: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:
ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանը ներկայացրել է «Եվրոպան հանուն Արցախի» ծրագրի մանրամասները և պատրաստակամություն հայտնել ավելի սերտ համագործակցել Արցախի պետական կառույցներիհետ:
Մեկնաբանել