HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Անդրեասյանը խոսել է 2011 թվականի իր ամենամեծ հիասթափության մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ելույթը դեկտեմբերի 10-ին մարզահամերգային համալիրում անցկացված «Մարդու իրավունքների EXPO 2011»-ում

Հարգելի հյուրեր,
Այսօր, նշելով մարդու իրավունքների միջազգային օրը, մենք կազմակերպել ենք Մարդու իրավունքների EXPO, որը տարբերվում է այլ EXPO-ներից հատկապես նրանով, որ այստեղ մենք ցուցադրում ենք ոչ թե հաջողություններն ու ձեռքբերումները, այլ ներկայացնում ենք մեր հասարակության դժվարությունները, ձախողումները, ցավերն ու սուր խնդիրները:

Այս պահին ես չեմ խոսի մուրացիկ երեխաների, ծայրահեղ աղքատության մեջ հայտնված մարդկանց, ծեծված կանանց, անմարդկային վերաբերմունքի ենթարկվող կալանավորի կամ զինծառայողի, խտրական վերաբերմունքի արժանացած փոքրամասնության ներկայացուցչի, անտուն ու անապահով փախստականի, տնային բանտարկության մատնված հաշմանդամություն ունեցողի մասին: Այս ամենի մասին առավել գունեղ և տպավորիչ կպատմեն մեր տաղավարներում ներկայացված պաստառները, տեսանյութերն ու հրատարակությունները:

2011 թվականը ամփոփելով՝ ցանկանում ենք ներկայացնել որոշ բացասական և դրական զարգացումներ մարդու իրավունքների պաշտպանի փորձառությունից:

Շատերին է հայտնի երեք դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու իմ հրապարակային նախաձեռնությունը: Երեկ արդարադատության նախարարն իր համերաշխությունը հայտնեց դատական իշխանության համապատասխան մարմնի հետ, և ես ստացա վերջնական մերժում բոլոր երեք գործով: Սա 2011 թվականի իմ ամենամեծ հիասթափությունն է:

Հայաստանի անկախությունից ի վեր ու նաև այս տարվա մարդու իրավունքների պաշտպանության ամենասուր և ամենահամակարգային խնդիրը արդար դատաքննության պակասն է: Ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը որևէ ժողովրդավարական երկրում առաջին հերթին դատական իշխանության խնդիրն է:

Սպառելով այս ոլորտում օրենքով սահմանված իմ բոլոր լիազորությունները և դրանցից բխող ներկայիս հնարավորությունները՝ խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին առաջիկա ընտրությունների շրջանում ծավալվող հանրային քննարկումներում ոչ միայն ներկայացնել դատական իշխանության ներկայիս վիճակը (այդ մասին բոլորը գիտեն և բոլորն են խոսում), այլ ընտրողներիս մատուցել արդար դատարան ունենալու գործուն և իրատեսական ծրագրեր:

Շարունակելով տարվա ամփոփումները՝ հայտնեմ, որ մեզ ուղղված հիմնավոր բողոքներն ամենից շատը վերաբերել են անձանց ընտանեկան նպաստի իրավունքից զրկելուն և կենսաթոշակները սխալ հաշվարկելուն:

Մեզ ուղղված բողոքներով ամենից շատ դրական լուծումները ստացվել են պաշտպանության նախարարությունից: Մեր օրենսդրական առաջարկություններն ամենից շատն ընդունել են առողջապահության նախարարությունը և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը:

Մեր արած հրապարակային քննադատության համար ամենաանհարիր և անընդունելի արձագանքը ստացել ենք կրթության և գիտության նախարարությունից: Այնուամենայնիվ դրական ենք գնահատում, որ նախարարությունը նույնիսկ նման արձագանքից հետո ձեռնամուխ եղավ դասագրքերի գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորումը կանոնակարգելուն:

Պետական մարմիններից ստացված ամենամեծ աջակցությունը 2012 թվականի բյուջեի քննարկման ընթացքում Ազգային ժողովի կողմից մեր 10 միլիոն դրամի ավելացումով ֆինանսական հայտի պաշտպանությունն էր: Այդ առումով հատուկ շնորհակալություն եմ հայտնում մշտական հանձնաժողովների նախագահներ պարոնայք Արամ Սաֆարյանին և Գագիկ Մինասյանին:

Մեր ֆինանսական անկախությանը նպաստելու և մեր արտաբյուջետային ծախսերը Կառավարության ուղղակի հաստատումից անկախ դարձնելու համար շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության վարչապետին և ֆինանսների նախարարին:

Պաշտպանի 116 թեժ գծի անվճար համարի տրամադրման և գործարկման համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և «ԱրմենՏել» ընկերությանը:

2011թ. հունիսին կայացած «Քաղաքացիական հասարակություն» ֆորումի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի և ավելի քան 85 հասարակական կազմակերպության միջև համագործակցության հուշագրեր ստորագրվեցին: Շնորհակալ եմ այդ բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք այս ողջ ընթացքում և նաև այսօր մեզ հետ են ու մեր կողքին:

Այս տարվա ընթացքում գրասենյակին ցուցաբերած մասնագիտական և նյութական աջակցության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Եվրոպական միության պատվիրակությանը Հայաստանում և Եվրոպական միության խորհրդատվական խմբին, Միացյալ ազգերի կազմակերպությանը Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակին, «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչությանը, Ֆրիդրիխ-Էբերտ-հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին, «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին:

Վերջում, բայց ոչ վերջինը շնորհակալ եմ իմ աշխատակազմի մարդասեր և աշխատասեր այն քառասունվեց մարդկանց, ովքեր օգնում են հազարավոր մեր դիմումատուներին և այսօր էլ կազմակերպել են մեր այս միջոցառումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter