«Երկիր Ծիրանի»-ն ներկայացրել է առևտրի և սպասարկման վերաբերյալ ծրագրային դրույթները
Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է կուսակցության ծրագրային դրույթները, որը ներկայացնում ենք ստորև.
«Քարոզարշավի ընթացքում' ապրիլի 22-ին այցելեցինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքների շուկա, մսամթերքի շուկա, հարակից խանութներ եւ հագուստի տոնավաճառ: Վիճակը, իհարկե, ցնցող էր: Շուկային բնորոշ եռուզեռ չկար, վաճառվող ապրանքները հիմնականում հայկական չէին: Մենաշնորհների առկայության եւ ապաշնորհ հարկային քաղաքականության հետեւանքով փոքր ու միջին ձեռնարկատերերի ծավալած գործունեությունը գտնվում է փլուզման եզրին: Իմ քաղաքական գործունեության ընթացքում, մշտապես լինելով մանրածախ առևտրով զբաղվող քաղաքացիների կողքին եւ նրանց իրավունքների պաշտպան, այսուհետ եւս այդ խնդիրը շարունակելու եմ պահել իմ ուշադրության կենտրոնում:
Ցանկանում եմ ընդգծել, որ որպես քաղաքապետ' բացառապես խրախուսելու եմ հայրենական արտադրանքի ստեղծումը եւ վաճառքը, ինչը կնպաստի թուրքական ապրանքների վաճառքի սահմանափակմանը հայկական շուկաներում: Այս մոտեցումը հնարավորություն կընձեռի ոչ միայն նպաստել հայկական ապրանքների վաճառքին, այլեւ կդառնա նոր աշխատատեղերի ստեղծման միջոց: Հրամայական է, որպեսզի հայկական շուկաները եւ առեւտրի կենտրոնները լցվեն հայկական առեւտրին' դարերից ի վեր փոխանցված կոլորիտով, ինչն այսօր, ըստ էության, վերացած է:
Առեւտրի եւ սպասարկման հիմնական խնդիրները մեր ծրագրային դրույթների անքակտելի մասն են կազմում:
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ
Երեւան քաղաքում գործում են առեւտրի 8532 օբյեկտներ, հանրային սննդի' 1472, եւ կենցաղային ծառայություններ մատուցող 2842 օբյեկտներ:
Առեւտրի շրջանառության 52.3%-ն իրականացվում է խոշոր, մնացած 47.7%-ը՝ փոքր ու միջին բիզնեսի կողմից: Առեւտրի ոլորտը կարիք ունի օրենսդրական փոփոխության: Փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը տնտեսության մեջ, եւ մասնավորապես' առեւտրի եւ ծառայությունների ոլորտում, հրատապ անհրաժեշտություն է: Այսօր Հայաստանի տնտեսության միայն 27%-ն է գտնվում փոքր ու միջին բիզնեսի ձեռքում։ Եվրոպական Միության երկրներում այս թիվը կազմում է 70%, Հայաստանում փոքր ու միջին բիզնեսում զբաղված է աշխատողների 24.7%-ը, իսկ Եվրոպական Միության երկրներում' 74%-ը:
Առեւտրի եւ սպասարկման ոլորտի հիմնական խնդիրներն են.
• առեւտրի եւ ծառայությունների ոլորտում օրենքով տրված լիազորությունների
շրջանակներում համակարգված եւ արդյունավետ հսկողության իրականացում,
• հասարակական զուգարանների բացակայություն,
• առեւտրի եւ ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի վերանայում,
• սուպերմարկետների գործունեության կանոնակարգում,
•սուպերմարկետների ցանցային կետերի ստեղծման նորմատիվների սահմանում,
• սուպերմարկետների' որոշակի վայրերում տեղադրման լրացուցիչ պահանջների սահմանում,
• սուպերմարկետների համար նորմատիվների առաջադրում (ապրանքների ու ծառայությունների տեսականու քանակի հաստատման, աշխատանքի ժամերի սահմանափակման, ավտոմեքենաների կայանման հրապարակների մակերեսի եւ այլնի վերաբերյալ):
• գյուղատնտեսական շուկաների եւ առեւտրի տաղավարների սանիտարական պայմանների բացակայություն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել