HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Օպերատիվ հետախուզական միջոցների չենք տիրապետում. այդ հարցում թերացել ենք»,- ՍԴ-ում փաստաբան Տ. Եգորյանը հեգնեց դատախազ Կ. Բիշարյանին

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա  2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամփոփման մասին ԿԸՀ-ի որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործի քննությունը:

Այսօրվա նիստին դիմումատու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչներին հարցեր ուղղեց  հարակից պատասխանող ճանաչված ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ, դատախազ Կարեն Բիշարյանը:

Վերջինս դատարանին հայտնեց, որ դիմող Լևոն Զուրաբյանը հեռախոսազանգի միջոցով գլխավոր դատախազին հայտնել է, թե ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ փաստեր են հավաքել և խոստացել դրանք պատշաճ կերպով ներկայացնել Դատախազություն, ինչն առ այսօր չի արել:

Բիշարյանը հետաքրքվեց, թե ո՞րն է դրա պատճառը: Ի պատասխան՝ Զուրաբյանը հայտարարեց, թե պատճառն իրավապահ համակարգի նկատմամբ անվստահությունն է:

«Դատախազությունը հանցավոր անգործություն է ցուցաբերել: Մենք Սահմանադրական բարեփոխումների հանրահավաքի ժամանակ ամեն օր հաղորդում էինք ներկայացնում, սակայն տեսանք, որ իրավապահները պարտակեցին այդ հաղորդումները: Մարդիկ, ովքեր դատապարտվեցին ընտրակեղծիքների համար, անգամ մի օր բանտում չանցկացրեցին` պայմանականով ազատ արձակվեցին, այսինքն՝ ոչ մի ընտրակեղծարար չպատժվեց: Մենք տեսնում ենք, որ Դատախազությունը կատարում է ՀՀԿ-ի հրահանգները»,- պարզաբանեց Լևոն Զուրաբյանը:

Բիշարյանը հորդորեց իրավապահ մարմիններին չմեղադրել հանցավոր անգործության մեջ՝ ևս մեկ անգամ հարկ համարելով ընդգծել, որ դիմող կողմը հանցագործության մասին հաղորդումներ չի ներկայացրել նրանց:

«Ես հաճույքով կպատասխանեմ հարցին,  թե ինչո՞ւմ է դրսևորվել Դատախազության անգործությունը. դատախազության գործառույթներն անպայման գործի չեն դրվում միայն մեր դիմումների հիման վրա: Դատախազությունն, ընդհանուր առմամբ,  օրինականության վերահսկողության ֆունկցիա ունի, իսկ մամուլում գոյություն ունեն ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ: Եթե դուք դրանց պատշաճ ուշադրություն չեք դարձնում, հենց այդտեղ է, որ երևում է ձեր հանցավոր անգործությունը»,-ասաց Լևոն Զուրաբյանը`շարունակելով, որ դատախազությունը պիտի վերահսկեր, որ, օրինակ, Sut.am կայքում հրապարակված ձայնագրությունների հիման վրա քրեական գործեր հարուցվեին, տնօրեններին հարցաքննեին որպես կասկածյալ:

Փոխարենը, ըստ Զուրաբյանի, գլխավոր դատախազը դպրոցներից մեկի տնօրենի ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, թե գնացել ու հարցաքննել են ծնողներին, ու վերջիններս ասել են, թե իրենց չեն սպառնացել:

Դատախազ Կարեն Բիշարյանը դիմողից հետաքրքրվեց նաև, որ երբ դիմում են ներկայացրել,  ճշգրտե՞լ են՝ արդյոք հավաստի են իրենց տրամադրության տակ հայտնված տեղեկությունները:

Դիմողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը հեգնեց. «Մեզ ներկայացված հաղորդումների կապակցութամբ մենք կատարել ենք զուտ տեխնիկական ճշտումներ. ճշտել ենք` արդյոք առկա՞ է տեղեկության փոխանցման փաստ: Մենք, ցավոք սրտի, չենք տիրապետում օպերատիվ հետախուզական միջոցների, որոնք վերապահված են միայն պետական մարմիններին. այդ հարցով թերացել ենք»:

Հարցերն ավարտվեցին. ըստ նիստի ընթացակարգի՝ դիմումի վերաբերյալ բացատրություն ներկայացնելու հերթը Կենտրոնական  ընտրական հանձնաժողովինն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter