HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է հրկիզել ջավախքցի պատգամավորի ավտոմեքենաները

Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ջավախքցի պատգամավոր Սամվել Մանուկյանի մեքենաները ապրիլի 22-ին փորձ են արել այրել: Պատգամավորի մեքենաներից մեկը հրկիզվել է, մյուսին՝ վնաս չի պատճառվել: 

Վրաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել մեքենաների հրկիզման դեպքի առնչությամբ Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի, այն է՝ ուրիշի գույքին դիտավորությամբ վնաս պատճառելը:

Պատգամավորն այս դեպքը կապում է իր քաղաքական գործունեության հետ: Նշենք, որ Սամվել Մանուկյանն անցյալ տարվա հոկտեմբերին դարձավ պատգամավոր և մուտք գործեց քաղաքական դաշտ՝ փոխարինելով արդեն նախկին պատգամավոր, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին: 

«Վրացական երազանք»-ը իր համամասնական ցուցակում ընդգրկել էր ոչ թե Սամվել Պետրոսյանին, այլ ցուցակի 23-րդ հորիզոնականը տրվել էր գործարար Սամվել Մանուկյանին: Իսկ մեծամասնական թեկնածու «Վրացական երազանք»-ն առաջադրել էր նինոծմինդացի պատգամավոր Հենզել Մկոյանին:

Սամվել Մանուկյանն այս ընթացքում աչքի չի ընկել կոշտ դիրքորոշումներ արտահայտելով կամ ակտիվ քաղաքական գործունեությամբ: 

Մեր տեղեկություններով, օրեր առաջ Սամվել Պետրոսյանից ետ են վերցրել ծառայողական ավտոմեքենան և հանձնել Սամվել Մանուկյանին, ինչը նոր կոնֆլիկտի առիթ է դարձել: Պատգամավոր Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մեքենաների հրկիզման փորձը որևէ կապ ունի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի ծառայողական մեքենան իրեն հանձնելու հետ, Սամվել Մանուկյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Եթե ես իմանայի՝ կապ ունի, արդեն հարցերս լուծած կլինեի»: Սամվել Մանուկյանն ասաց, որ երկուսն էլ իր անձնական ավտոմեքենաներն էին և ոչ թե ծառայողական: 

Պատգամավորն ասաց, որ դեռևս ձերբակալված անձ չկա, եթե լինի, կհայտնեն:

Ջավախքցի ակտիվիստ Վահագն Չախալյանի կարծիքով, սա սադրանքի  բաղադրիչներ պարունակող  սպառնալիք է և տարածաշրջանի կայունությունը խախտելու փորձ, քանի որ օր-օրի կարգավորվող և ամրապնդվող հայ-վրացական հարաբերությունները որոշ ուժերի դուր չեն գալիս: 

«Ինչ-որ մեկին դուր չի գալիս մեր տարածաշրջանի անդորրությունն ու խաղաությունը, և ինչ որ մեկը ջանում է խաթարել այն: Գիտակցելով այս ամենը՝ անհրաժեշտություն է զգացվում, որպեսզի
պատկան մարմինները գործեն ավելի վճռական, լինեն ավելի օպերատիվ և ժամ առաջ բացահայտեն իրական հանցավորներին, քանզի այս քայլը ոչ մի դեպքում հնարավոր չէ դիտարկել կենցաղային հողի վրա, ուրիշի գույքը փչացնել ցանկանալու դեպք: Սա ավելի շատ նման է սադրանքի, սադրանք՝ ուղղված Վրաստան պետության դեմ, սադրանք՝ որը գուցէ և նպատակ է հետապնդում մեր տարածաշրջանը ապակայունացնելու: Մեր համաքաղաքացիները պիտի լինեն համբերատար և զգույշ, ցուցաբերեն առավելագույն զգոնություն, չտրվելով որևիցէ մի սադրանքի»,- իր հայտարարության մեջ նշում է Վահագն Չախալյանը:

Սամվել Մանուկյանի լուսանկարը՝ պատգամավորի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter