HY RU EN

Վահե Սարուխանյան

«Տարոն-Ավիան» սկսեց թռիչքները դեպի ռուսական քաղաքներ

Երեկ Գյումրիում բազավորվող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը կատարել է Հայաստանից իր առաջին կանոնավոր մարդատար չվերթը (չվերթի համարը՝ H7 731) դեպի Կրասնոդար եւ նույն ուղղությամբ վերադարձել Գյումրի (չվերթի համարը՝ H7 732):

Մհեր Մկրտչյանի անունը կրող EK-73797 համարով օդանավն այսօր առավոտյան տվել է նաեւ երկրորդ ուղղությամբ մեկնարկը՝ Գյումրուց թռչելով Դոնի Ռոստով (H7 727): Ինքնաթիռն արդեն հասցրել է վերադառնալ Ռոստովից (H7 728):

Ինչպես հայտնի է, «Տարոն-Ավիան» երեքշաբթի ու հինգշաբթի օրերին թռչելու է Կրասնոդար, իսկ չորեքշաբթի օրերին՝ Դոնի Ռոստով եւ Սամարա: Ընդ որում՝ հունիսի 3-ից ընկերությունը Ռոստով է թռչելու ամեն չորեքշաբթի ու շաբաթ:      

«Տարոն-Ավիայի» հիմնադիր ու գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանը «Շիրակ» հեռուստաընկերությանը հայտնել է, որ հունիսից թռչելու են նաեւ դեպի Մոսկվա ու Սոչի, ինչի համար Գյումրի կբերեն իրենց երկրորդ օդանավը: Հիշեցնենք, որ ավիաընկերության մյուս երկու ինքնաթիռներն (EK-73775 եւ EK-73772) այս ընթացքում շարունակում են շահագործվել Սուդանում:

Այսօր՝ Ռոստովից վերադառնալուց շատ չանցած, «Մհեր Մկրտչյանը» թռել է նաեւ Սամարա (H7 771), որի օդանավակայանում վայրէջք կկատարի նախատեսվածից մի փոքր ուշ՝ Հայաստանի ժամանակով 16:40-ի սահմաններում:

Լուսանկարում՝ թռիչքներին օնլայն հետեւող flightradar24.com-ի տվյալներով՝ այս պահին «Մհեր Մկրտչյանը» Հյուսիսային Կովկասի երկնքում է