Թե ինչպես գունավոր մատիտներն ու շվեյցարական ժամացույցները վերածվեցին քանդակների և ռետրո մեքենաների
Ամալյա Մարգարյան
«Բարեկամներից մեկը մի օր անսարք հարիչ բերեց և ասաց՝ վերցրե՛ք. մի բանի պետք կգա», - ժպիտով հիշում են «էնկիարտ» ստեղծագործական խմբի անդամներ Սերժ Հովհաննիսյանը, Արամ Օհանյանը և Արմեն Լակլակյանը:

Սերժ Հովհաննիսյանը հետո ավելացնում է, որ ձեռագործ աշխատանքներում օգտագործում են չաշխատող ժամացույցների, կրակվառիչների դետալներ, հարմարանքներ, որոնց մի մասը բարեկամներն ու ընկերներն են նվիրում:

Արամը, Արմենը և Սերժն իրենց առաջին աշխատանքները պատրաստել ու նվիրել են հարազատներին: Ապրանքանիշ ստեղծելու գաղափարն ի հայտ է եկել ձեռագործ աշխատանքներն ավելի լայն շրջանակում ցուցադրելու ցանկության շնորհիվ:

Ապրանքանիշի անունն ընտրել են «Էնկիարտ»՝ այն կապելով շումերահայկական Երկրի աստծո անվան հետ (Էնկի-Հայա): «Մեր լոգոն հնչում է որպես երկրի արվեստ, հնարավոր է' խորհրդավոր է հնչում, բայց հետաքրքիր է»,- պարզաբանում է Արմեն Լակլակյանը:

«էնկիարտի» համահիմնադիր Արամ Օհանյանը նկարիչ է, 10 տարի առաջ սկսել է տիկնիկագործությամբ զբաղվել, որից հետո էլ մանկության ընկերոջ՝ Սերժի առաջարկը ընդունելով, համաձայնվել է բրենդ ստեղծել: Հետագայում Արամի և Սերժի հետ սկսել է համագործակցել Արմենը:

«Էնկիարտ» խմբի անդամները քանդակագործությամբ են զբաղվում, հուշանվերներ պատրաստում. քանդակում են մատիտների ծայրերին, ժամացույցներից արձանիկներ պատրաստում, վերափոխում դետալներ, ստեղծում ապարանջաններ, կախազարդեր, զարդատուփեր:

Օգտագործում են փայտ, խեժ, գունավոր մետաղներ, քարեր, կենդանիների կաշի, մորթի, ատամներ: Փորձում են նաև վերամշակում անել և թափոններ օգտագործել:

Զրույցի ընթացքում Արմենը տոպրակից հանում է գունավոր մատիտները, սրածայր դանակը և սկսում սրել մատիտը: Պատմում է, որ մանրաքանդակների համար հաճախ օգտագործում է իր երեխաների գունավոր մատիտները:

«Շատ գույներ ունեցող մատիտների տուփ գնեցի երեխաներիս համար, մի քանիսը վերցրի,- ժպիտով ասում է Արմենը, հետո ավելացնում,- հիմա դեռ պարզ բաներ եմ պատրաստում, ավելի լուրջ քանդակներ սարքելու համար ժամանակս չի հերիքում: Առաջին աշխատանքս մեր լոգոյի պատկերումն էր»:

Մասնագիտությամբ էներգետիկ-էկոլոգ Արմենի մատիտե քանդակների վրա կարելի է տեսնել նուռ, եղևնի, դուդուկ, այբուբենի տառեր: Արմենն ասում է, որ մանկուց է փայտի մշակմանը ծանոթ. հայրը հյուսն է եղել և փայտի մշակման նրբություններին ծանոթացրել է:

«Էնկիարտի» համահիմնադիր Սերժ Հովհաննիսյանն ասում է, որ կարևորում են ստանդարտներից դուրս աշխատանքներ ներկայացնելը: Սերժի խոսքից հետո Արմենը ցույց է տալիս աքաղաղի ոտքի ոսկորներից և սովետական մանրադրամից պատրաստված «Սովետի ոսկորներ» կոչվող մատանին, շնաձկան ժանիքից պատրաստված կախազարդը, օձի կաշվից պատրաստած ապարանջանները: Արամի' ժամացույցների մետաղական դետալներից պատրաստած ռետրո մեքենաներն ու մանրաքանդակներն էլ խմբի ինքնատիպության մի մասն են կազմում:
Արամը պատմում է, որ ընկերներից ստացած շվեյցարական ժամացույցների հավաքածուն վերածել է ռետրո մեքենաների, հեծանիվների հավաքածուի, սկզբում՝ իր համար, հետո փորձել է ցուցադրել և վաճառել:
«Եթե պատկերացնենք, որ այդ դետալներից Արամը ժամանակակից մեքենա պատրաստի, մետաղաթիթեղներ պիտի օգտագործի, սակայն նույն էֆեկտը չի լինի»,- ավելացնում է Սերժը:

«Էնկիարտի» անդամների պատրաստած աշխատանքները չեն կրկնվում: Արամը կարևորում է աշխատանքները մանր դետալներով պատրաստելը և ասում է, որ թղթի վրա նախօրոք ոչինչ չի մոդելավորում:

«Ստանում եմ այն, ինչի գաղափարը ձևավորվել է գլխիս մեջ, կարևորը գաղափարն է, եթե կա միտք, այն իրագործվում է»:

Տղաները նշում են, որ իրենց համար «Էնկիարտը» միայն հոբբի չէ: «Երբ ուզում ես անընդհատ նոր բաներ անել, աշխատել ու կատարելագործվել, ուրեմն կատարածդ միայն հոբբի չէ»,- նշում է Արամը:
Ստեղծագործական խմբի աշխատանքները ներկայացվում են ֆեյսբուքյան էջում, ցուցադրվում են «Վերնիսաժ» և «Մետրոնոմ» խանութներում:
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել