Լիբանանի նախագահն ավարտեց իր պաշտոնական այցը Հայաստան
Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հրաժեշտի արարողությունը:
Մինչ այդ երկու երկրների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Լիբանանի նախագահի հետ հանդիպելով, ևս մեկ անգամ համոզվեց, որ երկու բարեկամ երկրներն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, խնդիրներ ու շփման եզրեր, նաև այդ բարեկամությունը մշտապես ամրապնդելու պարտավորություն:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կրկին կհանդիպի Լիբանանի նախագահի հետ՝ այդպիսով ևս մեկ անգամ հայ-լիբանանյան ներկայիս ջերմ հարաբերությունները մշտապես ամրապնդելու ազդակ հաղորդելով շահագրգիռ բոլոր կողմերին:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ լիբանանյան կողմը հետևողական կլինի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելուն, որի համար պատասխանատու բոլոր պետական մարմիններին համապատասխան հանձնարարականներ կտրվեն:
Միշել Սուլեյմանը ևս համոզված է, որ իր պաշտոնական այցը Հայաստան լրացուցիչ խթան կլինի բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի շարժ տալու և ամրապնդելու գործում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել