HY RU EN

Արաքս Մամուլյան

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը վիճարկում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները (լրացված)

Սահմանդրական դատարանում այսօր առավոտյան` ժամը 10:00-ից, մեկնարկել է Կոնգրես- ՀԺԿ դաշինքի դիմումը՝ 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դատարանում ներկայացնում են Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Լևոն Զուրաբյանը, փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Տիգրան Եգորյանը:

Նիստի մեկնարկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նախազգուշացրեց. այս դահլիճում քաղաքական հայտարություններ չեն լինում: Դիմումատու Զուրաբյանն, այնուամենայիվ քաղաքական հայտարարություններից զերծ չմնաց:

«Այս պահին ես ունեմ դեժավյուի զգացում. 2012 թվականին ներկայացնում էի «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, երբ քննվում էր Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը, և 5 տարի անց այս նույն դահլիճում ես դարձյալ նույնաբովանդակ դիմում են ներկայացնում:

Լ.Զուրաբյան

Ցավոք սրտի, ամբողջ Հանրապետությունն ունի այդ դեժավյուի զգացումը: Ամեն անգամ ընտրությունները կեղծվում են, ամեն անգամ ընդդիմությունը դիմում է դատարան, և ամեն անգամ Սահմանադրական դատարանը որոշում է, որ արձանագրված խախտումները չեն ազդել ընտրությունների վրա կամ էլ մտացածին պատրվակներով ընդհանարապես չեն  քննվում ներկայացված փաստերը: Արդյունքում ժողովուրդը կորցնում է հավատն ընտրությունների  նկատմամբ»,- իր ելույթն այսպես սկսեց Լևոն Զուրաբյանը, սակայն ՍԴ նախագահն ընդհատեց նրան:

«Դուք դիմել եք դատարան կոնկրետ գործի քննության համար. սա պառլամենտի նիստը չէելույթների ժամը չէ, որ դուք քաղաքական հայտարարություններ անեք. խոսե՛ք ձեր դիմումի մասին և ներկայացնե՛ք այն հիմնավորումները, համաձայն որոնց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի կայացներ այլ որոշում, քան կայացրել է», -  դիմելով Զուրաբյանին`ասաց Գագիկ Հարությունյանը:

Զուրաբյանը, սակայն, պնդեց, թե իր ելույթը բացառապես դիմումի շրջանակներում է, քանի որ ընտրակեղծարարության խնդիրը համակարգային է, և դրա մասին հնարավոր չէ խոսելկենտրոնանալով բացառապես ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների ընթացքում տեղի ունեցած գործընթացների վրա: Ըստ Զուրաբյանի՝ այն, ինչ տեղի է ունեցել  ապրիլի 2-ին և դրան նախորդող ժամանակահատվածում, այլ կերպ անվանել, քան պետականորեն կազմակերպված զանգվածային ընտրակեղծարարություն և ժողովրդի ազատ կամքի արտահայտման մերժում, հնարավոր չէ:

«Իշխող Հանրապետական կուսակցությունն, օգտագործելով պետական լծակները, մարզպետարանները, պետական վերահսկողության տակ գտնվող հանրային դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցները, համատիրությունները, կուսակցության թեկնածուներին պատկանող կամ նրանց սերտաճած ընկերությունները, օգտագործելով բանակը, ոստիկանությունը, կրիմինալը, ստեղծել են ընտրողների վրա ապօրինաբար ներազդելու համակարգ: Վերոնշյալ հիմնարկները զբաղվել են ընտրողների ցուցակագրմամբ, որոնք տրամադրել են Հանրապետական կուսակցության շտաբին ու կուսակցության վարկանշային թեկնածուներին, ընտրողներին համատարած բաժանվել է ընտրակաշառք, որի չափն, ընդհանուր առմամբ եղել է 10000 դրամ, թեև որոշ տեղերում այդ չափն ավելի շատ է եղել: Այս ընտրությունների գլխավոր  յուրահատկությունը, սակայն, ընտրողների քվեարկության գաղտնիության խախտումն է»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Վերջինիս խոսքով՝ ընտրողների նկատմամբ ճնշումներըհամատարած ընտրակաշառքն ու քվեարկության գաղտնիության խախտումը եղել են ընտրակեղծարարությունների մեխանիզմի հիմնական գործոնները, և պետական իրավապահ մարմիններն այդ կեղծարարությունները պարտակելու մաս են կազմել:

Զուրաբյանը խոսեց ընտրություններից առաջ Sut.am կայքի կողմից հրապարակված ձայնագրությունների մասին:

Խոսքը, հիշեցնենք, Sut.am-ի կողմից հրապարակված 114 ձայնագրությունների մասին է, որոնցից պարզ է դառնում, որ այդքան թվով դպրոցի ու մանկապարտեզի տնօրեններ հանրապետական կուսակցության օգտին ցուցակներ են կազմել: Զուրաբյանի խոսքով՝ այդ ձայնագրություներն ապացույց են այն մասին, որ ցուցակագրումը կատարվել է իշխող կուսակցության գիտությամբ, ինչպես նաև ապացույց առ այն, որ Հանրապետականը իր վերահսկողության ներքո գտնվող պետական մարմինների միջոցով քաղաքացիների նկատմամբ ճնշումներ է գործադրել ու խոչընդոտել նրանց ազատ կամքի արտահայտմանը:

Զուրաբյանը հիշատակեց նաև «Սաս» ընկերության նախընտրական հավաքի մասին: Խոսքը, հիշեցնենք, մամուլում հրապարակված այն ձայանագրության մասին է, որից պարզ է դառնում, որ «Սաս» ընկերության աշխատակիցներին ստիպում են ՀՀԿ-ական  թեկնածու Արտակ Սարգսյանի համար ձայներ հավաքել: Զուրաբյանի խոսքով՝ ձայնագրությունը վառ օրինակ է, թե ինչպես է իշխող կուսակցությունը համատարած սպառնալիքների ու շանտաժի միջոցով իր օգտին ձայներ պարտադրել ընտրողներին:

Պատգամավորն ընդգծեց.  թեև ՍԴ-ն, ըստ էության, քննում է ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերաբերյալ կայացված որոշումները, իսկ ձայնագրությունը հրապարակվել է ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, Սահմանադրական դատարանը պարտավոր է քննության առնել այդ ձայնագրությունն ու դրանում առկա փաստերի հավանական ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա:

Զուրաբյանն անդրադրաձավ նաև ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների տեագրություներում իրենց կողմից արձանագրված խախտումներին՝ նշելով, որ ժամանակի սղության պատճառով իրենք դրանք ամբողջությամբ ուսումնասիրել ու խախտումներն արձանագրել չեն հասցրել, այլ միայն 120 տեսագրություն, ըստ որում՝ յուրաքանչյուրին հատկացնելով միայն 10 րոպե:

Այդուհանդերձ,  ըստ Զուրաբյանի, խախտումներին թիվը բավական մեծ է եղել,  և արձանագրվածներն իրենք ներկայացրել են դատարան:

Զուրաբյանը դատարանին միջնորդեց ստեղծել հանձնաժողով ու այդ հսկայածավալ տեսագրություններն ուսումնասիրելՎերջինս ուշադրություն հրավիրեց նաև այն հագամանքին, որ այն բոլոր ընտրաեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն եղելՀանրապետական կուսակցությունը շուրջ 9 % ավելի ձայներ է ստացել, քան այն տեղամասերում, որտեղ եղել են տեսախցիկներ:

Զուրաբյանն անդրադարձավ նաև հանգամանքին, որ տարիների ընթացքում Հայաստանում արտագաղթն ավելանում, է և դրան զուգահեռ, նվազելու փոխարեն, ընտրողների և ընտրություններին մասնակցողների թիվը նույնպես ավելանում է:

Փաստաբան Տիգրան Եգորյանը դիմումի իրավական հիմնավորումները ներկայացնելիս մեջբերեց դիտորդական կազմերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կողմից արձանագրված բազմաթիվ խախտումներ:

«Մարդկանց քվեարկություն կատարելու համար տեղափոխել են տեղամասեր, զանգվածային փոխադրումներից հետո ընտրողներին դիմավորել են կոնկրետ անձինք, և այդ խախտումներն արձանագրել են բազմաթիվ դիտորդներ»,- ասաց Եգորյանը:

Անդրադառնալով կաշառք տալու կամ կաշառք տալու խոստման դեպքերին՝ Եգորյանն ասաց, որ ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, դիտորդների և այլ աղբյուրների, ապրիլի 2-ի ընտրությունների համար կաշառքի խոստման կամ բաժանելու դեպքեր են գրանցվել 28 տարածքային հանձնաժողովների տարածքներում, որոնք ընդգրկում են 9 մարզ,12 քաղաք և 6 գյուղ:

«Մասնավորապես, ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար Արտաշատում բնակիչներին վառելափայտ են բաժանել, Իջևանում` հեռախոսների պատյաններ: Երևան քաղաքում «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են 10.000 դրամ ընտրակաշառք: Նույնքան գումար Գորիսում բաժանել են Վահե Հակոբյանի օգտին քվեարկություն կատարելու համար, բացի այդ` նրա անունից ուսուցիչներին ծաղկեփնջեր են բաժանել

Վահե Հակոբյանը Գորիսի համալսարանի ուսանողներին խոստացել է նաև ուսման վարձի 25 տոկոս զեղչԱրագածոտնի մարզի Կոշ համայնքում Ռուբեն Հայրապետյանը խոստացել է էժան գազաֆիկացում իրականացնել: Երևանի Արաբկիր համայնքում ոմն Սոնա շրջել է Բաղրամյան փողոցի շենքերում և խոստացել 20.000 դրամ՝ ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանին ընտրելու համար: Մարտունի քաղաքը և հարակից բնակավայրերն ընդգրկող ընտրատարածքների բնակիչներին «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սիմոն Հակոբյանի օգտին քվեարկելու համար քաղաքացիներին հագուստ է բաժանվել: Հրազդան քաղաքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական շտաբի աշխատողները 10.000 դրամ գումար են բաժանել»,- ընտրությունների ժամանակ ու դրան նախորդող ժոմանահահատվածի վերաբերյալ ընտրախախտումների՝ հայտնի դարձած դեպքերը ներկայացրեց Եգորյանն ու ընգծեց, որ այս դեպքերի մեծ մասի պարագայում իրավապահ համակարգն անգործության է մատնված ու պատշաճ քննություն չի իրականացնում:             

Երբ տևական ժամանակահատված Եգորյանը շարունակում էր թվել խախտումները, Գագիկ Հարությունյանը նրան ընդհատեց՝ նշելով, որ Ընտրություններին դիտարդություն է իրականացրել շուրջ 20000-ից ավելի դիտորդ,  և հնարավոր չէ վերջիններիս արձանագրած բոլոր խախտումները մեկ առ մեկ նշելու տարբերակով շարունակել  դիմումի քննությունն ու առաջարկեց արձանագրված փաստերն ամփոփ ներկայացնել:

Եգորյանը հետևեց ՍԴ նախահագի առաջարկին ու ամփոփ ներկայացրեց արձանագրված խախտումները:

Ըստ փաստաբանի՝ 120 տեղամասեր դիտարկելու արդյունքում իրենք հայտնաբերվել են 270 խախտման դեպքեր, որոնցից 240–ը վերաբերվել են քվերակության գաղտնիության խախտմանը, ըստ որում՝ ըստ Եգորյանի, եղել են նաև դեպքեր, երբ քվեարկության սենյակի սխալ կահավորման արդյունքում քվեախցիկները եղել են տեաախցիկների տեսադաշտում:

Տեսախցիկների կողմից տեսագրված նյութերի ուսումնասիրման արդյունքում Եգորյանը  դատարանին հայտնեց  տեսամասում ծեծկռտուքի մեկ դեպք, որի կապակցութամբ, ըստ փաստաբանի, ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել:

Եգորյան խոսքով՝ ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքում արձանգրվել է տեխնիկական սարքավորումների խափանման 113 դեպք:

Դիմումի քննությունը շարունակվում է:

«Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն  ինձ նկատողություն անի». ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ նիստը մեկնարկեց ու ավարտվեց միջադեպով

Սահմանադրական դատարանում այսօր մինչև ժամը 18:30-ը շարունակվեց Կոնգրես- ՀԺԿ դաշինքի`ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը:

Դաշինքը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանն ավարտեց դիմումի իրավական հիմնավորումները ներկայացնել, որից հետո ԿԸՀ ներկայացուցիչներ Տիգրան Մուկուչյան  ու քարտուղար Արմեն Սմբատյանը հարցեր ուղղեցին դիմող կողմին:

Հարցուպատասխանը մեկնարկեց ու ավարտվեց ԿԸՀ ներկայացուցիչների ու  դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի միջև միջադեպով:

Մասնավորապես` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հարց ուղղեց դիմումում առկա այն հանգամանքի վերաբերյալ, որ ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների ինտերնետ հեռարձակումը տևական ժամանակահատված անջատված է եղել:

«Անջատվել է ժամը յոթից մինչև մեկը»,- ասաց Զուրաբյանն ու պատրատվում էր շարունակել խոսքը, երբ Մուկուչյանը միջամտեց ու հայտարարեց, որ ընտրությունների մասնակից ուժերի կենտրոնական գրասենյակներն ունեցել են այդ տեսագրությունները դիտելու համար:

Զուրաբյանը բարձրացրեց մատն ու Մուկուչյանին հորդորեց չմիջամտել:

«Առանց մատի, առանց մատի»,- պատասխանեց Տիգրան Մուկուչյանը:

«Խնդրում եմ, ինձ նկատողություն չանել, թե ես ինչպես պետք է խոսեմ ու ներկայացնեմ իմ ասելիքը: Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն  ինձ նկատողություն անի»,- հակադարձեց Լևոն Զուրաբյանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նախազգուշացրեց, որ ինքը Զուրաբյանին կարող է ձայնից զրկել ու հորդորեց դատարանում կարգուկանոն պահպանել:

Առհասարակ. այսօրվա հարցուպատասխանը, կարծես թե,  ավելի շատ միմյանց նկատողություններ անելու, քան հարցեր հնչեցնելու ու  պատասխաններ տալու նպատակ էին հետապնդում: Տիգրան Մուկուչյանը հաճախ էր  հնչեցնում հարցեր, որոնց պատասխանները հնարավոր էր ստանալ նաև առանց դիմող կողմի, դիմող կողմն էլ հորդորում էր բովանդակային հարցեր տալ, որոնք ոչ թե սոսկ հենց իրեն՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հայտնի տեղեկություներ են պարունակում, այլ կարող են ճշտել դիմող կողմի դիրքորոշումը: Եգորյանը, ի պատասխան Մուկուչյանի շատ հարցերի, նշում էր, որ հարցի վերաբերյալ փաստական հանգամանքները շարադրված են դիմումում:

Տիգրան Մուկուչյանը հարցեր էր ուղղում նաև նրա վերաբերյալ, թե ինչու դաշինքի վստահված անձինք ընտրատեղամասերի գրանցամատյաններում չեն արձանագրել այն բազմաթիվ խախտումները, որոնք դաշինքը ներկայացրել է դիմումում:

Եգորյանն ի պատասխան այս հարցերի նշեց, որ իր վստահորդի՝ այսինքն՝ «Կոնգրես ՀԺԿ» դաշինքի կողմից իրեն հանձնարարվել է առանց խտրականության վեր հանել ընտրությունների ընթացքում ու դրան նախորդող ժամանակահատվածում դիտորդների ու այլ ռեսուրսների միջոցով  արձանագրված բոլոր խախտումներն ու դրանք ներկայացնել դատարան՝ առանց որևէ խտրականության, ու ինքը դա արել է: Եգորյանը վստահեցրեց, որ իրենք ցանկանում են,  որ ընտրությունների ժամանակ խախտումներ թույլ տված բոլոր անձինք, այդ թվում՝ իր վստահորդ դաշինքի անդամ վստահված անձինք պատասխանատվության ենթարվեն:

«Պարոն Մուկուչյանը հարցերի անվան տակ ներկայացնում է իր բացատրության կամ ելույթի հատվածներ»,-Եգորյանի խոսքին հավելեց Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ Մուկուչյանի նման գործելաոճն աթույլատրելի է:

Դիմումում դաշինքը կասկածի տակ է դրել նաև  ընտրություններին քաղաքացիների մասնակցության թվի վերաբերյալ ԿԸՀ-ի կողմից ներկայացված տվյալները: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հետաքրքրվեց, թե արդյոք Դաշինքը ունի՞ գեթ մեկ քաղվածք, արձանագրություն, որում արտացոլված թվերը չեն համապատասխանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված թվերին: Զուրաբյանը հիշեցրեց, որ 2015-ի սահմանդրական հանրաքվեի ժամանաք իրենց Կոնգրեսը այդպիսի 5 օրինակ էր բերել, որոնք սակայն  անհետևանք մնացին:

«Մենք շատ լավ գիտենք, թե այս անգամ ոնց եք կեղծել. այս անգամ նման նման բան չեք արել»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

«Դուք քաղաքական գործիչ եք և քաղաքական հայտարարություներ եք անում, և դա ինձ թույլ չի տալիս»,- փորձում էր Զուրաբյանին պատասխանել Սմբատյանը, երբ Զուրաբյանը նրան ընդհատեց ու հորդորեց իրեն չսովորեցնել`ինչպես խոսել:Վիճաբանությանը դարձյալ միջամտեց Գագիկ Հարությունյանը`այս անգամ նիստն ավարտելով: ՍԴ նիստը կշարունակվի վաղը:

Նշենք, որ այսօր դիմող կողմը դատարանին խախտումների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ ներկայացրեց, որոնք նիստից հետո պետք է տրամադրվեին նաև պատասխանող կողմին՝ ծանոթանալու համար: